Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը


Հայաստան


Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոց, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում 2025 թ․ հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 13-ին ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ, որը 1993 թ. մայիսի 31-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։

***
Ապրիլի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ


Քաղաքականություն


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է ներառի Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ․ հաղորդում է Associated Press-ը։

Նա նշել է, որ գործակալության տեսուչների ներկայության բացակայության դեպքում ցանկացած համաձայնագիր կլինի «միայն համաձայնագրի պատրանք», հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի մասշտաբներն ու բարդությունը։ Գրոսին ընդգծել է, որ մոնիտորինգն ու ստուգումը պետք է լինեն հնարավորինս մանրամասն և պարտադիր բոլոր կողմերի համար։

Ըստ AP-ի, ԱԷՄԳ-ի գաղտնի զեկույցում նշվում է, որ Իրանը նախկինում չի ապահովել 2025 թվականի 12-օրյա հակամարտության ընթացքում վնասված մի քանի միջուկային օբյեկտները մուտքը։



Կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Դեբատուն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ ապրիլի 15–25-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ձևավորել ստեղծագործական և մասնագիտական համագործակցության միջավայր, որտեղ լուսանկարիչները հնարավորություն կունենան մշակելու և իրականացնելու իրենց լուսանկարչական նախագծերը, ուսումնասիրելու և բացահայտելու հայկական մշակույթը, փոխանակվելու մասնագիտական գիտելիքներով և ընդլայնելու միջմշակութային կապերը։

Միևնույն ժամանակ, ծրագիրը նպատակ ունի խթանել Լոռու մարզի, հատկապես Դեբեդ համայնքի մշակութային կյանքը՝ ստեղծագործական համագործակցության և համայնքային հանդիպումների միջոցով։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն անհատական լուսանկարչական նախագծերի վրա, կմասնակցեն շրջայցերի դեպի Լոռու մարզի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև պանելային քննարկումների՝ հայ մենթորների մասնակցությամբ։ Կկազմակերպվեն նաև հանդիպումներ գյուղի երիտասարդների և բնակիչների հետ։

Օտարերկրյա լուսանկարիչների մասնակցության համար հայտարարված բաց կանչին ներկայացվել է 53 հայտ, որոնցից վերջնական փուլում ընտրվել է 8-ը հետևյալ երկրներից՝ Ավստրալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մոլդովա, Նիդերլանդներ, Իտալիա և Գերմանիա։ Ծրագրին մասնակցում են նաև երկու հայաստանցի լուսանկարիչներ։

Ծրագրի ավարտին կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ռեզիդենսի ընթացքում մասնակիցների ստեղծած լավագույն աշխատանքները։ Մասնակիցները նաև իրենց սոցիալական հարթակներում կկիսվեն ծրագրի ընթացքով՝ հրապարակելով պատմություններ, տեղեկատվական գրառումներ և կարճ հոլովակներ ստեղծագործական գործընթացի մասին։

Նախագծի գործընկերն է «Զարգացման սերմեր» ՀԿ-ն. անցկացման վայր՝ Լոռու մարզ, Դեբեդ գյուղ, «Դեբատուն» հյուրատուն:



Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը


Մշակույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Աբովյանում մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև մայիսի 1-ը:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Կցուցադրվի 22 մոնոներկայացում, 8-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար, որոնք կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Դանս», «Արմմոնո-Fairy Tail» խորագրերով։

Այս օրերին Երևանում են միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։

Փառատոնի ծրագրում ներկայացված են նաև բեմադրություններ, որոնք վերաիմաստավորում են մեծ արվեստագետների ճակատագրերն ու ստեղծագործական ճանապարհը՝ նոր ընթերցմամբ։

Փառատոնի ծրագիրը՝ կից:



Պուտինի և Թրամփի միջև հանդիպման «ծրագրեր» չկան


Քաղաքականություն


Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը Ռուսաստանի առաջնորդի Չինաստան այցի ընթացքում ներկայումս չի քննարկվում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19- 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին առաջարկում է մեծ գործարք կնքել, որը ենթադրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորում։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ցանկանում է վիթխարի պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։ «Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը և նրան ինտեգրել համաշխարհային տնտեսության մեջ վիթխարի գործարքի շրջանակում, այնպես, ինչպես դա տեղի չի ունեցել տասնամյակներ շարունակ»,- ասել է Վենսը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն՝ ձգտելով համաձայնության հասնել, որը, նրա խոսքով, ձեռնտու կլինի բոլոր կողմերին: Ըստ նրա՝ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պատվիրակությանը բանակցել բարեխղճորեն։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ երկու կողմերի միջև տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում:



Լիբանանը կոչ է արել հրադադար հաստատել


Հարեվաններ


ԱՄՆ-ում ավարտվել են Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որոնց մասնակցել են Վաշինգտոնում երկու երկրի դեսպանները և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերի խոսքով՝ երկու ժամ տևած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնության են եկել Լիբանանը «Հըզբոլլահից» ազատելու հարցում:

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է զինաթափել բոլոր ոչ պետական ​​ահաբեկչական խմբավորումները՝ հղում անելով «Հըզբոլլահին»։ Լիբանանն էլ կոչ է արել հրադադար հաստատել և միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Երկու պետությունը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն, և նրանց միջև վերջին ուղիղ, բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել 1993 թվականին։

Իսրայելցի դիվանագետը բարձր է գնահատել Լիբանանի կառավարությանը, որը չի ենթարկվել «Հըզբոլլահի»՝ բանակցություններից դուրս գալու կոչերին։ Մեկ օր առաջ խումբը պահանջել էր, որ Բեյրութը չեղարկի հանդիպումը՝ այն անվանելով ակնհայտ անիմաստ։

«Հըզբոլլահը» հայտարարել է, որ երեքշաբթի Վաշինգտոնում երկու կողմերի հանդիպման ժամանակ առնվազն 24 հարձակում է իրականացրել Իսրայելի և Լիբանանում իսրայելական զորքերի վրա։



«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ


Քաղաքականություն


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ-ն ընդունում է ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։

Քարոզարշավի կմեկնարկի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

 



Փաշինյանը մասնակցել է եզդիական տոնին


Տեսանյութեր


Շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: «Ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Ինձ համար ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացի է այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն և ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՀ առաջին ղեկավարը, որն այսպիսի ձևաչափով հնարավորություն ունի մասնակցելու եզդիական Նոր տարվա տոնակատարություններին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության ու պատվի համար:

Շատ ուրախ եմ նաև արձանագրել, որ երբ ես տեղ հասա, ավտոմեքենայից իջա, առաջին հարցը, որ տվեցի ՏԿԵ նախարարին, թե արդյոք դեպի սրբավայր բերող ճանապարհը որևէ ձևով արծարծվում է մեր սուբվենցիոն կամ այլ ծրագրերում, և նախարարը հաստատակամ պատասխան տվեց:

Ես համոզված եմ, որ հաջորդ տարի մենք բոլորս արդեն այստեղ կգանք բարեկարգ ճանապարհով, որը նույնպես շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը՝ Հայաստանի անունից շնորհավորելով նաև աշխարհի բոլոր եզդիներին: