Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները


Քաղաքականություն


Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել «Ընտրական իրավունք, վստահված անձանց գրանցում, դիտորդների իրավունքներ և պարտականություններ, ընտրությունների հրապարակայնություն» թեմայով քննարկմանը:

Նշվել է, ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորությունը:

Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես հանրային իշխանության մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Քննարկումների նպատակն է շահագրգիռ կողմերի լայն մասնակցությամբ վեր հանել ընտրական գործընթացում առկա իրավական և գործնական խնդիրները, գնահատել գործող կարգավորումների արդյունավետությունը և համատեղ քննարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։

Թեմատիկ քննարկումների շարքը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ անդրադառնալով ընտրական գործընթացի տարբեր փուլերին և հարակից ոլորտների կարգավորումներին։ Դրանց հիմքում Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն է, որն ընդգրկում է Ընտրական օրենսգիրքը և հարակից մի շարք օրենքներ։

Քննարկումների ընթացքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները կօգտագործվեն առաջարկվող օրենսդրական լուծումների հետագա մշակման և կատարելագործման գործընթացում։

Միջոցառումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Այ Էֆ Ի Էս» (IFES) կազմակերպության համագործակցությամբ:



Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ


Հարեվաններ


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։




Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ


Հայաստան


ԱՄՀ-ն և Հայաստանը աշխատանքային մակարդակով համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման և «Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) շրջանակներում նախատեսվող քաղաքականությունների վերաբերյալ։

Կենտրոնական բանկից հայտնում են՝ պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հաստատման դեպքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ 18.4 մլն փոխառության հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք ֆինանսավորում՝ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի ընդհանուր հասանելիությունը կհասնի 55.2 մլն ՓՀԻ-ի՝ շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար։ RSF-ի հաստատման դեպքում առաջիկա երկու տարիներին Հայաստանին հասանելի կլինի մինչև 193.2 մլն ՓՀԻ՝ շուրջ 262 մլն ԱՄՆ դոլար՝ չորս վերանայումների հաջող ավարտի պայմանով։

ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է մնալ բարձր․ 2026 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.5%, իսկ տարեվերջին գնաճը՝ 4.8%։ Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է շուրջ 5% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ կարևոր ռիսկային գործոն։

Պահուստային ծրագիրը կշարունակի աջակցել մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կառուցվածքային բարեփոխումներին, իսկ Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքը՝ կլիմայական փոփոխությունների և բնական աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացմանը։

ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ շահութաբեր՝ պահպանելով կապիտալի և իրացվելիության բարձր բուֆերներ։



Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Սպորտ


Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում։

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երրորդ տեղը։

Տիգրան Համբարձումյանին և նրա մարզիչ Տիգրան Հարությունյանին շնորհավորել են հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։



Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր


Աշխարհ


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացման օրակարգային հարցերին։



ԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)


Տեսանյութեր


 Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ  Հեգսեթը, նրա կինը՝ Ջենիֆերը, և նախարարության մի քանի աշխատակիցներ լուսանկարվում էին հուշահամալիրի մոտ։ Երբ խումբը սկսել է հեռանալ, տեսագրության մեջ լսվում են ծիծաղ և բարձրաձայն խոսակցություններ։ Հուշահամալիրի մոտ հերթապահող զինծառայողը կանգ է առել և այցելուներին բարձրաձայն հիշեցրել լռություն պահպանելու և հարգանք դրսևորելու անհրաժեշտության մասին։



«Բոլոր այցելուները պետք է մշտապես լռություն պահպանեն և ակնածանք դրսևորեն»,- պահանջել է զինծառայողը։

Խոսքը ԱՄՆ բանակի՝ «Հին գվարդիա» անունով հայտնի 3-րդ հետևակային գնդի մասնագետի կոչում ունեցող Թոմաս Իգլեսիասի մասին է։ Նրա ստորաբաժանումը շուրջօրյա հսկում է Անհայտ զինվորի գերեզմանը։



Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար


Հայաստան


Ազգային ժողովում առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար՝ լրացնելով հատկապես 16 տարին լրացած, բայց դեռ չափահաս չդարձած երեխաների պաշտպանության իրավական բացը։ Այս կարգավորումը նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ զեկուցելով Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող նախագիծը։

Փոխնախարարը շեշտել է, որ 16 տարին լրանալը չի վերացնում երեխային, նրա առողջությանն ու զարգացմանը վնասող գործունեությունից պաշտպանելու անհրաժեշտությունը։ «16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին է պոռնկությունը, քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությանը, առողջությանն ու լիարժեք զարգացմանը։ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար»,– ասել է Մկրտչյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումը չի կարող դիտարկվել որպես անձնական կյանքին միջամտություն, քանի որ նման ծառայությունից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանն ու սոցիալական հարաբերություններին։

Ներկայացված նախագծով նախատեսվել է նաև առավել խիստ պատասխանատվություն, երբ արարքը կատարվել է 12-ից 16 տարեկան երեխայի նկատմամբ։

Մկրտչյանը հայտնել է, որ ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունն առաջարկել է այդ ծանրացնող հանգամանքը նախատեսել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում։ Փոխնախարարի խոսքով՝ առաջարկությունն ընդունելի է Կառավարության համար։

Նա պարզաբանել է, որ այդ հոդվածով արդեն քրեականացված են 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները։ Հետևաբար, նշված տարիքային խմբի նկատմամբ կատարված արարքը նպատակահարմար է կարգավորել հենց երեխայի սեռական անձեռնմխելիությունը պաշտպանող հոդվածում։

«Տվյալ արարքում հիմնական օբյեկտը հանդիսանում է երեխայի սեռական անձեռնմխելիության պաշտպանությունը, ոչ թե հասարակական կարգի և բարոյականության հարաբերությունների պաշտպանությունը, ինչը այս պարագայում լրացուցիչ օբյեկտ է հանդիսանում»,– նշել է փոխնախարարը։



ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն


Սպորտ


ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է կազմակերպության ներկայիս ղեկավար Ջանի Ինֆանտինոյին՝ մեղադրելով նրան իրականությունից կտրված լինելու և բռնապետական կառավարման ոճի մեջ։

«ՖԻՖԱ-ն տառապում է։ Ներկայումս այն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել, որ իրեն կուրացնեն։ Թրամփին ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակ շնորհելը խայտառակություն է։ Ինչո՞ւ նա պետք է նման բան աներ։ Ինֆանտինիոն խաղաղության մրցանակ է շնորհում մի մարդու, որը դրանից կարճ ժամանակ անց պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Սա խելագարություն է։

Նա ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին ասում է՝ եթե քվեարկեք իմ օգտին, շատ ավելի շատ գումար կստանաք, քան նախկինում։ Նա բռնապետ է։ ՖԻՖԱ-ում աշխատողներն ինձ ասում են, որ ոչ ոքի թույլ չի տրվում նրա հետ վերելակ նստել։ Նա անձեռնմխելի է։

Ինֆանտինիոն անցել է բոլոր սահմանները։ Նա ամբողջությամբ կտրվել է իրականությունից», – Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Բլատերը։

Բլատերը նաև կտրուկ է արտահայտվել Ինֆանտինոյի հոգեկան առողջության մասին՝ ասելով, որ նրան, թերևս, վաղ թե ուշ պետք է ուղարկել հոգեբուժարան։

radar armenia



Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie’s աճուրդի տանը


Ոճ և դեմքեր


Մարտին Լյութեր Քինգ կրտսերի՝ պատմության մեջ մտած «Ես երազանք ունեմ» (I Have a Dream) ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակը 2027 թվականի հունվարի 22-ին Յոթ էջից բաղկացած ձեռագիրը  Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը։ Յոթ էջից բաղկացած ձեռագիրը Քինգը գրել է 1963 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան՝ Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում։ Նույն օրը նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացված երթի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։

Փաստաթուղթը տասնամյակներ շարունակ պահպանվել է Քինգի օգնական Էդվարդ Քլեյթոնի գրասեղանի դարակում։ Այն 1990-ականների վերջին հայտնաբերել է նրա կինը՝ Քսերնոնա Քլեյթոնը, սակայն միայն 2024 թվականին պարզվել է, որ դա ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակն է։

Հատկանշական է, որ ձեռագրում բացակայում են «Ես երազանք ունեմ» հայտնի բառերը, որոնք Քինգը ինքնաբուխ ավելացրել է ելույթի ժամանակ։ Փոխարենը պահպանվել է նրա հայտնի եզրափակիչ միտքը՝ «Վերջապես ազատ ենք, վերջապես ազատ ենք, փառք Ամենակարող Աստծուն, մենք վերջապես ազատ ենք»։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի մի շարք բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ Քսերնոնա Քլեյթոնի հիմնադրամին և Քինգի կենտրոնին։ Ձեռագրի արժեքը կհայտարարվի ըստ պահանջի, սակայն սպասվում է, որ այն կվաճառվի ավելի քան 10 միլիոն դոլարով։




Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ


Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհուրդը նոյեմբերի 18-ին նախատեսված նիստում կքննարկի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալը և ներքին հետաքննության արդյունքները։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։

Պարբերականի տեղեկություններով՝ հետաքննությունը վերաբերում է Հուանգի ենթադրյալ արտամուսնական կապերին, այդ թվում՝ Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ հնարավոր առնչություն ունեցող կնոջ և ընկերության աշխատակցի հետ։

Սկանդալի կենտրոնում Սինգապուրում գործող Megaspeed ընկերության ղեկավար Ալիս Հ.-ն է։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ վերջինս կարող է կապ ունենալ Չինաստանի պետական անվտանգության նախարարության հետ։ Megaspeed-ը տվյալների կենտրոնների կառավարման ոլորտում գործող ընկերություն է և Nvidia-ի չիպերի գնորդներից մեկը։

WSJ-ի հաղորդմամբ՝ Հուանգը, բացի Ալիս Հ.-ի հետ ենթադրյալ կապից, հարաբերություններ է ունեցել նաև Nvidia-ի առողջապահական արտադրանքի բաժնի ղեկավար Քիմբերլի Պ.-ի հետ։ Երկրորդ ենթադրյալ կապի մասին ավելի վաղ գրել էր նաև The New York Times-ը։

Nvidia-ն ներքին հետաքննություն է սկսել

Nvidia-ն նոյեմբերի 8-ին հայտարարել է ներքին հետաքննություն սկսելու մասին։ Ընկերության նախնական դիրքորոշմամբ՝ այս պահին հիմքեր չկան ենթադրելու, որ տեղի է ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսք կամ վտանգ է առաջացել ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Միաժամանակ ընկերությունը հայտնել է, որ Ջենսեն Հուանգը մտադիր է շարունակել ղեկավարել Nvidia-ն։

Հուանգի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը, ըստ հրապարակման, արտաբորսայական առևտրում նվազել են շուրջ 8 տոկոսով։

Հուանգի հնարավոր հեռացումը կարող է նշանակալից փոփոխություն լինել տեխնոլոգիական ոլորտում

63-ամյա Ջենսեն Հուանգը Nvidia-ի համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա ընկերության բաժնետոմսերի շուրջ 3.6 տոկոսի սեփականատերն է և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Նրա ղեկավարությամբ Nvidia-ն դարձել է արհեստական բանականության համաշխարհային բումի առանցքային ընկերություններից մեկը՝ վերածվելով տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր դերակատարի։

Nvidia-ի արտադրած գրաֆիկական պրոցեսորներն օգտագործվում են արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման, գերհամակարգիչների ստեղծման, ամպային ենթակառուցվածքների և մեծածավալ տվյալների մշակման համար։

Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի նաև ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցակցության համատեքստում։ Վաշինգտոնը Չինաստանի հասանելիությունը առաջադեմ ամերիկյան չիպերին դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր և սահմանափակումներ է կիրառել դրանց արտահանման նկատմամբ։

armradio.am