
«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»…
Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը
Վաղարշապատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։
«Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։
Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աստանայում պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Նոյեմբերի 12-ի առավոտյան Աստանայի Կունաև փողոցում՝ Atlant-6 բնակելի համալիրի մերձակայքում, մայթին դոլարանոցներ հիշեցնող թղթադրամներ են հայտնաբերվել։ Ահազանգը ստացվել է «102» կենտրոնում, և դեպքի վայր է մեկնել ոստիկանության կարգախումբը։
Թղթադրամների ու ճամպրուկի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Հրապարակումներում նշվում է, թե գումարը նետել են պատուհանից։ Տարբեր աղբյուրներում ճամպրուկների թիվը տարբեր է ներկայացվում, իսկ թղթադրամների իսկությունն առայժմ հաստատված չէ։ Atlant-ը BI Group ընկերության կառուցած բիզնես դասի բնակելի թաղամաս է, որը գտնվում է Եսիլի շրջանում՝ Կունաև և Սարայշիկ փողոցների միջև։
Կառավարությունը 29,3 մլրդ դրամ կվերաբաշխի առողջության ապահովագրությանը՝ կրճատելով սոցիալական ծրագրերի հատկացումները
Խամենեին ԶՈւ-ին իրավունք է տվել գործողություններ իրականացնել առանց աշխարհագրական սահմանափակումների
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի զինված ուժերին թույլատրել է անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնել առանց աշխարհագրական սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի ավագ խորհրդական Մոհամմադռեզա Նաղդին։
Նաղդիի խոսքով՝ համապատասխան հրամանագիրն իրանցի զինվորականներին գործողությունների լիակատար ազատություն է տալիս՝ հակառակորդի հնարավոր գործողություններին պատասխանելու համար։
«Եթե թշնամին անգամ չնչին սխալ թույլ տա, զինված ուժերը կկարողանան համարժեք պատասխան տալ աշխարհի ցանկացած կետում, որտեղ անհրաժեշտ կհամարեն», — ընդգծել է Նաղդին։
«Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ժամանակագրական հաջորդականությամբ իրադարձություններն այլևս բացահայտված են, որը կատարվել է, ոչ թե խոսակցությունների հիման վրա, այլ տեսախցիկի արձանագրմամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Նա նշեց, որ տեսախցիկը ֆիքսել է, որ Գևորգյանի գանգատից հետո ծառայողը մոտեցել է խցին,այնուհետև նա կանչել է բուժսպասարկումն իրականացնող անձին, վերջինս մտել է խուց, դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնություն։
«Ըստ արձանագրված կանչի և ՔԿՀ հասնելու տևողության, շտապօգնության մեքենան ՔԿՀ է մուտք գործել 16 րոպե հետո»,-ընդգծեց նախարարը։
Արձագանքելով ընդդիմության քննադատություններին՝ Գալյանն ասաց. «Շատ լավ է, որ ընդդիմությունն այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված, այն մեզ ստիպում է շատ ավելի զգոն և աչալուրջ լինել, մի քանի անգամ մեր գործողությունները ստուգել։ Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքով են խոսում, մենք բոլոր մահվան դեպքերով ենք անհանգստանում և սա տարվա ընթացքում 4-րդ մահվան դեպքն է»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ դրանցով ուսումնասիրություններ են տեղի ունենում և հարուցվում են քրեական գործեր։
Նախարարաը նշեց, որ դիմել է առողջապահության նախարարին և տեղեկացել, որ Արսեն Գևորգյանի բժշկական քարտերում սրտի իշեմիկ հիվանդության մասին գրանցումներ չեն եղել, դատական նիստում էլ նա չի ասել որևէ բան։
«Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը և այդ ժամին, րոպեների ընթացքում նրան է մոտեցել ՔԿՀ-ի աշխատակիցը և հերթապահություն իրականացնող բուժսպասարկող անձը»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ Արսեն Գևորգյանը միայնակ գտնվել է 7 քմ տարածքով խցում։
Մեր գործառույթը սկսվում և ավարտվում է այն կետում, որ մենք պետք է ապահովեինք խափանման միջոցի կրման պատշաճ պայմաններ, և պետությունը ապահովեր պատշաճ բժշկական սպասարկում։ Տեղի ունեցածը շատ վատ դեպք է, ոչ մեկն այլ բան չի կարող ասել, մեր պարտականությունն է համոզված լինելը, որ մենք չենք հապաղել։
Շատ նուրբ և շատ էմոցիոնալ հարց է: Ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորում եմ նաև ես։ Շատ ծանր հարց է, նաև ինձ համար: Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ գրում են տարոսը քո երեխային»,- հուզված նշեց Գալյանը՝ ավարտելով ճեպազրույցը:
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Օրերս սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկության գոտով՝ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Կառավարությունը «Վառեմ-մարեմի» շենքը խլեց «Տաշիրի» ձեռքից․ ո՞րն է իրական պատճառը

2024 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատել էր Գյումրու հանրահայտ «Վառեմ-մարեմի» շենքի ամրակայման և վերականգնման նախագիծը, որը պետք է իրականացվեր «Տաշ…
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
Հայ գերիների հարցի լուծումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է. ֆրանսիացի նախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում պետք է քննարկվեն նաև չլուծված մարդասիրական հարցերը, իսկ հայ գերիների խնդրի լուծումը նախապայման է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով լիազոր նախարար Նիկոլա Ֆորիսյեն՝ պատասխանելով սենատոր Մարի-Առլետ Կարլոտիի հարցին։
Սենատորը հետաքրքրվել է բռնի տեղահանված արցախցիներին Ֆրանսիայի աջակցությամբ և Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրով։ Նա հիշեցրել է Բաքվում հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկումը, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձանագրած խախտումները։
«Մենք ողջունել ենք այս տարվա հունվարի 14-ին չորս գերիների վերադարձը Հայաստան և կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,- հայտարարել է Ֆորիսյեն։
Նախարարը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել հայ բնակչության գրեթե ամբողջական տեղահանման կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան շարունակելու է աջակցել տեղահանվածներին՝ օգնության ծավալները համապատասխանեցնելով առկա կարիքներին։
Ֆորիսյեն ընդգծել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման կատարման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ վերադարձի ցանկություն ունեցող անձինք պետք է կարողանան դա անել ազատ և անվտանգ պայմաններում։
