Հայ-թուրքական սահմանը չի բացվում Իրանի պատերազմի պատճառո՞վ․ Deutsche Welle

Թուրքիայի և Հայաստանի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան-Աքյաքա) կարող են բացվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքները, մինչդեռ թուրքական կողմը գտնվում է վերջնական փուլում:

Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ տասնամյակներ տևած թշնամանքից հետո երկու երկրները մոտ են 1993 թվականից փակված սահմանի բացմանը։

Սահմանի բացումը կլինի մեծ քաղաքական հաղթանակ Փաշինյանի համար, ով մշտապես ձգտել է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, գրում է հեղինակը:

Եթե անցակետերը բացվեն հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, դա կլինի նրա օգտին ուժեղ փաստարկ. տարիներ շարունակ նա առաջ է մղել Թուրքիայի հետ մերձեցումը և Արևմուտքի հետ ինտեգրման ուղին։

Ներկայումս երկու երկրների միջև առևտուրը շրջանցում է սահմանը Վրաստանի միջով և կազմում է տարեկան մոտավորապես 300-350 միլիոն դոլար:

Թուրք-հայաստանյան գործարար խորհրդի ղեկավար Քաան Սոյակը վստահ է, որ ուղիղ հաղորդակցությունը կբարձրացնի առևտրաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դոլար։

Թուրքիայի արևելյան նահանգները, որոնք երկրի ամենաաղքատներից են, մեծ հույսեր են կապում սահմանի բացման հետ. տեղական բիզնեսները հույս ունեն առևտրի և զբոսաշրջության աճի վրա, այդ թվում՝ հայկական սփյուռքից:

Լրացուցիչ խթան է «Թրամփի միջանցքը»՝ ճանապարհային և երկաթուղային երթուղի Հայաստանի միջով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ապա՝ Թուրքիայի հետ։

Այնուամենայնիվ, Իրանի հետ պատերազմը հետաձգել է գործընթացը. միգրացիայի նոր ալիքի վախը դանդաղեցրել է սահմանի բացման շուրջ բանակցությունները։

Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է զոհվածների հարազատներին․ հարցում

Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ իր տղան գիտելիքների շնորհիվ չի ծառայել։

«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի։ Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը հպարտանում է, որ իր բարձրակարգ տղան գիտելիքների շնորհիվ չի ծառայել բանակում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ և այդ հայտարարություններով Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է զոհվածների հարազատերին, որոշներն էլ ասացին, որ չեն լսել այդ հայտարարությունը։

«Չէ, բոլոր գիտակից մարդիկ պետք է ծառայեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա դատապարտելի արտահայտություն է։ «Իհարկե ոչ, ինչքան ավելի գիտուն երեխաներ գնացին և զոհվեցին։ Ես դատապարտում եմ նման արտահայտությունը, երևի այդ մարդու բնությունն ա այդպիսին, բայց դատապարտելի է նման արտահայտությունը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է զգույշ լինել հայտարարություններում։ «Չէ, ոչ մեկից առավել չի, ինչի չպիտի ծառայի։ Ճիշտ ա գիտությունը գիտություն, ընդունում ենք, հասկանում ենք, բայց մարդը պետք ա մի քիչ էլ հայրենիքին օգտակար լինի։ Նման արտահայտություններով Անդրանիկ Քոչարյանը վիրավորում ա զոհվածների հարազատներին, վիրավորներին։ Մի քիչ պետք ա կոռեկտ լինեն ու իրանց քիչ ռեկլամ անեն»,- ասաց նա։

«Միայն անասունը կարող ա տենց բան ասի, բոլորն էլ արժանի են մարդ կոչվելուն, բայց ոչ ինքը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

«Ապրիլի 8-10-ը սպասվում է քամու ուժգնացում․ եղե՛ք զգոն»․ Լևոն Ազիզյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրիլի 8-10-ը սպասվում է քամու ուժգնացում․ եղե՛ք զգոն»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
     Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։
     ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։
     Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
     խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
     լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
     եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
     զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
     Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»։

Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Yandex Armenia-ի տաքսու վարորդների հետ։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում վարորդների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Մասնավորապես արդեն իսկ փորձարկման փուլում է Yandex go հավելվածում ուղևորների կողմից պատվերի վայրի սահմանափակման գործառույթը։ Երևանի կենտրոն համայնքի մի շարք վայրերի համար առանձնացվել են պատվերների թույլատրելի գոտիներ՝ բացառելով ուղևորների կողմից կանգառի համար չթույլատրված վայրերից պատվերների կատարումը։

Վարորդներն իրենց եկամուտների մասին տեղեկատվությունը կարող են Պետական եկամուտների կոմիտեից ստանալ։ Քննարկվում է առանց միջնորդների ուղիղ Yandex Armenia-ի հետ աշխատելու հնարավորության հարցը։

Վարորդները հավաստեցին, որ նախորդ հանդիպման ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր հարցերին լուծումներ են տրվել, ներկայացրեցին լրացուցիչ դիտարկումներ և առաջարկներ առանձին դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ կապված հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները ժամանակացույցով վճարելու հնարավորության, հատուկ գոտիներում սպասելաժամանակի կրճատման, տաքսոպարկերի ընտրության, վարորդների վարկանիշների հաշվարկման և այլ խնդիրների հետ։

Հեռարձակողները կտուգանվեն՝ ԱԲ-ով գեներացված բովանդակությունը չմակնշելու համար

Տեսալսողական մեդիա ծառայություն հեռարձակողները կտուգանվեն, եթե արհեստական բանականության գործիքակազմով գեներացված նյութի մասին բացահայտ չնշեն։ Այս մասին…

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «խորապես մտահոգված է» քաղաքացիական անձանց դեմ ուղղված սպառնալիքներով

«Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը կամ քաղաքացիական անձանց միտումնավոր տառապանքներ պատճառելը»,- նշել է նա…

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիային կից Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովը 2026թ․ մարտի 25-ին 94 կողմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ 

Արձանագրությունը միտված է գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման ապահովմանը, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման համար։

Արձանագրությունն ընդունվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 29-ին Նագոյայում, ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայում այն վավերացրել է 142 պետություն, ստորագրել, սակայն դեռևս չեն վավերացրել 14 պետություն: 

«2026․ Երևանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացների նախագահությունը։ Արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաև Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը բնական պաշարների կառավարման ոլորտում, միջազգային համագործակցության ակտիվացմանը և նոր ներդրումների ներգրավմանը», – նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է հետևյալ եզրակացությունը․ «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալը կարևորվում է 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման (COP17) հյուրընկալման և համաժողովի նախագահության ստանձման լույսի ներքո: Այն կհանդիսանա լրացուցիչ դրական ուղերձ միջազգային հանրությանը բնապահպանական խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ բարձր հանձնառության և համապատասխան քայլերի ձեռնարկման պատրաստակամության առնչությամբ:

Արձանագրությանը միանալը նաև հնարավորություն կտա Հայաստանին ապահովելու համաժողովի լիարժեք նախագահությունը, քանի որ Արձանագրությանը չմիանալու պարագայում վերջինիս կողմերի հանդիպման նախագահությունը անհրաժեշտ է լինելու փոխանցել արձանագրության կողմ հանդիսացող մեկ այլ երկրի ներկայացուցչի:

Միևնույն ժամանակ, գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանցից ստացված օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ արձանագրության դրույթների կիրառումը հնարավորություն կտա Հայաստանին տվյալ ոլորտում համագործակցություն ծավալել տարբեր երկրների և դրանցում գործող գիտահետազոտական, դեղագործական և այլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ոլորտի վերաբերյալ ՀՀ գիտելիքների, կարողությունների և դրանց կիրառմամբ գիտահետազոտական ներուժի զարգացմանը»:

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Գենետիկական ռեսուրսներին հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը միտված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետևյալ օգուտները.

1. Ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն և իրավական պաշտպանություն

Ըստ արձանագրության 6-րդ հոդվածի (Գենետիկական ռեսուրսներին հասանելիություն)՝ արձանագրությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը սեփական գենետիկական ռեսուրսների նկատմամբ և սահմանում է նախնական իրազեկ համաձայնության և փոխադարձ համաձայնեցված պայմանների սկզբունքները:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ՝

–  իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից վերահսկելու համար,

–  կենսագողության դեմ պայքարելու համար,

–  օտարերկրյա սուբյետների հետ (դեղագործական, կոսմետիկ, գյուղատնտեսական և այլ ընկերություններ) շահավետ պայմանագրեր կնքելու համար:

2. Տնտեսական օգուտներ

Արձանագրության 5-րդ հոդվածը (Օգուտների արդար և հավասար բաշխում) պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձևով (տեխնոլոգիաներ, վերապատրաստում, համատեղ հետազոտություններ և այլն): Սա թույլ է տալիս՝

– ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում,

– ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առևտրային օգտագործումից,

– զարգացնել կենսաբանական տնտեսությունը և տեղական համայնքների ավանդական գիտելիքները:

3. Տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն

Արձանագրության 7-րդ և 12-րդ հոդվածները վերաբերում են գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքներին հասանելիությանը և այդ գիտելիքները կրող համայնքների իրավունքների պաշտպանությանը: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

–  իրավական ճանաչում և պաշտպանություն ապահովել այդ գիտելիքներին,

–  ապահովել դրանց ընդգրկումը որոշումների կայացման գործընթացներում,

–  ստանալ միջազգային աջակցություն և ընդգրկվել համապատասխան ծրագրերում:

4. Միջազգային հեղինակության բարձրացում և գլոբալ մեխանիզմներին մասնակցություն

Արձանագրության կողմ չհանդիսացող պետությունները չեն մասնակցում դրա շրջանակներում որոշումների քննարկման և հաստատման գործընթացին:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում՝

– լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների և ստանդարտների մշակմանը,

– օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ ABS Clearing-House-ից (արձանագրության 14-րդ հոդված),

– ամրապնդել իր դիրքերը որպես պատասխանատու և ակտիվ կողմ՝ բնապահպանական միջազգային քաղաքականության շրջանակում:

5. Հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն

Արձանագրությունը կապված է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և այլ դոնորների գործունեության հետ: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

– դառնալ նպատակային հասանելիության և օգուտների բաշխման (ABS) մեխանիզմների ստեղծման համար դրամաշնորհների շահառու,

– ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում (NBSAPs) և կլիմայական ծրագրերում:

6. Գիտատեխնիկական համագործակցության խթանում

Արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների և գիտելիքի փոխանակման համար, ինչը կենսաբազմազանությամբ հարուստ, սակայն գիտական և տեխնիկական ռեսուրսներով սահմանափակ պետությունների համար ունի առանձնահատուկ նշանակություն:

Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում պարգևավճարները․ «Հետք»

Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4․3 միլիարդ դրամի պարգևավճար․ գրում է «Հետքը»։

«Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետք»-ին ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել»,- ներկայացնում է լրատվամիջոցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։