
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում «Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում նա, մասնավորապես, նշել է. «Մեկ էլ էն տեսնեմ` կալուգացի օլիգարխն ասում է՝ Հայաստանն իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր՝ ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը՝ դա՞ էր մեր շանտաժը, թե՞ այն, երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում, չեն ընդունում, դա՞ էր մեր շանտաժը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հարցնում է՝ 2018-ի հեղափոխությունից առա՞ջ ով էր շանտաժ անում։
«Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք։ Եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվականի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված, որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին, ո՞վ էր շանտաժ անում, էդ ժամանակ մենք չկայինք։ Եվ դրան նախորդող իրադարձություննե՞րն ինչպես տեղի ունեցան։
Վերադառնալով 2022 թվականին․ մենք շանտաժ էինք անում, դրա համար ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարե՞ց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, 90-ականների սկզբին, երբ որ Արծվաշենն ընկնում էր, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն է տվել, բա էդ ժամանա՞կ ով էր շանտաժ անում։
Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխն ում կողմից է ընդհանրապես։ Այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2022 թվականին, երբ կալուգացի օլգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Այդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները։ Բա սրա պատասխանն ինչո՞ւ չի հնչել մինչև այսօր»։