Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Հոկտեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացած 3-ամյա աղջնակի մայրը պնդում է, որ բժիշկները անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացրել և պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխայի առողջական վիճակի վերաբերյալ իրենց ներկայացրած գանգատներին։

Կնոջ խոսքով՝ չնայած բարձր ջերմությանը, թուլությանը՝ բժիշկները սկզբում երեխայի վիճակը կապել են սեզոնային վիրուսային վարակի հետ, ավելի ուշ բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Մայրը պահանջում է դեպքի հանգամանքների համակողմանի քննություն։

NEWS.am-ի հետ հարցազրույցում աղջնակի մայրը` Աստղիկ Գևորգյանը, պատմել է, որ ողբերգությունից երկու-երեք շաբաթ առաջ դուստրը հիվանդացել էր․ բարձր ջերմություն ուներ, կոկորդը կարմրած էր։ Պոլիկլինիկա դիմելուց հետո երեխային հակաբիոտիկներ էին նշանակել։ Բուժման արդյունքում ջերմությունն իջել էր, կոկորդի կարմրությունն անցել։

Սակայն գիշերը երեխայի ջերմությունը կրկին բարձրացել է։ Ծնողները սկզբում ենթադրել են, որ դա կարող է կապված լինել ատամների ծկթման հետ, սակայն բժշկի զննումից հետո նրանց խորհուրդ է տրվել երեխային տեղափոխել հիվանդանոց՝ ավելի մանրամասն հետազոտությունների համար։ Մոր խոսքով՝ բժիշկը նաև նկատել էր երեխայի արտահայտված թուլությունը։

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-16:00-ի սահմաններում, աղջնակին տեղափոխել են հիվանդանոց։ Զննման պահին նրա ջերմությունը մոտ 39.8 աստիճան է եղել։ Բժիշկը նկատել է կոկորդի թեթև կարմրություն, որից հետո երեխային ջերմիջեցնող դեղորայք են տվել։

«Ես բժշկին ասացի, որ ջերմությունը կարող էինք իջեցնել նաև տանը, քանի որ անհրաժեշտ բոլոր դեղերն ունեինք։ Բայց որոշեցի մնալ հիվանդանոցում՝ հույս ունենալով, որ երեխային ավելի մանրամասն կհետազոտեն և կպարզեն նրա վիճակի պատճառը»,- պատմել է Աստղիկը։

Կնոջ խոսքով՝ երեխայի կողքին սկզբում մնացել է տատիկը, իսկ ինքը գնացել է տուն՝ անհրաժեշտ իրերն ու սնունդը բերելու։ Սակայն վերադառնալուց հետո մայրն ու ամուսինը մինչև գիշերվա ժամը 4-ը սպասել են հիվանդանոցի մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ իրենց կկանչեն։

Ժամը 23:30-ի սահմաններում Աստղիկը հեռախոսով խոսել է դստեր հետ։ Նրա խոսքով՝ այդ պահին երեխայի վիճակն արդեն որոշակիորեն լավացել էր, ջերմությունն իջել էր։ Աղջնակը մորն ասել էր, որ երկու օրից տուն կվերադառնա։

Սակայն առավոտյան ընտանիքին հայտնել են, որ երեխային թոքերի հետազոտության նպատակով ռենտգեն հետազոտության են տարել։ Ավելի ուշ, մոր խոսքով, բժիշկը տեղեկացրել է, որ թոքերի հետ կապված լուրջ խնդիր չկա, առկա է միայն բրոնխների թեթև ախտահարում, իսկ արյան անալիզը ցույց է տվել վիրուսային վարակի առկայություն։

Աստղիկը պնդում է, որ այդ ընթացքում դստեր վիճակը շարունակել է վատանալ, մինչդեռ բժիշկները շարունակել են հանգստացնել հարազատներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Մայրը շեշտում է, որ հենց սկզբից բժշկական անձնակազմին տեղեկացրել է երեխայի բոլոր գանգատների մասին։ Մասնավորապես, աղջնակը բողոքել է աջ այտի և ականջի ցավից։ Ծնողները բժիշկների ուշադրությունն են հրավիրել նաև բարձր ջերմության և երեխայի արտահայտված թուլության վրա։

«Մենք հենց սկզբից բժշկին ներկայացրել ենք բոլոր ախտանշանները։ Ասել ենք, որ երեխայի աջ այտն ու ականջն են ցավում, որ բարձր ջերմություն ունի։ Բայց բժիշկը գրեթե անմիջապես որոշել է, որ դա սեզոնային վիրուսներից մեկն է, մինչդեռ երեխան դեռ լիարժեք հետազոտություն չէր անցել»,- հայտարարել է կինը։

Աստղիկի պնդմամբ՝ հիվանդանոցում երեխայից արյան անալիզ են վերցրել և ռենտգեն հետազոտություն իրականացրել, սակայն այլ հետազոտություններ չեն կատարվել։ Մեզի անալիզ հանձնելու անհրաժեշտության մասին իրեն հայտնել են ավելի ուշ՝ բժշկի հետ կրկին խոսելուց հետո։

Մոր խոսքով՝ երբ երեխային բերել են մեզի անալիզ հանձնելու, նրա վիճակն արդեն ծայրահեղ ծանր է եղել։ Այդ պահին աղջնակի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Աստղիկը պնդում է, որ երեխան արդեն չէր արձագանքում։

Ինչպես պատմել է կինը, բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մինչ այդ բժիշկներից ոչ ոք ընտանիքին չէր հայտնել այդ հիվանդության կասկածի առկայության մասին կամ չէր բացատրել, թե ինչ կարող էր լինել երեխայի վիճակի վատթարացման պատճառը։

«Ինձ ոչ ոք չի ասել, որ իմ երեխան մենինգիտ ունի։ Ոչ ոք չի բացատրել, թե ինչու է ջերմությունը բարձրացել և ինչ է կատարվում նրա օրգանիզմում։ Եթե մեզ տեղեկացնեին նման խնդրի մասին, գոնե կհասկանայինք, թե ինչի հետ գործ ունենք։ Բայց նման բան չի եղել»,- նշել է մայրը։

Աստղիկը տեղի ունեցածը կապում է բժշկական անձնակազմի անուշադրության և երեխային ժամանակին անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու հետ։ Նա պահանջում է բժիշկների գործողությունների մանրակրկիտ քննություն և դստեր մահվան բոլոր հանգամանքների պարզաբանում։

«Ես շատ հույս ունեմ, որ այս գործով լուրջ քննություն կիրականացվի։ Պետք է հասնել նրան, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, և մյուս ծնողներն էլ չհայտնվեն նույն իրավիճակում»,- ասել է մայրը։

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից մեկնելուն և արտերկրում հավատացյալների հետ հանդիպելուն խոչընդոտելու փորձերի մեջ։ Այս մասին նա հայտարարել է Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ հավատացյալներին ուղղված ուղերձում։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք Եկեղեցու հալածանքի քաղաքականություն են վարում, մեզ զրկել են այս օրվա ուրախությունը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կիսելու հնարավորությունից», — ասել է արքեպիսկոպոսը։

Ըստ նրա, կաթողիկոսը պետք է ներկա լիներ հանդիսավոր միջոցառմանը, հավատացյալներին փոխանցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը։

Սակայն, ինչպես նշել է արքեպիսկոպոսը, իշխանությունները փորձում են խոչընդոտել նրա մեկնումը Հայաստանից։

«Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքների միջոցով փորձում են խոչընդոտել Նորին Սրբության՝ Հայաստանի սահմաններից դուրս գալուն և աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին այցելելուն», — հայտարարել է նա։

Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ, չնայած առաջացող դժվարություններին, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է համախմբել հավատացյալներին։

«Ինչ փորձություններ էլ բաժին ընկնեն Եկեղեցուն, ինչ խոչընդոտներ էլ առաջանան նրա ճանապարհին, այդ ամենն անցողիկ է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ», — ասել է Ներսիսյանը։

Նա նաև հավատացյալներին կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար՝ մաղթելով նրան հոգևոր ամրություն, ուժ և Աստծո օգնությունը հայրապետական ծառայության մեջ։ Ուղերձի ավարտին արքեպիսկոպոսը եկեղեցու հետևորդներին կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը Հայրենիքին, Հայ Առաքելական Եեկեղեցուն և նախնիների ժառանգությանը։

Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան


Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան

ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է․ վարչապետ


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ 2003 թվականին Սլովակիայում տեղի ունեցած ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է։ Նրա կարծիքով, ձայնքերի ոչ մե…

Ռուսաստանի դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։

Ըստ նրա, հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ Հայաստանի որոշումը կազդի նաև երկու երկրների տնտեսական համագործակցության վրա։

«Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց, իհարկե, այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում», — ասել է Կոպիրկինը։

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը հայտարարել է ազգային անվտանգության ապահովման համակարգի վերանայման մասին, սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ է որդեգրել։ 2025 թվականին երկիրը նաև օրենք է ընդունել Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին։

Կոպիրկինը նշել է, որ ռուսաստանյան կողմը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր ինտեգրացիոն ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը պահպանելը Երևանի առջև դնում են հետագա ուղեգիծն ընտրելու հարցը։

«Պետք է ընտրություն կատարել։ Մեր կարծիքով, իհարկե, Հայաստանի Հանրապետության շահերից է բխում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը պահպանելը, քանի որ դա իսկապես շատ լուրջ արտոնություններ է տալիս», — հայտարարել է դիվանագետը։

Նա նշել է, որ ռուսաստանյան կողմի գնահատմամբ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար շահավետ է ապրանքաշրջանառության և տնտեսության աճի տեսանկյունից։ Միաժամանակ Կոպիրկինն ընդգծել է, որ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ որոշումը մնում է հայկական պետության ինքնիշխան իրավունքը։

«Ռուսաստանի համար Հայաստանը միշտ եղել է, կա և, ես խորապես համոզված եմ, կլինի շատ կարևոր երկիր։ Մեր ժողովուրդների միջև հարաբերություններն առանձնահատուկ և մնայուն արժեք ունեն», — ասել է դեսպանը։

Կոպիրկինը հավելել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը նույնպես կախված կլինի նրանից, թե Երևանն ինչ ինտեգրացիոն ուղեգիծ կընտրի։

Կրասնոյարսկում ոստիկանները գնդակահարել են բնակելի տների մոտ հայտնված և մարդկանց վրա հարձակվել պատրաստվող արջին

Կրասնոյարսկի Սվերդլովսկի շրջանում ոստիկանները կրակելով սպանել են բնակելի տների մոտ հայտնված և մարդկանց համար վտանգ ներկայացնող արջին։ Կենդանին մռնչում էր, նպատակաուղղված մոտենում քաղաքացիներին և քիչ էր մնում հոշոտեր թափառող շանը, հայտնում է Կրասնոյարսկի երկրամասում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները Կոլխոզնայա փողոց են ժամանել տեղի բնակիչների ահազանգից հետո։ Տեղում նրանք գիշատչին հայտնաբերել են 2-րդ Բորովայա փողոցի տներից մեկի մոտ։

«Գիշատիչն իրեն ագրեսիվ էր պահում և սկսեց նպատակաուղղված շարժվել դեպի ոստիկաններն ու մոտակայքում գտնվող քաղաքացիները», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ոստիկանները գնդակահարել են արջին, քանի որ նրա վարքն անմիջական սպառնալիք էր ներկայացնում մարդկանց անվտանգության համար։

Ռուսաստանում հաճախակիացել են բնակավայրերի մոտ արջերի հայտնվելու դեպքերը, այդ թվում՝ Սիբիրում և Հեռավոր Արևելքում։

ТАСС-ի հաշվարկներով, 2026 թվականի սկզբից այս կենդանիների հարձակումների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել։ Մահվան ելքով ամենաշատ դեպքերը՝ 9, գրանցվել են Կրասնոդարի երկրամասում։

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևի տվյալներով, վերջին 30 տարում երկրում գորշ արջերի թվաքանակն ավելի քան կրկնապատկվել է։ Ներկայումս այն գերազանցում է 300 հազարը։

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է համարել հայկական կողմի համար։

Ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեությանն առնչվող հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։

«Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», — հայտարարել է Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է հետագա համագործակցության ինչպես երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով հայկական կողմի շահերն ու կարիքները։

Կոպիրկինը նաև հայտնել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի կոնցեսիային առնչվող հարցերը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ գործընթացների փոփոխությունները։

Պատասխանելով երկաթուղային տրանսպորտի և ատոմային էներգետիկայի ոլորտներում Երևանի և Մոսկվայի միջև հնարավոր փոխադարձ զիջումների մասին հարցին՝ դիվանագետը հայտարարել է, որ նախընտրում է չօգտագործել «սակարկություն» բառը։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ համակողմանի գնահատական կտան մեր հարաբերություններում հասունացած հարցերին, և դա հետագա բանակցությունների առարկա է։ Ամենակարևորն այն է, որ քննարկումն ընթանա կառուցողական հունով՝ հիմնվելով փոխադարձ քաղաքական կամքի վրա», — ասել է ՌԴ դեսպանը։

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին նոր հարվածներ հասցնելը ծայրահեղ քիչ հավանական է՝ պայմանով, որ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում առաջընթաց գրանցվի։
     «Դա կախված է նրանից, թե արդյոք նրանք կստորագրեն շատ լուրջ համաձայնագիր։ Ծայրահեղ քիչ հավանական է, որ դրա կարիքը կլինի… Ամենայն հավանականությամբ, դրա անհրաժեշտությունը չի առաջանա։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը CNN հեռուստաալիքին։

Մի երկիր, որը Սաֆարnվ է փառաբանում, ինչպես կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Արամ Վարդևանյան


Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը, հայտար…

Նորընտիր դեմոկրատ սենատորը կոչ է արել կենտրոնանալ Իրանի հետ պատերազմի դադարեցման, այլ ոչ թե Թրամփի դեմ հետաքննությունների վրա

Կանզասից նորընտիր սենատոր Ադամ Հեմիլթոնը, որին հաջողվել է ավանդաբար հանրապետականներին աջակցող նահանգը թեքել դեպի դեմոկրատները, հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը պետք է առաջին հերթին զբաղվի կյանքի ծախսերի նվազեցմամբ, Իրանի հետ պատերազմի դադարեցմամբ և մաքսատուրքային քաղաքականության վերանայմամբ։ Նա ընդգծել է, որ «խորապես հիասթափված» կլիներ, եթե Սենատում իր աշխատանքի առաջին երկու տարիները հիմնականում անցնեին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության հետաքննությունների վրա։

«Ինձ համար և, կարծում եմ, ամերիկացիների մեծ մասի, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են աշխատավարձից աշխատավարձ, գլխավոր առաջնահերթությունն այս խնդրանքն է. «Խնդրում ենք, օգնեք մեզ հոգալ կյանքի ծախսերը»», — կիրակի օրը NBC News-ի Meet the Press հաղորդման եթերում ասել է Հեմիլթոնը։

Ըստ նրա, նոր Կոնգրեսը պետք է անհապաղ կենտրոնանա Իրանի հետ պատերազմի ավարտի և մաքսատուրքային միջոցառումների չեղարկման վրա։

«Եթե հաջորդ երկու տարիները՝ Սենատում իմ աշխատանքի առաջին երկու տարիները, անցկացնեի հետաքննություններով զբաղվելով, խորապես հիասթափված կլինեի։ Ես ուզում եմ գործի անցնել՝ օգնելով իմ նահանգի և ամբողջ երկրի բնակիչներին», — հայտարարել է քաղաքական գործիչը։

Երեքշաբթի կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակից հետո, որը կուսակցությանը հնարավորություն տվեց հաջորդ գումարման Կոնգրեսի երկու պալատներում էլ վերահսկողություն ստանալ, ընտրված և վերընտրված օրենսդիրները սկսել են որոշել առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները։

Շատ դեմոկրատներ կոչ են անում կենտրոնանալ ամերիկացիների համար ապրանքների և ծառայությունների մատչելիության վրա։ Սակայն կուսակցության մի շարք ղեկավարներ նաև մտադիր են հասնել գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը և հետաքննել Թրամփի ու նրա դաշնակիցների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսևորումները։

Չորեքշաբթի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը լրագրողներին հայտարարել է, որ դեմոկրատները հետաքննություններ կսկսեն և դատարան կդիմեն, եթե Թրամփը գործի ամերիկյան ժողովրդի կամքին կամ օրենքին հակառակ։

Կուսակցության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը, որը նախկինում մասնակցել է Թրամփի իմպիչմենտի գործընթացին, չեն բացառել նախագահին պաշտոնանկ անելու երրորդ փորձի հնարավորությունը։

Հեմիլթոնը հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է ոչ այնքան իմպիչմենտը, որքան իշխանության չարաշահումը սահմանափակող մեխանիզմների ստեղծումը։

«Ինձ ոչ այնքան իմպիչմենտն է հետաքրքրում, որքան պաշտպանական արգելքների ստեղծումը», — ասել է նա՝ հավելելով, որ հասկանում է այդ գաղափարի կողմնակիցների շարժառիթները։

Դրա փոխարեն, նորընտիր սենատորի կարծիքով, դեմոկրատները պետք է կենտրոնանան ամերիկացիների կյանքը թեթևացնելու ունակ կոնկրետ միջոցների վրա։

«Եկեք կենտրոնանանք ամերիկյան ժողովրդին օգնելու վրա։ Եվ ասեմ ձեզ՝ եթե դեմոկրատները, եթե մենք չկարողանանք լուծել այս խնդիրը և սկսել օգնել մարդկանց, այս «կապույտ ալիքը» կարող է միանգամյա երևույթ լինել», — նախազգուշացրել է Հեմիլթոնը՝ նկատի ունենալով դեմոկրատների ընտրական հաջողությունը։

Ավելի ուշ նույն հաղորդման ընթացքում Վերմոնթը ներկայացնող անկախ սենատոր Բեռնի Սանդերսը համաձայնել է Հեմիլթոնի դիրքորոշմանը։

«Կարծում եմ՝ նորընտիր սենատոր Հեմիլթոնը ճիշտ միտք արտահայտեց։ Մենք չենք կարող ամբողջ ժամանակը ծախսել Թրամփի դեմ հետաքննությունների վրա։ Մենք պետք է աջակցենք աշխատավոր դասի ընտանիքներին և հասնենք նրանց կյանքում իրական փոփոխությունների», — հայտարարել է Սանդերսը։

Ընտրությունների նախնական արդյունքներով, դեմոկրատները Սենատում ստացել են 54 տեղ, իսկ երկու ընտրապայքարների՝ Ալյասկայի և Միսիսիպիի արդյունքները դեռ որոշված չէին։ Եթե կուսակցությունը պահպանի մեծամասնությունը, Շումերը կկարողանա հավակնել Սենատի մեծամասնության առաջնորդի պաշտոնին՝ պայմանով, որ նրան կաջակցի դեմոկրատ սենատորների մեծամասնությունը։

Սակայն Հեմիլթոնն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ աջակցել Շումերի թեկնածությանը։ Կիրակի նա ընդգծել է, որ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք չունի, բայց չէր ցանկանա նրան տեսնել մեծամասնության առաջնորդի պաշտոնում։

Հեմիլթոնը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր դեմ բազմաթիվ գովազդային հոլովակներ են հեռարձակվել, որոնք իրեն կապում էին Շումերի հետ։ Քաղաքական գործիչը նշել է, որ Կանզասի շատ բնակիչներ Նյու Յորքից ընտրված սենատորին ընկալում են որպես չափազանց ձախակողմյան և քաղաքական հակամարտությունների հակված գործչի։

Միաժամանակ Հեմիլթոնը դեռ պատրաստ չէ այլընտրանքային թեկնածուի անուն տալ։ Նա պարզաբանել է, որ անձամբ ծանոթ է ընդամենը մոտ տասը սենատորի և առայժմ գործընկերներին բավականաչափ լավ չի ճանաչում՝ այդ պաշտոնի համար որևէ մեկին առաջարկելու համար։ Ըստ նրա, նրանց թվում կան մի քանի քաղաքական գործիչներ, որոնք, հավանաբար, ավելի կենտրոնամետ մոտեցում ունեն։