Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է


Սպորտ


Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինները ձերբակալել են PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին։ Պատճառը նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա կատարված խմբակային հարձակումն է։


Միջադեպին արձագանքել և Նուրմագոմեդովի ձերբակալության մասին առաջինը հայտնել է վրացական ծագմամբ իսպանացի հայտնի մարտիկ Իլիա Թոփուրիան, որը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է ենթարկել ռուսաստանցի մարտիկին ու նրա թիմակիցներին։ «Դուք վախկոտների ոհմակ եք և ստիպված եք լինելու պատասխան տալ ձեր արածի համար։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ուսմանը ձերբակալվել է իր կողքին գտնվող վախկոտների հետ միասին։ Եվ այս մարդի՞կ են համարձակվում խոսել խոնարհության ու հարգանքի մասին։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Պատիվը, հարգանքն ու խոնարհությունը պարզապես բառեր չեն, որոնք պետք է քարոզել. դրանք արժեքներ են, որոնցով պետք է ապրել, իսկ դուք դրանցից ոչ մեկը չդրսևորեցիք»,- գրել է Թոփուրիան։

Զուգահեռաբար հայտնի են դարձել նաև հնարավոր իրավական հետևանքները։ Ըստ Home of Fight պարբերականի՝ ԱՄԷ-ի Հանցագործությունների և պատիժների մասին դաշնային օրենքի 390-րդ հոդվածի համաձայն՝ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար Նուրմագոմեդովին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում կամ շուրջ 2700 դոլար տուգանք: Հատկանշական է, որ այս հոդվածի կիրառման համար Դվալիշվիլիի կողմից պաշտոնական բողոք չի պահանջվում. որպես հիմք կարող են ծառայել բացառապես տեսաապացույցները։


Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է Ուսմանին և միջադեպի մյուս մասնակիցներին։ Բացի այդ, ըստ նույն օրենքի 392-րդ հոդվածի, 3 և ավելի անձանց կողմից հարձակում գործելը համարվում է ծանրացնող հանգամանք։

Հյուրանոցի սրահում Ուսման Նուրմագոմեդովի ապտակից սկսված ծեծկռտուքի արդյունքում Մերաբ Դվալիշվիլին ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։



Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին


Հարեվաններ


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ «Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝  նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։



Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 11-ինտեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում Համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման, լիազորությունների հստակեցման և ծառայության արդյունավետության բարձրացման հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Քննարկվել են Համայնքային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների միջև լիազորությունների տարանջատման, կրկնվող աշխատանքների բացառման, ծառայությանը ոչ բնորոշ պարտականությունները համապատասխան պետական մարմիններին փոխանցելու, ինչպես նաև աշխատանքային գործընթացների օպտիմալացման հնարավորությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթություններից է Համայնքային ոստիկանությանն անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելը՝ հնարավորություն ընձեռելով ծառայողներին առավելապես կենտրոնանալու իրենց հիմնական առաքելության՝ համայնքի հետ անմիջական աշխատանքի, հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման վրա։




ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի


Բիզնես


Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։ «Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», – Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։ Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», – հավելել է նա։ Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։

«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։



COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները


Հարեվաններ


Անթալիայում ընթացող՝ կլիմայի փոփոխությանը նվիրված COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, երկկողմ հարաբերությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը պետք է անհապաղ ավարտվի։ Նա հորդորել է դիվանագիտությանը հնարավորություն տալ։

Ավելի վաղ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ամերիկա-իսրայելական հարվածների պատճառած բնապահպանական վնասի համար։



Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին


Հայաստան


Գործադիրը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակներում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսվել է մինչև 28 տարեկան՝ շաքարային դիաբետով բուժառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով ապահովման նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։ Այդ նպատակով նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 19.08.2025 թ. կնքվել է N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը, որի 2-րդ չափաբաժնով նախատեսված է եղել «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը, սակայն «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Ստեղծված իրավիճակում անհնարին է դառնում կնքված պայմանագրի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի հետագա մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։

Հաշվի առնելով նշված դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների կյանքի որակի և առողջության պահպանման համար՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գնումների պլանը և բյուջետային հատկացումների շրջանակներում ապահովել անցումը նույն արտադրողի ավելի նոր, առավել արդյունավետ և շուկայում կայուն հասանելիություն ունեցող նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին։ Նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» (Tresiba) դեղի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիր» դեղի գնից։ Որոշման ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կնքված N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 պայմանագրում կկատարի համապատասխան փոփոխություն՝ 2-րդ՝ «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ 3 մլ» չափաբաժնի համար սահմանելով միավորի նոր գին՝ 7,680 ՀՀ դրամ՝ գործող 5,475.69 ՀՀ դրամ միավորի գնի փոխարեն։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Տրեսիբայի» օրական դեղաչափը միջինում 20-30%-ով պակաս է, քան «Լեվեմիրի» օրական դեղաչափը։ Թեև «Տրեսիբայի» մեկ գրիչ-ներարկչի նախնական գինն ավելի բարձր է (7,680 ՀՀ դրամ), դրա ծախսվող ընդհանուր քանակը 30 տոկոսով պակասում է, ինչը երկարաժամկետ կտրվածքով կոմպենսացնում է գնային տարբերությունը և տնտեսապես ձեռնտու է պետական բյուջեին։



Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է


Հարեվաններ


Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության կազմում. այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ 

«Եվրոպական միությանն անդամակցելը, այդ կառույցին միանալու ձգտումը կամ անդամակցության գործընթացի մեկնարկն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հետ։ Բոլոր ղեկավարներն էլ բաց և անկեղծ խոսում են այդ մասին. պետք է ընտրություն կատարել։ Հուսով եմ, որ դա կլինի հենց հայ ժողովրդի կատարած ընտրությունը։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում որևէ ազդեցություն չի ունենա կառույցի կայունության վրա։ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ գործակցելու հարցում այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է ռուս պաշտոնյան։

Վալենտինա Մատվիենկոն նաև հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ «Ի վերջո, ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելը Հայաստանի իրավասությունն է։ Սակայն կարծում եմ, որ եթե ընտրվի վերջին տարբերակը, Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։



Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքները։ Այս մասին վարչապետը խոսել է թուրքական «TRT World»-ի լրագրողի հետ Անթալիայում կայացած միջոցառման շրջանակում։

«Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, դրական երկխոսություն, և սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Այժմ պետք է վերանորոգենք մեր երկրների միջև երկաթուղին և վերաբացենք այն։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը։ 



Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի


Բիզնես


Կառավարությունը հավանություն է տվել «2026 թ. օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված համաձայնագրերով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել շուրջ 45.0 մլն եվրո, որից վարկային միջոցներ՝ 39.0 մլն եվրո (2 տրանշով) և դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո։

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։

Միաժամանակ նշված կենտրոնը կապահովի մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։



«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան

«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր պարտքային բեռ և սոցիալական լարվածություն։
     1. Միջազգային հիմնական մոդելները
     Տույժ-տուգանքների և չաշխատող տոկոսների ամբողջական/մասնակի ներում
     Փորձը (Վրաստան, Ռումինիա, Արևելյան Եվրոպա). Բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ իրականացնում են ծրագրեր, որտեղ վարկառուին առաջարկվում է վճարել միայն մայր գումարը (կամ մայր գումարի մի մասը), իսկ կուտակված տույժերը, տուգանքները և ապառք տոկոսներն ամբողջությամբ զիջվում են։
     Արդյունքը. Բանկերը հետ են ստանում դուրս գրված/անհույս պորտֆելի իրական դրամական միջոցները, իսկ քաղաքացիներն ազատվում են անվերջ աճող պարտքերից։
     Պետական-բանկային համատեղ ծրագրեր (Պետական աջակցությամբ ամնիստիա)
     Վրաստանի փորձը (2018 թ.). Պետության և մասնավոր հիմնադրամի/բանկերի համագործակցությամբ ավելի քան 600,000 քաղաքացու (չաշխատող սպառողական վարկեր ունեցողների) պարտքերը զրոյացվեցին։ Ծրագիրը թիրախավորել էր մինչև 2,000 լարի (մոտ 700 USD) փոքր անապահով պարտքերը, որոնք ժամկետանց էին 1 տարուց ավելի։
     Արդյունքը. Հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան «սև ցուցակներից» և վերադարձան օրինական աշխատաշուկա ու բանկային համակարգ։
     Ֆիզիկական անձանց սնանկության պարզեցված (արտադատական) մոդել
     Գերմանիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի փորձը. Փոքր անապահով պարտքեր ունեցող քաղաքացիների համար գործում է անվճար կամ էժան արտադատական սնանկացման մեխանիզմ։ Եթե քաղաքացին չունի գույք և եկամուտ, որոշակի ժամկետ լրանալուց հետո (օրինակ՝ 1–3 տարի) պարտքերը օրենքի ուժով չեղարկվում են։
     2. Կիրառելիությունը Հայաստանում և առաջնահերթ քայլերը
     Հայաստանի իրականությունում 420,000 անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար ամենաարդյունավետն է երկաստիճան համակարգված մոտեցումը․
     Օրենսդրական և հարկային խրախուսում բանկերին/ՎԿ-ներին
     Անհրաժեշտ է հարկային արտոնություններ սահմանել այն ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք ներում են անհուսալի վարկառուների տույժերը, տուգանքներն ու ապառքները (որպեսզի ներված գումարը չդիտվի որպես բանկի հարկվող եկամուտ կամ լրացուցիչ պարտավորություն)։
     Տույժ-տուգանքների զրոյացում և մայր գումարի մարման ճկուն ժամանակացույց
     Սպառողական և գյուղատնտեսական փոքր ու միջին վարկերի (մինչև 1.5–2 մլն դրամ) համար կիրառել տույժերի/տուգանքների 100% ներում՝ պայմանով, որ վարկառուն ստանձնում է մայր գումարի մարումը 36–60 ամիսների ընթացքում՝ առանց լրացուցիչ տոկոսների։
     Վարկային պատմության («սև ցուցակների») մաքրում
     Ամնիստիայի ենթարկված կամ պարտավորությունները վերանայված կարգով մարած քաղաքացիների վարկային ռեգիստրի (ԱՔՌԱ) պատմությունը պետք է թարմացվի) վերականգնվի, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ստվերային տնտեսությունից»։