Մարիաննա Ղահրամանյանը ԵԽ պաշտոնյանի հետ հանդիպմանը ներկայացրել է «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ–ից։

Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները։ Նախագծի նպատակն է պարզեցնել Եվրոպական միության անդամ երկրներում փորձաքննություն անցած և գրանցված դեղերի՝ Հայաստանում ճանաչման ընթացակարգը։

Մարիաննա Ղահրամանյանի խոսքով օրինագծի ընդունումը կնպաստի բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելու գործընթացի բարելավմանը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման, այլև եվրոպական չափանիշների ներդրման և եվրոպական ինտեգրման տեսանկյունից։

Քրիստեան Շիմեկն արդյունավետ է համարել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ոլորտային ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում ևս համագործակցությունը կլինի շարունակական։ Հյուրը նշել է, որ նախագծի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցի դեղերի որակի և գրանցման խնդիրներով զբաղվող ԵԽ համապատասխան մարմիններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *