Կոլեգիայի հանդիսավոր նիստում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա կապակցությամբ այսօր հրավիրված Կոլեգիայի հանդիսավոր նիստում Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանին:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ իր հրամանով տեղակալների միջև կատարվել է համակարգման ոլորտների աշխատանքային բաժանում։ Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն այսուհետ համակարգելու է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների աշխատանքները: Իսկ Վաղինակ Մարտիրոսյանը համակարգելու է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործունեությունը։

Ըստ Արթուր Պողոսյանի՝ այս փոփոխություններով զգալիորեն կբարելավվեն վերահսկողական մեխանիզմները և կբարձրացվի քննության արդյունավետությունը։

Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել. Factor

Factor.am-ը գրում է. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ 

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանը մեղադրվում Է խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 

Այսպես. Գառնիկ Սուրենի Ղազարյանը, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես մասնակից գրանցված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի գրանցված թեկնածու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակից Լիանա Գեորգիի Ղահրամանյանի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ընտրողների հետ հանդիպման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարելուց՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26- րդ հասցեում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզչական պաստառները տեղադրելուց հետո, մինչև կուսակցության մյուս գրանցված թեկնածու Հարություն Տիգրանի Մկրտչյանի ժամանելը, Գառնիկ Ղազարյանը, նախընտրական քարոզչություն կատարելու՝ քարոզչական տպագիր նյութեր տարածելու նպատակով շրջել է Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի, Գ.Լուսավորիչ փողոցի 4-րդ տան բնակիչ Համբարձում Գևորգի Ներսիսյանը, իրենց տան մոտ հանդիպելով Գառնիկ Ղազարյանին և տեղեկանալով, որ վերջինը իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է քարոզչական տպագիր նյութեր, ինչպես նաև տեղեկանալով, որ նշված կուսակցության «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ թեկնածու Հարություն Մկրտչյանը նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր, նախընտրական քարոզչության կատարմանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել «Հանրապետություն» կուսակցության թեկանածու Հարություն Մկրտչյանի հասցեին, Գառնիկ Ղազարյանին պահանջել է հեռանալ՝ նշելով նաև, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր: Այդ ընթացքում, Համբարձում Ներսիսյանի հայրը՝ Ոսկեհատ բնակավայրի, Գ.Լուսավորիչ փողոցի փողոցի 4-րդ տան բնակիչ Գևորգի Գրիգորի Ներսիսյանը, լսելով Գառնիկ Ղազարյանի և Համբարձում Ներսիսյանի զրույցը և մոտենալով նրանց, գիտակցելով Համբարձում Ներսիսյանի կողմից կատարվող գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, միանալով նրան, փոխլրացնելով նրա գործողությունները, նախընտրական քարոզչության կատարմանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով Գառնիկ Ղազարյանի հասցեին՝ նույնպես պահանջել է հեռանալ: Չցանկանալով վիճաբանել Համբարձում և Գևորգ Ներսիսյանների հետ, հետագա բարդություններից խուսափելու նպատակով, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, Գառնիկ Ղազարյանը վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցե, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է կուսակցության մյուս թեկանածու Հարություն Շարունակելով վերջնական արդյունքին ուղղված գործողությունները՝ Համբարձում Ներսիսյանը «Տոյոտա» մակնիշի 080 OD 08 համարանիշի ավտոմեքենայով, իսկ Գևորգ Ներսիսյանը «Նիսսան» մակնիշի 10 To 077 համարանիշի ավտոմեքենայով, շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցեում, որի ընթացում Գևորգ Ներսիսյանը նաև իջնելով ավտոմեքենայից զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձիք հեռացել են: Որոշ ժամանակ անց նախընտրական քարոզչության՝ ընտրողների հետ հանդիպման համար, Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցե է ժամանել Հարություն Մկրտչյանը, սակայն, արդեն իսկ տեղյակ լինելով կատարվածի մասին, հետագա հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, Գառնիկ Ղազարյանի հետ որոշել են չկատարել նախապես պլանավորված նախընտրական քարոզչության՝ ընտրողների հետ հանդիպման մասը և ավտոերթ իրականացնելով՝ հեռացել են Ոսկեհատ բնակավայրից։ Այսպիսով, Գևորգ Ներսիսյանը գործողություններով խոչընդոտել են 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Համբարձում Ներսիսյանը իրենց Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչության կատարմանը: Այսինքն՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նույն դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել նաև Գևորգ Ներսիսյանի որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։

Մարիաննա Ղահրամանյանը ԵԽ պաշտոնյանի հետ հանդիպմանը ներկայացրել է «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ–ից։

Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները։ Նախագծի նպատակն է պարզեցնել Եվրոպական միության անդամ երկրներում փորձաքննություն անցած և գրանցված դեղերի՝ Հայաստանում ճանաչման ընթացակարգը։

Մարիաննա Ղահրամանյանի խոսքով օրինագծի ընդունումը կնպաստի բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելու գործընթացի բարելավմանը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման, այլև եվրոպական չափանիշների ներդրման և եվրոպական ինտեգրման տեսանկյունից։

Քրիստեան Շիմեկն արդյունավետ է համարել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ոլորտային ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում ևս համագործակցությունը կլինի շարունակական։ Հյուրը նշել է, որ նախագծի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցի դեղերի որակի և գրանցման խնդիրներով զբաղվող ԵԽ համապատասխան մարմիններին։

Խախտվել է Խաչատրյանների ընտանիքի անդամների մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը

2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեն «Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը․ Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որում նշվել է հետևյալը․ «Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությունը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։

Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։

Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։

Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։

Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։

Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։

Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։

Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերել

Վրաց-ադրբեջանական սահմանին մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են չհայտարարագրված արծաթե իրերի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը, հաղորդում է Georgia Online-ը՝ հղում…

Ժանտախտի կասկած՝ Ռուսաստանում – ABCMEDIA

Ռուսաստանում թոքային ժանտախտի տարածում պաշտոնապես չի հաստատվել, սակայն Իրկուտսկում հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահը միջազգային ուշադրության կենտրոնում է։ Մոտ 200 մարդ հայտնվել է բժշկական հսկողության տակ, իսկ ԱՀԿ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջում։ Հայաստանի իշխանություններն էլ կանխարգելիչ քայլ են ձեռնարկել՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով։

Հայտնի է, թե ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Երբ Մոհամեդ Սալահը մեկ տարի շուտ խզեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, MLS-ը և Սաուդյան պրոֆեսիոնալ լիգան դիտարկվում էին որպես եգիպտացի աստղի հնարավոր նոր ակումբներ։ Սակայն այս ամառ նա ցնցեց ֆուտբոլային աշխարհը՝ պայմանագիր կնքելով թուրքական Սուպերլիգայի «Տրաբզոնսպորի» հետ։

Առաջին հայացքից թվում է, թե Սալահը համաձայնել է ավելի ցածր վարձատրության։ Անգլիայում անցկացրած իր վերջին մրցաշրջանում նա խաղադաշտում վաստակել էր մոտ 35 միլիոն դոլար։ Ակումբի հրապարակած տվյալների համաձայն՝ «Տրաբզոնսպորում» երկու տարվա պայմանագրի շրջանակում Սալահը յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 19,7 միլիոն դոլար (17 միլիոն եվրո) երաշխավորված վարձատրություն՝ բաղկացած հիմնական աշխատավարձից և պայմանագրի կնքման համար նախատեսված վճարներից։

Թեև դեռ հայտնի չէ, թե որքան կկազմի Սալահի վերջնական եկամուտը, 34-ամյա ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մարզաձևի ամենաբարձր վարձատրվող խաղացողների շարքում։ Հաշվի առնելով խաղադաշտից դուրս գործունեությունից ստացվող 20 միլիոն դոլարը՝ այս մրցաշրջանում Սալահի ընդհանուր եկամուտը (մինչև հարկերի և գործակալների վճարների հանումը) կկազմի մոտ 40 միլիոն դոլար։

Այս հանգամանքը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակի 10-րդ համարը. մի խումբ, որը ներառում է հայտնի աստղերի և որի ընդհանուր եկամուտը 2026-27 մրցաշրջանում ակնկալվում է, որ կկազմի 935 միլիոն դոլար։ Սա 1%-ով ավելին է նախորդ մրցաշրջանի 924 միլիոն դոլարից, ինչը համընկնում է այն իրողության հետ, որ լավագույն խաղացողների շրջանում տեղափոխություններ գրեթե չեն եղել (բացառությամբ Սալահի՝ Թուրքիա տեղափոխվելու դեպքի)։

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները

Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 300 միլիոն դոլար (250 միլիոն դոլար՝ աշխատավարձ և բոնուսներ + 50 միլիոն դոլար՝ ոչ ֆուտբոլային գործունեություն)

Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») – 150 միլիոն դոլար (75+75 միլիոն դոլար)

Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 105 միլիոն դոլար (70+35 միլիոն դոլար)

Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 85 միլիոն դոլար (60+25 միլիոն դոլար)

Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 67 միլիոն դոլար (45+22 միլիոն դոլար)

Սադիո Մանե («Ալ Նասր») – 54 միլիոն դոլար (50+4 միլիոն դոլար)

Լամին Յամալ («Բարսելոնա») – 47 միլիոն դոլար (35+12 միլիոն դոլար)

Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») – 45 միլիոն դոլար (29+16 միլիոն դոլար)

Հարի Քեյն («Բավարիա») – 42 միլիոն դոլար (30+12 միլիոն դոլար)

Մոհամեդ Սալահ («Տրաբզոնսպոր») – 40 միլիոն դոլար (20+20 միլիոն դոլար)

Մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում, Իրանում և Վրաստանում․ բանաձև

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որը նվիրված էր Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին։

Բանաձևի հիմնական դրույթները

• Ադրբեջան. Պատգամավորները դատապարտել են ակտիվիստների և լրագրողների (ներառյալ Ալի Քարիմլիի, Անար Մամեդլիի և Անար Աբդուլլաևի) քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, պահանջել նրանց ազատ արձակել և կոչ արել, որ Բաքվի հետ ԵՄ-ի ցանկացած ապագա գործընկերություն պայմանավորվի մարդու իրավունքների ոլորտում առաջընթացով և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ։

• Իրան. Եվրախորհրդարանը պահանջել է ընդլայնել պատժամիջոցները Իրանի իշխանությունների նկատմամբ՝ քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող դաժան ճնշումների պատճառով։

• Վրաստան. պատգամավորները դատապարտել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության փորձերը արգելելու հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունը, պահանջել հետ վերցնել համապատասխան սահմանադրական հայցերը և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել երկրի ղեկավարության՝ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի նկատմամբ։

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին մեղավոր են ճանաչվել․ Sputnik Արմենիա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել․ հայտնում է Sputnik Արմենիա-ն։

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, այսօր մեղադրական վերդիկտ է կայացրել։

Լրացուցիչ դատալսումների օր է նշանակվել հոկտեմբերի 15-ը։

Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։