«Որտե՞ղ է Առողջապահության նախարարությունը․ ինչո՞ւ է լռում»․ Անուշ Պողոսյան

«Որտե՞ղ է Առողջապահության նախարարությունը․ ինչո՞ւ է լռում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒԺԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ։

Արդեն երկու օր է՝ քննարկվում է Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
     Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ բժշկական օգնություն ցուցաբերել է բուժակը։ Բայց մի հարց կա՝ իսկ որտե՞ղ է Առողջապահության նախարարությունը։ Ինչո՞ւ է լռում։
     Հիշեցնեմ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության 2018 թվականի N 204-Ն որոշմամբ, գործում է Առողջապահության նախարարության համակարգում և կազմակերպում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնությունը։
     Իսկ վերահսկողական գործառույթներ ունի նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
     Հարց է առաջանում՝ այս կառույցներն ի՞նչ են արել և ի՞նչ պետք է անեին։
     1․ Ապահովեին ՔԿՀ-ներում բժիշկների և բուժքույրերի բավարար թվով հաստիքներ։
     2․ Հետևեին, որ բժշկական անձնակազմն ունենա համապատասխան մասնագիտական պատրաստվածություն։
     3․ Վերահսկեին հերթապահության կազմակերպումը։
     4․ Ստուգեին բժշկական ստորաբաժանումների գործունեության իրավական հիմքերն ու լիցենզավորման պահանջները։
     5․ Ապահովեին շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիությունը՝ շուրջօրյա։
     6․ Վերահսկեին բժշկական օգնության որակն ու ժամանակին տրամադրումը։
     7․ Ապահովեին անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությունը։
     8․ Կազմակերպեին անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու գործընթացը։
     9․ Ուսումնասիրեին մահվան դեպքերը և բժշկական օգնության հնարավոր ուշացման կամ ոչ պատշաճ կազմակերպման հանգամանքները։
     10․ Ապահովեին բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը։
     11․ Երաշխավորեին ազատությունից զրկված անձանց անկախ բժշկական փորձաքննություն անցնելու հնարավորությունը։
     Եվ այս ամենի ֆոնին Առողջապահության նախարարությունը լռում է։
     Չենք տեսել, չենք լսել, չգիտենք…»։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP–ի օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը։

Հիշեցնենք, որ ավելի վաղը ՀՀ ԱԺ-ն 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն էր տվել Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

TRIPP նախագիծը ներկայացվել էր ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման համար։

ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News

ԱՄՆ իշխանությունները կարող են բախվել զանգվածային բողոքի ցույցերի՝ կենսապահովման ծախսերի աճի պատճառով։ Նման կարծիք է հայտնել ֆինանսական փորձագետ Թեդ Ջենքինը՝ Fox News-ի համար գրված իր սյունակում։

«Մարդիկ աշխատում են, աշխատավարձ ստանում և հարց տալիս՝ ինչո՞ւ է գումարն այդուհանդերձ պակասում նորմալ ապրելու համար։ Եվ Ամերիկան պետք է սրան ամենայն լրջությամբ ուշադրություն դարձնի»,– գրել է փորձագետը։

Ջենքինի կարծիքով՝ քաղաքացիների ֆինանսական դժգոհությունը կարող է հանգեցնել այնպիսի բողոքի ակցիաների, ինչպիսիք անցկացվում են Ֆրանսիայում և Իտալիայում։ Այդ երկրներում մարդիկ փողոց են դուրս գալիս ցածր աշխատավարձերի, բնակարանների բարձր գների և առօրյա ծախսերի աճի պատճառով։

Հոդվածում նշվում է, որ գնաճի նվազումը չի նշանակում գների վերադարձ նախկին մակարդակին։ Նույնիսկ գների աճի տեմպերի դանդաղման պայմաններում ամերիկյան ընտանիքների՝ սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, բնակարանի վարձակալության, ապահովագրության և հարկերի ծախսերը շարունակում են ավելանալ։ Արդյունքում մարդիկ կարող են ավելի շատ վաստակել, բայց միաժամանակ իրենց ավելի աղքատ զգալ։

Փորձագետի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է երիտասարդ ընտանիքների վիճակը, որոնց համար դժվար է բնակարան գնելու համար գումար կուտակել։ Նույնքան մտահոգիչ է ծնողների, թոշակառուների և առօրյա ծախսերը հոգալու դժվարություններ ունեցող քաղաքացիների դրությունը։ Շատերի համար վարկային քարտերը դառնում են չնախատեսված ծախսերը ծածկելու միջոց։

Ջենքինը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետական պարտքի վրա, որը, ըստ նրա ներկայացրած տվյալների, գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։ Նրա գնահատմամբ՝ պարտքի սպասարկման աճող ծախսերը կարող են սահմանափակել ապագա տնտեսական ցնցումներին արձագանքելու իշխանությունների հնարավորությունները՝ առանց հարկերի բարձրացման, ծախսերի կրճատման կամ նոր փոխառությունների ներգրավման։

Հոդվածում ընդգծվում է, որ տնտեսական ցուցանիշներն ինքնին չեն արտացոլում ընտանիքների իրական ֆինանսական վիճակը։ Ջենքինը ֆինանսական բարեկեցության գլխավոր չափանիշ է համարում այն գումարը, որը քաղաքացիների ձեռքին մնում է բնակարանի, սննդի, տրանսպորտի, բժշկական ծառայությունների և կոմունալ վճարների ծախսերը հոգալուց հետո։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը

2026 թվականի նոյեմբերի 11-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացված եզրափակիչ փուլից հետո հայտնի դարձան մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։

Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու համար։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։

Մրցույթն այս տարի առանձնացավ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։

Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձավ արժեքավոր մասնագիտական փորձառություն՝ հնարավորություն ընձեռելով դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։

Մրցույթի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցությունը և արժևորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը, որի երաժշտությունը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։

Մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։

Զիդանի և Մբապեի հարաբերությունները լարվել են. հայտնի է պատճառը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ․ գրում է Armsport.am-ը։

Ինչպես հայտնում է լրագրող Խուան Խեսուսը, Զիդանը բարձր է գնահատում Մբապեին, սակայն մտադիր չէ նրան տալ այնպիսի արտոնություններ, որոնք ֆուտբոլիստը վայելում էր ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի օրոք։ Աղբյուրի համաձայն՝ Մբապեն, ժամանելով հավաքականի ճամբար, ցանկացել է անձամբ որոշել, թե որքան խաղաժամանակ է ստանալու առաջիկա երկու հանդիպումներում։ Հարձակվողը չի ցանկացել մեծ ծանրաբեռնվածություն ստանալ, որպեսզի լավ մարզավիճակում վերադառնա Մադրիդ։

Սակայն Զիդանը մերժել է նրան՝ զգուշացնելով, որ ֆուտբոլիստն անպայման խաղալու է, եթե առողջական լուրջ խնդիրներ չունի։ Հարձակվողն այս որոշումը խիստ բացասական է ընդունել՝ հասկանալով, որ ազգային թիմում այլևս հատուկ կարգավիճակ չունի։ Նշվում է նաև, որ այս ամենի ֆոնին ավելի են վատացել Մբապեի հարաբերությունները թիմակիցների հետ։

Այս նոր կոնֆլիկտը գումարվում է մարզչի տակտիկական որոշումներից ֆուտբոլիստի ունեցած դժգոհությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը, Մբապեն դժգոհ էր մնացել նախորդ հավաքի ժամանակ Թուրքիայի դեմ խաղում հարձակման ձախ եզրում իր դիրքի ընտրությունից։ Վերջին հավաքի ընթացքում մարզիչն ու ավագը գրեթե չէին շփվում միմյանց հետ։

Ճակատագրի հեգնանքով, Մբապեի՝ խաղաժամանակը կրճատելու ցանկությունը կարող է իրականություն դառնալ հարկադրված կերպով։ Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի անհանգստության պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ազգերի լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղն Իտալիայի հավաքականի դեմ։

Ալիևը Դուբլինում հանդիպել է Զելենսկիին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ․ հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Ալիևին «Հաղթանակի և Սահմանադրության օրվա կապակցությամբ»։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, այդ թվում՝ մասնավոր հատվածի միջոցով, և մտքեր են փոխանակել պատվիրակությունների փոխադարձ այցելությունների վերաբերյալ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար, մասնավորապես՝ էլեկտրական սարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նշվել է, որ Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ է հետևում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող վերակառուցման և շինարարական աշխատանքներին»։ Նշվել է, որ այս ոլորտում Ադրբեջանի փորձը կարող է «մեծ նշանակություն ունենալ Ուկրաինայի համար»։

 

 

 

Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն


Սպորտ


Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Նարե Իսախանյանը արծաթե մեդալ է նվաճել 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում՝ դառնալով մինչև 12 տարեկան աղջիկների Եվրոպայի փոխչեմպիոն։

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ակադեմիայից։

Ակադեմիայից շնորհավորել են Նարե Իսախանյանին հաջողության կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով նաև նրա մարզիչ Ս. Մանուկյանին՝ կատարած աշխատանքի, հետևողականության և մարզուհու հաջողության գործում ներդրած ջանքերի համար։



Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները


Քաղաքականություն


Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել «Ընտրական իրավունք, վստահված անձանց գրանցում, դիտորդների իրավունքներ և պարտականություններ, ընտրությունների հրապարակայնություն» թեմայով քննարկմանը:

Նշվել է, ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորությունը:

Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես հանրային իշխանության մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Քննարկումների նպատակն է շահագրգիռ կողմերի լայն մասնակցությամբ վեր հանել ընտրական գործընթացում առկա իրավական և գործնական խնդիրները, գնահատել գործող կարգավորումների արդյունավետությունը և համատեղ քննարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։

Թեմատիկ քննարկումների շարքը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ անդրադառնալով ընտրական գործընթացի տարբեր փուլերին և հարակից ոլորտների կարգավորումներին։ Դրանց հիմքում Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն է, որն ընդգրկում է Ընտրական օրենսգիրքը և հարակից մի շարք օրենքներ։

Քննարկումների ընթացքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները կօգտագործվեն առաջարկվող օրենսդրական լուծումների հետագա մշակման և կատարելագործման գործընթացում։

Միջոցառումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Այ Էֆ Ի Էս» (IFES) կազմակերպության համագործակցությամբ: