«Մի նոր փոդքաստ»-ը այս անգամ եւս շատ հետաքրքիր ստացվեց


Հայաստան


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հետ փոդքաստի երկրորդ մասը: Առաջինում չտեղավորվեցինք: «Մի նոր փոդքաստ»-ը այս անգամ եւս շատ հետաքրքիր ստացվեց:



Առաջին անգամ համաշխարհային քաղաքական պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պախկված թեկնածուով. Ռուբինյան

Կա պատերազմի եռագլուխ կուսակցություն՝ Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվող քաղաքական ուժերին:

«Ի՞նչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը, և վարչապետի թեկնածուն է Քոչարյանը: Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուն Ծառուկյանը չէ, և բացառիկ նոու-հաու համաշխարհային քաղաքականության մեջ. իրենց վարչապետի թեկնածուն գաղտնի է: Այսինքն՝ Ծառուկյանն ասում է՝ իմ վարչապետի թեկնածուն գաղտնի է: Օրենքն էլի չի արգելում: Բայց ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքական պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պախկված թեկնածուով, այսինքն՝ ժողովո՛ւրդ ջան, երբ ընտրում ենք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես՝ կարող է վարչապետի թեկնածու լինել:

Բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով մտել է ԱԺ՝ Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համարը: Ասեմ ավելին՝ տիկին Էլինար Վարդանյանը, որ հենց հիմա Քոչարյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում է, Արեգնազ Մանուկյանը, և այսպես շարունակ:

Հետո գալիս է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը: Ցուցակում երկրորդ համարը մարդ է, որը Քոչարյանի փաստաբանն է, և որը 2021-ին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը:

Հիմա ի՞նչ է ստացվում. պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրենք իրենց մեջ քանի՞ վարչապետի թեկնածու ունեն: Մեկ՝ որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի թեկնածու, որովհետև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է, Ծառուկյանը թեկնածու չէ, քանի որ ասում է՝ չեմ ասի՝ ով է իմ թեկնածուն, այսինքն՝ այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա վարչապետի 1 թեկնածու՝ Քոչարյանը:

Այդ ցուցակները, որ տեսել եմ, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խառնել, բաժանել, ցուցակ են կազմել, այսինքն՝ մարդկանց անուններն ուղղակի գրել են, խառնել են, ամեն մեկը քաշել է, ցուցակ են կազմել»,- ասաց նա:

Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումը


Քաղաքականություն


Չնայած Միացյալ Նահանգների կողմից սահմանված խիստ շրջափակմանը, չինական Rich Starry տանկերը այսօր հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։ Սա առաջին դեպքն է շրջափակման մեկնարկից ի վեր, երբ պատժամիջոցների տակ գտնվող նավին հաջողվում է ճեղքել արգելքը և դուրս գալ Պարսից ծոցի ջրերից, ինչը հաստատում են LSEG, MarineTraffic և Kpler ընկերությունների նավագնացության տվյալները։

Չինական անձնակազմով համալրված Rich Starry-ն և դրա սեփականատեր Shanghai Xuanrun Shipping ընկերությունը նախկինում հայտնվել էին ԱՄՆ սև ցուցակում՝ Իրանի հետ համագործակցության պատճառով։ Ըստ տվյալների՝ տանկերը տեղափոխում է շուրջ 250,000 բարել մեթանոլ, որը բեռնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Համրիա նավահանգստում։

Միջադեպն առանձնակի նշանակություն է ստանում նրանով, որ նույն օրը ևս մեկ պատժամիջոցված նավ՝ Murlikishan-ը, մտել է նեղուցի տարածք։ Վերջինս նախկինում ներգրավված է եղել ռուսական և իրանական նավթի տեղափոխման մեջ և այժմ ուղղվում է դեպի Իրաք՝ վառելիք բեռնելու նպատակով։ 



Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր։ Վարչապետը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե ՀՀ քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում:

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային: Նա ՀՀ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովվում նրանց գործունեությունը: «Այդ ամենը ՀՀ պետական բյուջեի որևէ մի տող է: Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ: Այդ ամենը ՀՀ բյուջեի մի որևէ տողում պետք է արտահայտվի: Տողը՝ տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ: 

Եթե տողը լինի, թիվը լինի, ի դեպ, բյուջեում մենք նման տողեր ունենում ենք, որի դիմացը զրո է, այսինքն՝ սպասող տող, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որոնք, ըստ էության, այն ծրագրերն են, որի դիմաց 0 (զրո) է գրված: Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ: Երբ մենք, օրինակ, ամեն օր գնում և հաց կամ ջուր ենք գնում, գնման դիմաց խնդրում և ստանում ենք ՀԴՄ կտրոն: Այսինքն՝ մեր գործունեությունից, մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ-կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100 հազար և այլն, և ստեղծվում է դպրոց»,- հայտնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարույր Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները կառուցվում են մայրուղու երկայնքով: 

Վարչապետն ընդգծեց՝ իր համոզմունքը գնալով ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում, այլ իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության և համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում: «Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր երեխայի համար առանձին դպրոց կառուցել, դեպի իր տուն եկող ճանապարհ կառուցել: Պետական բյուջեն նաև այն է, որ մենք մասհանում ենք անում ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեմն քաղաքական նպատադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը:

Վարչապետը կարևորեց, որ դպրոցներում երեխաներն առաջին հերթին սովորեն՝ ինչ է պետությունը և պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանն է:


Թրամփը Քրիստոսի կերպարով իր նկարը հեռացրել է սոցցանցից


Ոճ և դեմքեր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեղադրել է արհեստական բանականությամբ գեներացված նկար, որը քննադատել են ոչ միայն իր ընդդիմախոսները, այլեւ որոշ աջակիցներ։ Քննադատությունների ֆոնին նա հեռացրել է նկարը` նշելով, որ այնտեղ ինքը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Կարմիր խաչի բժշկի կերպարով։

«Ես իսկապես հրապարակել էի այն, եւ կարծում էի, որ դա ես եմ՝ բժշկի կերպարում, եւ դա կապված է Կարմիր խաչի հետ։ Կարծես ես այնտեղ Կարմիր խաչի աշխատող եմ, որին մենք աջակցում ենք։

Եվ միայն կեղծ լուրերը կարող էին նման բան մտածել (Քրիստոսի կերպարը)։ Ես պարզապես վերջերս եմ այդ մասին լսել։ Եվ ես ասացի՝ «ինչպե՞ս նրանք այդպիսի բան մտածեցին»։ Ըստ գաղափարի, դա պետք է լինեի ես՝ բժշկի կերպարում, որը բուժում է մարդկանց։ Եվ ես իսկապես անում եմ այնպես, որ մարդկանց վիճակը լավանա։ Ես մարդկանց շատ ավելի լավ եմ դարձնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։




ԱՄՆ-ը, հնարավոր է, դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի որ հասել է նպատակներին․ Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ-ը հասել է Իրանի վրա հարձակումների իր նպատակներին,  ուստի գործողությունները կարող է ավարտել` հայտարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Կարծում եմ՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ հասել ենք մեր նպատակներին։ Կարող ենք սկսել դադարեցնել գործողությունը։ Ես կնախընտրեի, որ մենք այն ավարտենք լայնածավալ և հաջող բանակցությունների միջոցով»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

 

Վենսի խոսքով՝ երկխոսության վերսկսման հարցում գնդակը Թեհրանի դաշտում է։ Ըստ նրա` բանակցությունների բնույթը կարող է արմատապես փոխվել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։

 

Փոխնախագահը հավելել է, որ հարստացված ուրանի հարցը մնում է խոչընդոտ հակամարտության կարգավորման գործում։ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ այդ նյութերը պետք է ամբողջությամբ  դուրս բերվեն Իրանից։

 

Շաբաթ Պակիստանում տեղի ունեցած իրանա-ամերիկյան բանակցություններից հետո Թեհրանը հայտնել էր, որ պատվիրակությունները տարաձայնություններ ունեն մի քանի հիմնական հարցի շուրջ:

 

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը: Նախկինում հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության` տասը կետից բաղկացած ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար:

 

Բանակցություններից կարճ ժամանակ անց ԱՄՆ զինված ուժերը  շրջափակել էին Հորմուզի նեղուցը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այդ երթուղուց օգտվելու փորձ կատարող բոլոր նավերը կկանգնեցվեն: Զինված ուժերին նաև հանձնարարվել էր հետևել և կասեցնել Իրանին անցման համար վճարող լցանավերի շարժը։



Մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը»


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:

Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

Հրավիրված արվեստագետները Երևանի ուսհաստատությունների դասատուների համար նաև կիրականացնեն վարպետության դասեր: Նախատեսվում է, որ 2026-2027 ուստարվա ընթացքում համայնքապատկան դպրոցներում կդասավանդվի «Գեղարվեստական տպագրություն» առարկան:

Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:



ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ


Քաղաքականություն


Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցից: Սիմոնյանը պարզաբանեց՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ:

«Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց և ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, ու հիմնական խոսակցությունը եղել է անձնական: Հեռախոսազանգը եղել է ծննդյան կապակցությամբ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նաև տեղեկացրեց՝ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ և ենթադրում է՝ Մատվիենկոն նույնպես այնտեղ է լինելու 

«Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը»,- հայտնեց նա:

Հարցին՝ ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում ԱԺ նախագահը, պարզաբանեց՝ IPU-ի (Inter-Parliamentary Union, Միջխորհրդարանական միության) 152-րդ համաժողովին:

«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու: Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա երկու գործընկերոջ հետ»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ում հետ է հանդիպելու, հայտնեց՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների՝ խորհրդարանների ղեկավարների հետ:



Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա


Այսօր երեկոյան Վաշինգտոնում մեկնարկում են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստական քննարկումները, որոնք անցկացվելու են Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ամերիկյան կողմը հանդիպման ժամը փոփոխել է, որպեսզի պետքարտուղար Մարկո Ռուբիոն անձամբ կարողանա մասնակցել գործընթացին։

Լիբանանյան կողմը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ որևէ հետագա քննարկում հնարավոր չէ առանց կրակի անհապաղ դադարեցման։ Ըստ իսրայելական զլմ-ների՝ Վաշինգտոնը Լիբանանին խոստացել է ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ հրադադարի պայմաններին համաձայնելու նպատակով։

Հանդիպումը, որին մասնակցելու են երկու երկրների դեսպանները, կենտրոնացած է լինելու բացառապես ռազմական գործողությունների դադարեցման մեխանիզմների վրա։ 



Միացե՛ք մեզ՝ հոգ տանելու մեր քաղաքի մասին. շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում


Հայաստան


Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը, «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ, կանցկացնի շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։ 

«Այս նախաձեռնությունը միայն մաքրապատում չէ։

Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումը՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։

Միջոցառման ընթացքում՝ 

* բնապահպանական մրցույթներ

* Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերի ներկայացում

* վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:

Միացեք մեզ ապրիլի 18-ին՝ 10:00-ին»,- հայտնում են քաղաքապետարանից: