ԲՏԱ նախարարը ներկայացրել է ԱԲ ոլորտում պետական քաղաքականությունը


Գիտություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումին, որտեղ իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաև գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը: 

Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի նոր փուլ, որտեղ փոքր երկրները կարող են ստանալ ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ սահմանելու և ներկայի մոմենտումից օգտվելու դեպքում։ Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները և մարդկային կապիտալը։ 

Նախարարն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում և դառնալ մրցունակ խաղացող՝ ձևավորվող նոր տնտեսական իրականությունում։



Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին


Աշխարհ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։




Սպիտակ տունը մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու Իրանի առաջարկը


Քաղաքականություն


Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ հակասությունները նոր թափ են ստանում. Սպիտակ տունը պաշտոնապես մերժել է Իրանի առաջարկը՝ հինգ տարով կասեցնել ուրանի հարստացումը։ Փոխարենը, ամերիկյան կողմը պահանջում է միջուկային գործունեության առնվազն 20-ամյա դադարեցում։ Այս առաջարկները ներկայացվել էին Պակիստանում ընթացող խաղաղության բանակցությունների ժամանակ, որոնք, սակայն, անցած հանգստյան օրերին ձախողվել են՝ առանց որևէ վերջնական համաձայնության։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը Իսլամաբադում, Fox News-ին տված հարցազրույցում հստակեցրել է Դոնալդ Թրամփի «կարմիր գծերը»։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը որևէ ճկունություն չի ցուցաբերի երկու հարցում՝ հարստացված ուրանի նկատմամբ ամերիկյան վերահսկողության սահմանում և ստուգման խիստ մեխանիզմների ներդրում, որոնք բացառում են միջուկային զենքի հետագա մշակումը։

Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով նախագահ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ռազմածովային շրջափակման մեկնարկի մասին։ Չնայած առաջին փուլի ձախողմանը և լարվածության աճին, The New York Times-ի աղբյուրները հայտնում են, որ կողմերը դեռևս հնարավոր են համարում բարձր մակարդակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացումը՝ փակուղուց դուրս գալու համար։



«Մի նոր փոդքաստ»-ը այս անգամ եւս շատ հետաքրքիր ստացվեց


Հայաստան


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հետ փոդքաստի երկրորդ մասը: Առաջինում չտեղավորվեցինք: «Մի նոր փոդքաստ»-ը այս անգամ եւս շատ հետաքրքիր ստացվեց:



Առաջին անգամ համաշխարհային քաղաքական պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պախկված թեկնածուով. Ռուբինյան

Կա պատերազմի եռագլուխ կուսակցություն՝ Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվող քաղաքական ուժերին:

«Ի՞նչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը, և վարչապետի թեկնածուն է Քոչարյանը: Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուն Ծառուկյանը չէ, և բացառիկ նոու-հաու համաշխարհային քաղաքականության մեջ. իրենց վարչապետի թեկնածուն գաղտնի է: Այսինքն՝ Ծառուկյանն ասում է՝ իմ վարչապետի թեկնածուն գաղտնի է: Օրենքն էլի չի արգելում: Բայց ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքական պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պախկված թեկնածուով, այսինքն՝ ժողովո՛ւրդ ջան, երբ ընտրում ենք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես՝ կարող է վարչապետի թեկնածու լինել:

Բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով մտել է ԱԺ՝ Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համարը: Ասեմ ավելին՝ տիկին Էլինար Վարդանյանը, որ հենց հիմա Քոչարյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում է, Արեգնազ Մանուկյանը, և այսպես շարունակ:

Հետո գալիս է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը: Ցուցակում երկրորդ համարը մարդ է, որը Քոչարյանի փաստաբանն է, և որը 2021-ին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը:

Հիմա ի՞նչ է ստացվում. պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրենք իրենց մեջ քանի՞ վարչապետի թեկնածու ունեն: Մեկ՝ որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի թեկնածու, որովհետև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է, Ծառուկյանը թեկնածու չէ, քանի որ ասում է՝ չեմ ասի՝ ով է իմ թեկնածուն, այսինքն՝ այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա վարչապետի 1 թեկնածու՝ Քոչարյանը:

Այդ ցուցակները, որ տեսել եմ, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խառնել, բաժանել, ցուցակ են կազմել, այսինքն՝ մարդկանց անուններն ուղղակի գրել են, խառնել են, ամեն մեկը քաշել է, ցուցակ են կազմել»,- ասաց նա:

Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումը


Քաղաքականություն


Չնայած Միացյալ Նահանգների կողմից սահմանված խիստ շրջափակմանը, չինական Rich Starry տանկերը այսօր հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով։ Սա առաջին դեպքն է շրջափակման մեկնարկից ի վեր, երբ պատժամիջոցների տակ գտնվող նավին հաջողվում է ճեղքել արգելքը և դուրս գալ Պարսից ծոցի ջրերից, ինչը հաստատում են LSEG, MarineTraffic և Kpler ընկերությունների նավագնացության տվյալները։

Չինական անձնակազմով համալրված Rich Starry-ն և դրա սեփականատեր Shanghai Xuanrun Shipping ընկերությունը նախկինում հայտնվել էին ԱՄՆ սև ցուցակում՝ Իրանի հետ համագործակցության պատճառով։ Ըստ տվյալների՝ տանկերը տեղափոխում է շուրջ 250,000 բարել մեթանոլ, որը բեռնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Համրիա նավահանգստում։

Միջադեպն առանձնակի նշանակություն է ստանում նրանով, որ նույն օրը ևս մեկ պատժամիջոցված նավ՝ Murlikishan-ը, մտել է նեղուցի տարածք։ Վերջինս նախկինում ներգրավված է եղել ռուսական և իրանական նավթի տեղափոխման մեջ և այժմ ուղղվում է դեպի Իրաք՝ վառելիք բեռնելու նպատակով։ 



Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր։ Վարչապետը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե ՀՀ քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում:

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային: Նա ՀՀ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովվում նրանց գործունեությունը: «Այդ ամենը ՀՀ պետական բյուջեի որևէ մի տող է: Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ: Այդ ամենը ՀՀ բյուջեի մի որևէ տողում պետք է արտահայտվի: Տողը՝ տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ: 

Եթե տողը լինի, թիվը լինի, ի դեպ, բյուջեում մենք նման տողեր ունենում ենք, որի դիմացը զրո է, այսինքն՝ սպասող տող, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որոնք, ըստ էության, այն ծրագրերն են, որի դիմաց 0 (զրո) է գրված: Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ: Երբ մենք, օրինակ, ամեն օր գնում և հաց կամ ջուր ենք գնում, գնման դիմաց խնդրում և ստանում ենք ՀԴՄ կտրոն: Այսինքն՝ մեր գործունեությունից, մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ-կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100 հազար և այլն, և ստեղծվում է դպրոց»,- հայտնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարույր Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները կառուցվում են մայրուղու երկայնքով: 

Վարչապետն ընդգծեց՝ իր համոզմունքը գնալով ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում, այլ իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության և համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում: «Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր երեխայի համար առանձին դպրոց կառուցել, դեպի իր տուն եկող ճանապարհ կառուցել: Պետական բյուջեն նաև այն է, որ մենք մասհանում ենք անում ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեմն քաղաքական նպատադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը:

Վարչապետը կարևորեց, որ դպրոցներում երեխաներն առաջին հերթին սովորեն՝ ինչ է պետությունը և պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանն է:


Թրամփը Քրիստոսի կերպարով իր նկարը հեռացրել է սոցցանցից


Ոճ և դեմքեր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեղադրել է արհեստական բանականությամբ գեներացված նկար, որը քննադատել են ոչ միայն իր ընդդիմախոսները, այլեւ որոշ աջակիցներ։ Քննադատությունների ֆոնին նա հեռացրել է նկարը` նշելով, որ այնտեղ ինքը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Կարմիր խաչի բժշկի կերպարով։

«Ես իսկապես հրապարակել էի այն, եւ կարծում էի, որ դա ես եմ՝ բժշկի կերպարում, եւ դա կապված է Կարմիր խաչի հետ։ Կարծես ես այնտեղ Կարմիր խաչի աշխատող եմ, որին մենք աջակցում ենք։

Եվ միայն կեղծ լուրերը կարող էին նման բան մտածել (Քրիստոսի կերպարը)։ Ես պարզապես վերջերս եմ այդ մասին լսել։ Եվ ես ասացի՝ «ինչպե՞ս նրանք այդպիսի բան մտածեցին»։ Ըստ գաղափարի, դա պետք է լինեի ես՝ բժշկի կերպարում, որը բուժում է մարդկանց։ Եվ ես իսկապես անում եմ այնպես, որ մարդկանց վիճակը լավանա։ Ես մարդկանց շատ ավելի լավ եմ դարձնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։




ԱՄՆ-ը, հնարավոր է, դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի որ հասել է նպատակներին․ Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ-ը հասել է Իրանի վրա հարձակումների իր նպատակներին,  ուստի գործողությունները կարող է ավարտել` հայտարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Կարծում եմ՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ հասել ենք մեր նպատակներին։ Կարող ենք սկսել դադարեցնել գործողությունը։ Ես կնախընտրեի, որ մենք այն ավարտենք լայնածավալ և հաջող բանակցությունների միջոցով»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

 

Վենսի խոսքով՝ երկխոսության վերսկսման հարցում գնդակը Թեհրանի դաշտում է։ Ըստ նրա` բանակցությունների բնույթը կարող է արմատապես փոխվել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։

 

Փոխնախագահը հավելել է, որ հարստացված ուրանի հարցը մնում է խոչընդոտ հակամարտության կարգավորման գործում։ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ այդ նյութերը պետք է ամբողջությամբ  դուրս բերվեն Իրանից։

 

Շաբաթ Պակիստանում տեղի ունեցած իրանա-ամերիկյան բանակցություններից հետո Թեհրանը հայտնել էր, որ պատվիրակությունները տարաձայնություններ ունեն մի քանի հիմնական հարցի շուրջ:

 

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը: Նախկինում հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության` տասը կետից բաղկացած ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար:

 

Բանակցություններից կարճ ժամանակ անց ԱՄՆ զինված ուժերը  շրջափակել էին Հորմուզի նեղուցը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այդ երթուղուց օգտվելու փորձ կատարող բոլոր նավերը կկանգնեցվեն: Զինված ուժերին նաև հանձնարարվել էր հետևել և կասեցնել Իրանին անցման համար վճարող լցանավերի շարժը։



Մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը»


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:

Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

Հրավիրված արվեստագետները Երևանի ուսհաստատությունների դասատուների համար նաև կիրականացնեն վարպետության դասեր: Նախատեսվում է, որ 2026-2027 ուստարվա ընթացքում համայնքապատկան դպրոցներում կդասավանդվի «Գեղարվեստական տպագրություն» առարկան:

Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը: