«Իսրայելն ինձ չի համոզել պատերազմ սկսել Իրանի դեմ, դա իմ վաղեմի համոզմունքն էր»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու Վաշինգտոնի որոշման վրա։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իսրայելը երբեք ինձ չի համոզել պատերազմ սկսել Իրանի դեմ. դա արեցին հոկտեմբերի 7-ի [2023թ. ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա] հետևանքները, ինչպես նաև իմ վաղեմի համոզմունքը, որ ԻՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ», — նշել է նա։

Թրամփը նաև խստորեն քննադատել է լրատվամիջոցներին՝ հայտարարելով, որ հրապարակվող տեղեկատվության զգալի մասը, այդ թվում՝ տարբեր սոցհարցումները, արժանահավատ չեն։ Նա պնդում է, որ «նրանց ասածների 90%-ը սուտ է և հորինվածք», իսկ հարցումները, ըստ նրա, կեղծված են «ճիշտ այնպես, ինչպես կեղծվել էին 2020 թվականի նախագահական ընտրությունները»։

«Ինչպես Վենեսուելայի արդյունքների դեպքում, որոնց մասին ԶԼՄ-ները չեն սիրում խոսել, Իրանում արդյունքները կլինեն ապշեցուցիչ. և եթե Իրանի նոր առաջնորդները խելացի գտնվեն, երկիրը կարող է ունենալ փառահեղ և բարգավաճ ապագա», — հավելել է նա։

Էմիրաթներում ձերբակալվել են Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորման անդամներ

ԱՄԷ անվտանգության ուժերը վերացրել են Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորում և ձերբակալել դրա անդամներին՝ ազգային միասնությունը խաթարելուն ուղղված գործողություններին մասնակցելու կասկածանքով։ Ինչպես հաղորդում է  Gulf News-ը և էմիրաթական WAM գործակալությանը, խմբավորումը ծրագրում էր դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի տարածքում։

«Քննությունը ցույց է տվել, որ խումբը ծրագրում էր կազմակերպված ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնել պետության տարածքում։ Իշխանությունները հայտարարել են, որ ցանցը կապված է եղել իրանական «Վիլայաթ ալ-Ֆաքիհ» խմբավորման հետ», — նշում է պարբերականը։

Հաղորդվում է, որ խմբավորման անդամները գաղտնի հանդիպումներ են անցկացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ էմիրաթցի երիտասարդներին հավաքագրելով արգելված կազմակերպությունների շարքերը։ Բացի այդ, խմբավորումը միջոցներ է փոխանցել այդ կազմակերպություններին։

Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, սկսելով պայքարը որակավորման փուլից, հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուլուի նկատմամբ` 3:1 հաշվով:

Ապրիլի 21-ին Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ: 

Հայաստանի հավաքականից Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63կգ) կմրցեն բրոնզե մեդալի համար (55 կգ): Այս գոտեմարտերը ևս կկայանան ապրիլի 21-ին:

Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան։ Այս մասին «Բլումբերգ»-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենսը Պակիստան կմեկնի ապրիլի 21-ին՝ շարունակելու ուղիղ բանակցությունները։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։  

Օրբանը կգլխավորի Հունգարիայի ԱԳՆ-ն

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Անիտա Օրբանին: Այս մասին Մադյարը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ապագա կառավարության մի շարք առանցքային պաշտոնների վերաբերյալ որոշումներն արդեն կայացված են.

  • Ֆինանսների նախարար՝ Անդրաշ Կարման,

  • Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար՝ Իշտվան Կապիտանյա,

  • Առողջապահության նախարար՝ Ժոլտ Հեգեդուշ,

  • Պաշտպանության նախարար՝ Ռոմուլ Ռուսին-Սզենդի,

  • Շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու նախարար՝ Լասլո Գայդոս,

  • Գյուղատնտեսության և սննդի տնտեսության նախարար՝ Սաբոլչ Բոնա:

Ավելի վաղ Պետեր Մադյարը Facebook-յան իր տեսաուղերձում հայտնել էր, որ նոր կառավարությունը բաղկացած է լինելու 16 նախարարություններից:

ԱՄՆ-ը հատուկ սարքավորումներ է տեղափոխել Պակիստան՝ պատվիրակության այցից առաջ. Al-Jazeera

Առնվազն վեց ամերիկյան կառավարական ինքնաթիռներ, որոնք բեռնված են եղել պաշտպանված կապի սարքավորումներով, զրահապատ մեքենաներով և լրացուցիչ տեխնիկական հագեցվածությամբ, վայրէջք են կատարել Պակիստանի Ռավալպինդի քաղաքի «Նուր Խան» ավիաբազայում։ Ինչպես հաղորդում է  Al-Jazeera հեռուստաալիքը, բեռնաթափումից հետո ինքնաթիռները լքել են բազայի տարածքը։

Գործողությունն իրականացվել է բարձրաստիճան ամերիկյան պատվիրակության սպասվող այցի նախաշեմին։ Նշվում է, որ այս օդանավակայանը Իսլամաբադի համար VIP հյուրերի ընդունման հիմնական կետն է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ինքնաթիռներից երկուսը վայրէջք են կատարել այսօր, իսկ մնացած չորսը՝ վերջին 48 ժամվա ընթացքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրին մի շարք քաղաքների, ինչի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները։

Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Ապրիլի 11-12-ը Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան բանակցություններ, որոնք անարդյունք անցան։

Ապրիլի 15-ին Թրամփը հայտարարեց Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու մասին՝ չնայած իրանական նավահանգիստների ծովային շրջափակման պահպանմանը։ Այս քայլն արվեց Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Ավելի ուշ՝ ապրիլի 18-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարեցին ջրային զարկերակի փակման մասին՝ դա պատճառաբանելով հրադադարի համաձայնագրի խախտմամբ և ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շարունակվող շրջափակմամբ։

Մարկ Ռյուտեն պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա. ի՞նչ հարցեր կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2026 թվականի ապրիլի 21–22-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Ուղևորության ընթացքում նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Յաշար Գյուլերի հետ։

Բացի այդ, դաշինքի գլխավոր քարտուղարը կայցելի պաշտպանական արդյունաբերության օբյեկտ։

«Այցը նվիրված կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերին, ինչպես նաև Թուրքիա-ՆԱՏՕ փոխգործակցությանը», — նշվում է հաղորդագրության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

Ընտրություններին մասնակցության համար առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է՝ ժամը 18:00-ն:

Շրջանցելով Ռուսաստանը. Թուրքիան Եվրոպային կոչ է անում ակտիվանալ Միջին միջանցքի նախագծում

Եվրոպան պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Միջին միջանցքի զարգացման գործում, որը կարող է դառնալ տնտեսական և աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի առանցքային գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի բաժնի վարիչ Մուստաֆա Փուլաթը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքի նախագիծն ունակ է զգալի օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև եվրոպական պետություններին։

«Այս նախագիծը Եվրոպայի համար պարզապես այլընտրանքային երթուղի կամ լոգիստիկ գիծ չէ, այլ տնտեսական, աշխարհաքաղաքական և ռազմավարական տրանսֆորմացիայի գործիք», — նշել է նա։

Փուլաթն ընդգծել է, որ միջանցքը կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպայի անվտանգության տեսանկյունից։

«Երկար ժամանակ Եվրոպան Ասիայի հետ առևտրում հիմնականում կախված է եղել հյուսիսային երթուղուց, որն անցնում է Ռուսաստանով։ Միջին միջանցքի երկայնքով տեղակայված երկրները, մասնավորապես Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի պետությունները, հարուստ են նավթով, գազով և էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, ինչը Եվրոպայի համար հասանելիություն է բացում դեպի էներգետիկ նոր ռեսուրսներ», — հայտարարել է դիվանագետը։

Նա հավելել է, որ այս երթուղու միջոցով Եվրոպան կկարողանա նաև ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ըստ դիվանագետի՝ Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունը, պատերազմներն ու ճգնաժամերը բացասական ազդեցություն են թողնում Միջին միջանցքի հետ կապված գործընթացների վրա։