«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP, TRIPP, ինչպես Փաշինյանն էր ասել` դարձրել են «Բրյուս Լին»:
     Հիմա ըստ էության.
     Ադրբեջանի ամենատարբեր մակարդակների դեմոկրատական, սկսած նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովից, ամեն կերպ հասկացնում են, որ մեղմ ասած թքած ունեն TRIPP-ի վրա էլ, Թրամփի վրա էլ:
     Խորքում նրանք արտահայտում են իրական քաղաքականության տրամաբանությունը, որը նրանք պատրաստվում են վարել:
     Ակնհայտ է, որ Թրամփի իշխանության փոփոխությունը կբերի փոփոխություններ նաև Հարավային Կովկասի առաջնահերթությունների մեջ: Իսկ դա կախված է ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից և ամերիկյան առաջնահերթություններից:
     Ալիևը հասկանում է, որ պահպանելով Հայաստանի նկատմամբ ռազմա-քաղաքական գերազանցություն, պատերազմի շանտաժի գործիքը միշտ կաշխատի, իսկ վերափոխվող աշխարհում գերտերությունների առաջնահերթությունների փոփոխությունը կստեղծի հնարավորություն Հայաստանի նկատմամբ նոր ճնշման, շանտաժի և սահող օկուպացիայի համար:
     Հայաստանի իշխանությունը հավանաբար հույսը դրել է հարաբերությունների հաստատման միջոցով կառավարելի դարձնել Ադրբեջանի հավակնությունները, կամ արտաքին աջակցությամբ դրանք սահմանափակել, դասեր չքաղելով Շառլ Միշելի ու Մակրոնի խոստումներից Արցախի հարցում զիջումների դիմաց…
     Այնուամենայնիվ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի տեսանելի ապագայում հաղթահարել երեք խնդիրների լուծում.
     1. Բանակի մոդեռնիզացիա և ռազմական արդյունաբերության զարգացում` տեխնոլոգիական բանակի կառուցմամբ, վերականգնելով ռազմական հավասարակշռությունը,
     2. Ներհասարակական համերաշխության վերականգնում և կառավարման որակի բարելավում, արտաքին և ներքին հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորմամբ:
     3. Տնտեսական զարգացման տեխնոլոգիական և ինդուստրիալ ճյուղերի զարգացումը, որպես պետության դիմադրողականության սնուցող:
     Հակառակը սպասարկում է բացառապես Ադրբեջանի ռազմավարական նպատակները, որտեղ TRIPP-ը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում ալիևյան ուղի…»։

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ 2020 թվական…

BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ

BMW-ն փորձարկում է i3 Touring էլեկտրական ունիվերսալը, որը պետք է ընդլայնի Neue Klasse էլեկտրական մեքենաների ընտանիքը։ Մասնակի քողարկմամբ նախատիպը նկատել են Նյուրբուրգրինգի մայրուղում։ Նոր մոդելի պրեմիերան սպասվում է 2027 թվականին, գրել է Motor 1-ը։

i3 սեդանի համեմատ՝ ունիվերսալը կունենա երկարացված տանիք և թափքի ավելի գործնական հետնամաս՝ բեռնախցիկի մեծ դռնով։ Առջևի հատվածը, դատելով փորձարկվող նախատիպից, գրեթե նույնը կլինի, ինչ սեդանինը։

Ավտոմեքենայի տանիքին տեսանելի է համայնապատկերային ապակե վահանակը։ Հավանաբար, այն կլինի անշարժ՝ առանց սահող հատվածի։ Մեկ այլ հնարավոր փոփոխություն վերաբերում է հետևի դռանը․ նախատիպի վրա չի երևում հետևի ապակին բեռնախցիկի հիմնական դռնից անկախ բացելու առանձին կոճակ։ BMW-ն արդեն հրաժարվել է այս գործառույթից 5 Series և i5 Touring ունիվերսալներում։ Ընկերությունում որոշումը բացատրել են աերոդինամիկայի պահանջներով։

Սրահը, ենթադրաբար, կկրկնի i3 սեդանի ձևավորումը։ Կլինեն մեծ կենտրոնական էկրան, դիմապակու ստորին հատվածում տեղեկատվության պրոյեկցիա և ֆիզիկական կոճակների կրճատված քանակ։

Ունիվերսալի գլխավոր առավելությունը կլինի տարողունակ բեռնախցիկը։ i3 սեդանի դեպքում դրա ծավալը 420 լիտր է, իսկ Touring-ի բեռնային տարածքը պետք է ավելի մեծ լինի։ Առջևի՝ 31 լիտր ծավալով բեռնախցիկը, հավանաբար, կպահպանվի։

Էլեկտրական ունիվերսալի արտադրությունը կկազմակերպվի Մյունխենի BMW գործարանում։ Միաժամանակ, ներքին այրման շարժիչով ապագա 3 Series ունիվերսալը, եթե ընկերությունը թողարկի դրա նոր սերունդը, կկառուցվի այլ հարթակի վրա և կարտադրվի Դինգոլֆինգում։

Հետագայում BMW-ն կարող է ներկայացնել նաև ունիվերսալի սպորտային տարբերակները։ Հնարավոր տարբերակների թվում նշվում են i3 M60-ը և չորս էլեկտրաշարժիչով ամբողջովին էլեկտրական M3 Touring-ը։ Սակայն այս տարբերակները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

«Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը

Իտալացի շեֆ-խոհարար Դավիդե Տամբուրելան չի կարողացել վիճարկել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի La Costa ռեստորանից իր հեռացումը, որը տեղի է ունեցել խոզապուխտով և արքայախնձորով պիցցա պատրաստելուց հրաժարվելուց հետո, գրել է ABC News-ը։

Ավստրալիայի աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովը մերժել է նրա դիմումը, քանի որ այն ներկայացվել էր սահմանված ժամկետից ուշ։

Տամբուրելային աշխատանքից ազատել են 2026 թվականի մայիսի 20-ին՝ ղեկավարության հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են դժգոհությունները նրա աշխատանքից։ Դրանց թվում էր միջոցառման հյուրերի համար խոզապուխտով և արքայախնձորով պիցցա պատրաստելուց հրաժարվելը։ Խոհարարը բացատրել է, որ պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնելը համարում է վիրավորանք իտալական մշակույթի նկատմամբ։ Հանձնաժողովի տվյալներով՝ չորս տարվա ընթացքում նա երեք անգամ հրաժարվել է կատարել նման խնդրանքներ։

Սակայն այս դրվագը գործատուի միակ դժգոհությունը չէր։ Ղեկավարությունը նաև մատնանշել է հույզերի անպատշաճ դրսևորումը, գործընկերների հետ շփման խնդիրները, հյուրերին սպասարկելու վարքագիծը և հրահանգները չկատարելը։ Ռեստորանի սեփականատեր Էլիոթ Ինգրեմը հայտնել է, որ աշխատանքից ազատելու որոշումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, թեև պիցցայի շուրջ ծագած վեճն ազդել է դրա վրա։

Տամբուրելան նաև պնդել է, որ իր հեռացումը կարող էր կապված լինել աշխատանքային վնասվածքի հետ. ապրիլին նա աշխատավայրում կոտրել էր աջ ձեռքի երկու ոսկոր։ Նա հանձնաժողովին խնդրել է թույլատրել բողոքը ներկայացնել ժամկետն անցնելուց հետո՝ ուշացումը բացատրելով առողջական խնդիրներով, սթրեսով և ներգաղթային կարգավիճակի վերաբերյալ իր մտավախություններով։

Կանոնների համաձայն՝ աշխատանքից ազատումը վիճարկելու դիմումը պետք է ներկայացնել 21 օրվա ընթացքում։ Տամբուրելան հանձնաժողովին դիմել է 28 օր ուշացումով։ Կոմիսար Ջենիֆեր Հանթը որոշել է, որ ներկայացված հանգամանքները բացառիկ չեն և չեն հիմնավորում ժամկետի երկարաձգումը։ Միաժամանակ, հանձնաժողովը վերջնական որոշում չի կայացրել աշխատանքից ազատման հետ կապված բոլոր մեղադրանքների էության վերաբերյալ։

La Costa ռեստորանը հետագայում փակվել է։ Տամբուրելան աշխատանքի է անցել որպես շեֆ-խոհարար մեկ այլ իտալական ռեստորանում։

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Գիտնականները ստեղծել են Երկրի համակարգչային մոդել, որի վրա երբեք կյանք չի եղել։ Այն թույլ է տալիս հետևել, թե ինչպես կփոխվեին մթնոլորտն ու մոլորակի մյուս շերտերը երկրաբանական գործընթացների ազդեցությամբ, և կօգնի աստղագետներին տարբերել բնակեցված աշխարհներն այն աշխարհներից, որտեղ իսկապես կարող է կյանք գոյություն ունենալ։

Հետազոտությունը հրապարակվել է The Planetary Science Journal ամսագրում։

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները մոդելավորել են Երկրի զարգացումը հինգ միլիարդ տարվա ընթացքում՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ դրա ձևավորումից մինչև 500 միլիոն տարի հետո սպասվող ապագան։ Մոդելը հաշվի է առնում քիմիական նյութերի փոխանակումը միջուկի, մանտիայի, երկրակեղևի, մակերևույթի և մթնոլորտի միջև, սակայն բացառում է կենդանի օրգանիզմների ազդեցությունը։

Ստուգման ընթացքում մոդելավորումը ճիշտ է վերարտադրել մոլորակի 19 բնութագիր, այդ թվում՝ մանտիայի միջով անցնող ջերմային հոսքը։ Հեղինակների խոսքով՝ այժմ այն կարելի է հարմարեցնել Արեգակնային համակարգից դուրս գտնվող այլ քարային մոլորակների ուսումնասիրությանը։

Սա կարևոր է արտերկրային կյանքի որոնման համար։ Ջրի և կյանքի գոյության համար հարմար մթնոլորտի հայտնաբերումը դեռ չի նշանակում, թե մոլորակի վրա որևէ մեկը բնակվում է։ Ավելի հիմնավոր եզրակացություն անելու համար գիտնականները պետք է հասկանան, թե որ քիմիական նյութերը կարող են մթնոլորտում կուտակվել բացառապես երկրաբանական գործընթացների շնորհիվ։

Երկրի վրա կենդանի օրգանիզմներն անընդհատ արտազատում են թթվածին և մեթան։ Այս գազերը միմյանց հետ քիմիական ռեակցիաների մեջ են մտնում, ուստի մթնոլորտում դրանց միաժամանակյա առկայությունը կարող է վկայել պաշարների շարունակական համալրման մասին։ Սակայն նման ազդանշանները հուսալիորեն մեկնաբանելու համար աստղագետները պետք է դիտարկումները համեմատեն այնպիսի մոլորակների մոդելների հետ, որոնց վրա կյանք չկա։

Նոր մշակումը կօգնի ստուգել՝ արդյոք հնարավոր է բացատրել հեռավոր աշխարհի մթնոլորտի բաղադրությունն առանց կենդանի օրգանիզմների մասնակցության։ Եթե դիտարկումները չհաջողվի համապատասխանեցնել մոդելին, այդպիսի մոլորակը կարող է հատկապես հետաքրքիր դառնալ հետագա ուսումնասիրության համար։

Հեղինակները նաև ակնկալում են, որ մոդելը կօգնի մշակել ապագա աստղադիտակներ, որոնք նախատեսված կլինեն էկզոմոլորակների վրա կյանքի նշաններ որոնելու համար։

Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր

Սնդիկը, որը հին մայաներն օգտագործում էին շենքերը, խեցեղենն ու թաղման վայրերը զարդարելու համար, կարող էր հանգեցնել լճերի աղտոտման և երկու ջրային էկոհամակարգերի ոչնչացման։ Այս եզրակացության են հանգել Յուկատան թերակղզու հյուսիսում հատակային նստվածքներն ուսումնասիրած հետազոտողները։

Աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Նրանց կարծիքով՝ թունավոր աղտոտումը կարող էր լրացուցիչ գործոն դառնալ՝ խորացնելով բնապահպանական խնդիրները մայաների քաղաքակրթության ծաղկման շրջանում։

ԱՄՆ Օբերնի համալսարանի գիտնականները՝ Մեթյու Նիլ Ուոթերսի գլխավորությամբ, հատակային նստվածքների նմուշներ են վերցրել Կոբա լճից և Շկաչ սենոտից՝ կարստային իջվածքում գտնվող բնական ջրամբարից։ Փայտի և փայտածխի վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ շերտեր ձևավորվել են ավելի քան երկու հազար տարի առաջ։ Այնուհետև հետազոտողները չափել են տարբեր ժամանակաշրջանների նստվածքներում սնդիկի պարունակությունը և ուսումնասիրել ջրիմուռների, մանրէների ու մանր ջրային կենդանիների մնացորդները։

Կոբա լճում սնդիկի խտությունը սկսել է աճել մոտավորապես մեր թվարկության 40 թվականին և առավելագույնին է հասել 250–300 թվականներին։ Մինչև 520 թվականը ցուցանիշները վերադարձել են բնական մակարդակին։ Շկաչ սենոտում աղտոտումն ավելի ուժեղ է եղել և ավելի երկար է տևել. առավելագույն արժեքները գրանցվել են մոտավորապես 720 թվականին։

Սնդիկի բարձր խտության ժամանակաշրջանները համընկել են ջրային էկոհամակարգերում լուրջ փոփոխությունների հետ։ Ջրիմուռների և մանրէների հետքերը զգալիորեն նվազել են, իսկ մանր ջրային կենդանիների մնացորդները՝ գրեթե անհետացել։

Ուսումնասիրված մյուս երկու լճերում սնդիկի բարձր պարունակություն չի հայտնաբերվել։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ աղտոտումը պայմանավորված չի եղել մթնոլորտի միջոցով սնդիկի տարածմամբ։ Ամենայն հավանականությամբ, մետաղը կամ այն պարունակող կարմիր հանքանյութը՝ կինովարը, ջրամբարներ են ներթափանցել շրջակա տարածքներից, որտեղ դրանք օգտագործում էին մայաները։

Հետազոտողները կարծում են, որ աղտոտումը կարող էր ազդել նաև մերձակայքում ապրող մարդկանց վրա։ Սնդիկի երկարատև ազդեցությունը, հավանաբար, խորացրել է երաշտների և անտառահատումների հետևանքները։

Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Սենեգալի ներքին գործերի նախարարության տվյալներով, շաբաթ երեկոյան փրկարարներին հաջողվել է մեկ փրկվածի հայտնաբերել։ Որոնողական գործողությանը լրացուցիչ ուժեր են ներգրավվել, որոնք շարունակում են հնարավոր փրկվածների որոնումները։ Թե քանի մարդ է եղել նավում, առայժմ հայտնի չէ։

Նավը խորտակվել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարից հյուսիս գտնվող Կեբեմեր քաղաքի ափերի մոտ։ Երկրի ներքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի դեպքի վայր։

Արևմտյան Աֆրիկայից Ատլանտյան օվկիանոսով դեպի Իսպանիայի Կանարյան կղզիներ տանող ուղին շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն երթուղիներից մեկը։

ՀՕՊ ստորաբաժանումներ են կազմավորվել․ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյան

«Զինված ուժերի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինությանը, պատրաստվածության վիճակին։ Կարող եմ հպարտությամբ հայտնել, որ նշված ստորաբաժանումներն արդեն կազմավորված են»,- նշել է գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանը։

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին, ժամը 23։07-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու։

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով, սակայն վերջնական ստորագրությունը դեռ չի դրվել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը այսօր մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի ավարտին 6-րդ տարուն նվիրված միջոցառմանը: