Վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին. 69-ամյա կինը մահացել է

Սեպտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Մ․-ն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Ալեքսանդր Ա․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր․ Տեր Արամի պարզաբանումը

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պարզաբանումով, որում մասնավորապես ասվում է․

Սիրելիներ,

երեկվանից համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր այն մասին, թե իբրև Հովհաննավանքի տարածքում հարսանեկան արարողությունից հետո հնչել են սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն։ Տեղեկացնում եմ, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը։ Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը:

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի: Վճռով՝ անվավեր էր ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 

Դատախազության փոխանցմամբ՝ օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն կարող է կայանալ մոտ ժամանակում, սակայն հստակ ամսաթվերը դեռևս որոշված չեն»:Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը հավելել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա այս տարի։

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ

Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։ 

Նշենք, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հայաստանյան առցանց տիրույթում օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող խաղային ծառայությունների ու գովազդների լայնորեն տարածմամբ։ Գործող վարչարարական գործիքներն այս պայմաններում բավարար արդյունավետություն չեն ապահովում, քանի որ օտարերկրյա կազմակերպությունները գործում են ՀՀ իրավական դաշտից դուրս։

Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վերոնշյալ կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունը, այլ ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանն ու հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն՝ ոլորտում առկա ռիսկերի կանխարգելման միջոցով։

Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան

Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճացված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Հանրային տրանսպորտում բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճն այլևս չկա. Ավինյան

Հանրային տրանսպորտում բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճն այլևս չկա. Ավինյան

ՀՀ ողջ տարածքում շաբաթը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, հետո՝ կբարձրանա. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ եղանակային առումով շաբաթը բավական խաղաղ է լինելու:

«Այսօր՝ հետկեսօրյա ժամերին ամպրոպային բնույթի անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ սեպտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը ՀՀ ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերի 10-ից սկսած ՀՀ կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքներ և ջերմաստիճանը որքան նվազի, այդքան էլ կբարձրանա»,- մանրամասնել է Սուրենյանը:

Պետք է հասկանալ՝ կանգառներից ավտոմեքենաները ոնց ենք հանում. ավտոբուսների առանձին գծերը այլընտրանք չունեն. Ավինյան

Պետք է հասկանալ՝ կանգառներից ավտոմեքենաները ոնց ենք հանում. ավտոբուսների առանձին գծերը այլընտրանք չունեն. Ավինյան

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 22/8 հողամաս հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հուլիսի 7-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 564 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 7 անձի տրամադրված 4934,48 քմ մակերեսով 9 հողատարածք: Դրանք են՝

1.     0,03 հա մակերեսով հողամասը,

2.    0,05308 հա մակերեսով հողամասը,

3.    0,0450 հա մակերեսով հողամասը,

4.    0,05 հա մակերեսով հողամասը,

5.    0,0451 հա մակերեսով հողամասը,

6.   0,08 հա մակերեսով հողամասը,

7.    0,02 հա մակերեսով հողամասը,

8.   0,0402 հա մակերեսով հողամասը,

9.   0,13 հա մակերեսով հողամասը:

10 անձի տրամադրված 11 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են: