«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին կրկին փորձ է արվում հանրային քննարկման օրակարգ բերել Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված՝ 1941–1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի ապամոնտաժման և տեղափոխման հարցը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը տեղական նշանակության քաղաքաշինական որոշման մասին է։ Իրականում, սակայն, սա շատ ավելի խորքային, սկզբունքային և վտանգավոր միտում է, որը վերաբերում է մեր պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և պետական մտածողության մակարդակին։
     Ես այս հարցին անդրադարձել եմ բազմիցս՝ փորձելով զգուշացնել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման մոտեցումների արդյունքում։ Այսօր, երբ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են առավելագույն սթափություն և ազգային համախմբում, մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացի՝ ներքին բաժանարար գծերի խորացման, արժեքների վերաիմաստավորման անվան տակ դրանց խաթարման։
     Հուշարձանները պարզապես ճարտարապետական տարրեր չեն։ Դրանք հավաքական հիշողության նյութական արտահայտությունն են։ Դրանք այն կետերն են, որտեղ անցյալը միանում է ներկային և ձևավորում ապագայի արժեհամակարգը։ Արթիկի կենտրոնական հուշարձանը այդպիսի կետերից մեկն է՝ խորհրդանշելով մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, այն զոհողությունը, որը հազարավոր հայ ընտանիքներ են կրել, և այն հաղթանակը, որը ձեռք է բերվել մարդկային անգնահատելի կորուստների գնով։
     Պատմության նկատմամբ վերաբերմունքը միշտ եղել է պետականության ցուցիչ։ Այն հասարակությունները, որոնք սկսում են թեթև ձեռքով վերանայել կամ տեղափոխել իրենց հիշողության խորհրդանիշները, իրականում վտանգի տակ են դնում իրենց ինքնության շարունակականությունը։ Սա արդեն ոչ թե ճարտարապետության, այլ ռազմավարական մտածողության խնդիր է։
     Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման քննարկումները ակտիվանում են մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը գտնվում է բարդ և փոփոխական աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս պայմաններում պետություններից պահանջվում է առավելագույն ներքին համախմբում, արժեհամակարգային հստակություն և պատմական գիտակցության ամրապնդում։ Մինչդեռ մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ հարցերի արհեստական սրում, որոնք ոչ միայն առաջնային չեն, այլև կարող են դառնալ ներքին տարաձայնությունների աղբյուր։
     Համայնքային կառավարման արդյունավետությունը չափվում է ոչ թե աղմկահարույց նախաձեռնություններով, այլ քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ։ Արթիկում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, որոնք պահանջում են համակարգային և պատասխանատու լուծումներ։ Այս համատեքստում հուշարձանի տեղափոխման հարցը ոչ միայն երկրորդական է, այլև շեղող՝ իրական օրակարգից։
     Ես կրկին և հստակ առաջարկում եմ՝ եթե կա անկեղծ ցանկություն ծառայելու Արթիկի զարգացմանը, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ քաղաքային միջավայրի բարելավման վրա։ Բարեկամության զբոսայգու հիմնանորոգումը կարող է դառնալ այն նախագիծը, որը կստեղծի նոր որակի հանրային տարածք՝ կանաչապատ գոտիներով, շատրվաններով, հանգստի և ժամանցի հնարավորություններով։ Արթիկում նման տարածքների պակասը ակնհայտ է, և հենց այս ուղղությամբ իրականացվող քայլերն են, որ կարող են արժանանալ հանրային լայն աջակցությանը։
     Ինչ վերաբերում է հուշարձանին, ապա այստեղ լուծումը մեկն է՝ այն պետք է անհապաղ վերանորոգվի, պահպանվի և արժանապատվորեն ներկայացվի։ Պետք է բարեկարգվի նաև հարակից տարածքը՝ ձևավորելով համապատասխան միջավայր, որը կարտահայտի նրա իրական նշանակությունը։
     Պատմությունը չի ենթարկվում կամայական վերադասավորման։ Այն չի կարող դառնալ ընթացիկ քաղաքական կամ վարչական որոշումների առարկա։

Եվ այս համատեքստում անհրաժեշտ է հստակ սահմանել սկզբունքային գիծը․
     ոչ մի համայնքային չինովնիկ, ոչ մի անհայտ ֆինանսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներ բարոյական իրավունք չունեն որոշել մի արժեքի ճակատագիրը, որը պատկանում է ժողովրդին։
     Հուշարձանը մեր պատմության կարևոր մասնիկն է, մեր հավաքական հիշողության անբաժանելի բաղադրիչը։ Եվ այդ հիշողության նկատմամբ տնօրինման իրավունքը պատկանում է բացառապես ժողովրդին:
     Հ.Գ.
     Հարգելի արթիկցիներ,
     Ձեզ եմ ներկայացնում ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի 2025 թվականի հուլիսի 25-ին կայացած նիստի արձանագրությունից մի հատված, որը, կարծում եմ, ամեն խոսքից առավել հստակ է բացահայտում այս ամբողջ գործընթացի իրական խորքն ու տրամաբանությունը։
     Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին՝ թե ինչով է հիմնավորված հուշարձանի տեղափոխման անհրաժեշտությունը, զեկուցողը պատասխանել է, որ «Արթիկի գլխավոր հրապարակում հուշարձանն է, որտեղ առկա են քարեր զոհվածների անուններով, քարը հրապարակին ավելի տխուր տեսք է տալիս»։
     Սա պարզապես ձևակերպում չէ։ Սա մտածողություն է։ Սա վերաբերմունք է։
     Եվ հենց այստեղ է հարցի ամբողջ ողբերգականությունը»:

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս


Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը, ինչպես պարզվում է, դատախազությանը հանգիստ չի տալիս։ Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 7…

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները


Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի և Մեհրաբադ օդանավակայաններում ուղևորատար չվերթների վերսկսման մասին։ Կազմակե…

Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ փխրուն է և անկանխատեսելի. Կրեմլ

Ռուսաստանը դեռևս միջնորդ չէ Մերձավոր Արևելքի բանակցություններում, սակայն պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն, նշել է Պեսկովը…

ԱՄՆ-ը կֆինանսավորի Կիպրոսի հիմնական ռազմական բազաների արդիականացումը

Նախատեսվում է, որ արդիականացված կառույցները կդառնան ոչ միայն պաշտպանական կենտրոններ, այլև մարդասիրական օգնության բաշխման բազաներ…

ԱՄՆ-ը հնարավոր է շուտով Մերձավոր Արևելք միանգամից երեք ավիակիր տեղակայի

Եթե USS George H.W.Bush-ը մտնի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի, դա կդառնա հազվագյուտ իրավիճակ…

«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան

«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծիծեռնակաբերդ. քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու հիմքերը
     Ուղեցույց ապագա դատաիրավական համակարգի համար
     Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ:
     Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ «վերջապես կպրծնենք էս Եղեռնի հուշարձանի դարդից» ձևակերպմամբ:
     Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով, որին ի պատասխան ներկաները մի պահ կարկամեցին: Ասաց, որ քարերի երանգն, ամեն դեպքում, տարբեր է: Ի՞նչ է դա նշանակում: Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող ու համայն հայության համար սրբատեղի հանդիսացող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են, որի արդյունքում հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս՝ ինչը ՀՀ և միջազգային օրենքներով քրեորեն պատժելի գործողություն է: Ի դեպ, այս անգամ Ժաննայի բախտը բերեց այնքանով, որ Նիկոլը չառաջարկեց իզոտոպներով ստուգել քարերի հնությունը, ինչպես դա արեց Հայաստանի պատմության թանգարանում՝ եկեղեցու դռան փեղկը ուսումնասիրելիս, որի արդյունքում նախարար Ժաննա Անդրեասյանը գունատվեց և կորցրեց հոդաբաշխ մտքեր արտաբերելու կարողությունը:
     ՀՀ տարածքում հուշարձանների պահպանությունը և դրանց նկատմամբ իրականացվող գործողությունները կարգավորվում են օրենսդրական նորմերով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ունենալով հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո։ ԿԳՄՍ-ի թույլ տված կոպիտ սխալների, անպատասխանատու մոտեցման ու վերահսկողությունից դուրս իրականացված աշխատանքների արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս, որի արդյունքում հուշարձանը կորցրել է իր պատմական վավերականությունն ու ինքնությունը։ Հավելենք նաև այն սկանդալն ու խայտառակ տեսարանները, որոնք արձանագրվեցին շինհրապարակի տարածքում: Ակնհայտ էր, որ ԿԳՄՍ նախարարությունն ու շինարարություն իրականացնող ընկերությունը խախտել էին վերականգնողական աշխատանքների իրականացման պահանջներն ու սկզբունքները։
     Հուշարձանի քարերի երանգների տարբերությունը արձանագրած Նիկոլ Փաշինյանի ու հուշահամալիրի տարածքում նախորդ վերականգնումների պահով անամոթաբար ստող Ժաննա Անդրեասյանի ուշադրությանն ենք ներկայացնում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որտեղ արձանագրված է, որ ցանկացած հուշարձանի վերականգման ժամանակ կարևոր է անձեռնմխելիության սկզբունքի ապահովումը՝ առաջնահերթությունը տալով հուշարձանի բնօրինակ նյութի պահպանմանը։ Այս սկզբունքը, ինչպես տեսանք, կոպտորեն խախտվել է:
     – Փոխարինման պայմանը
     Հուշարձանի մաս հանդիսացող քարը, աղյուսը կամ մետաղը փոխարինվում է միայն այն դեպքում, եթե բնօրինակ մասը քայքայվել է այն աստիճանի, որ այլևս չի կարող կատարել իր կառուցվածքային կամ գեղագիտական ֆունկցիան և վտանգում է հուշարձանի կայունությունը։
     – Գիտական հիմնավորում
     Ցանկացած միջամտություն պետք է հաստատված լինի լիազոր մարմնի փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Միայն հանրային բողոքի արդյունքում ԿԳՄՍ-ում գլխի ընկան, որ անհրաժեշտ է մասնագիտական ու փորձագիտական խումբ կազմել հուշարձանի տարածքում ստեղծված խայտառակ իրավիճակը շտկելու համար: Այս ընթացքում, հուշահամալրի համահեղինակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն արձանագրեց, որ առանց վերահսկողության իրականացված աշխատանքների արդյունքում, իր խոսքով ասած, «հռե կոբալ» գործ է արվել, ինչը առնվազն նշանակում է, որ հուշարձանին վնաս է հասցվել:
     – Վավերականության կորուստ
     Միջազգային սկզբունքներով (օրինակ՝ Վենետիկի խարտիա), հուշարձանի արժեքը ոչ միայն դրա տեսքն է, այլև դրա նյութն է։ Սա նշանակում է, որ հենց այնպես չես կարող բնօրինակ ու պատմական քարերը փոխարինես նորերով ու դա համարես վերականգնում: Հուշահամալիրի ոչնչացված բնօրինակ սալաքարերի 99 տոկոսը եղել է անվնաս վիճակում և դրանք փոխարինելու անհրաժեշտություն չի եղել: ԿԳՄՍ նախարարության հանցավոր անփութության արդյունքում ոչնչացվել ու խճազանգվածի է վերածվել տասնյակ բնօրինակ սալաքարեր, որոնք խեղված երեք մույթերի վրա տեղադրված են եղել 1966-67 թվականներին: Այս ամենի արդյունքում հուշարձանի ինքնությունը թե´ ֆիզիկապես, թե´ բարոյապես ձևախեղվել ու աղճատվել է և դրա զգալի հատվածը դարձել է անարժեք պատճեն՝ ի խախտումն ՀՀ գործող օրենքների ու բազմաթիվ միջազգային պարտավորությունների։
     Արձանագրենք, որ տողերիս հեղինակը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև շինարարության հետ կապված բազմաթիվ խախտումների ու կոռուպցիոն ռիսկերի անդրադարձած Էդգար Հայրումյանը, Կարեն Արայանը Արթուր Չախոյանը, Հայկ Մարտիրոսյանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ, այս ընթացքում երբե՛ք ու ոչ մի պարագայում դեմ հանդես չեն եկել հուշահամալիրի տարածքում բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս կարևոր հանգամանքը ստորագույն ու քստմնելի մեթոդների կիրառմամբ մանիպուլացնում են իշխանամերձ զլմներն ու նրանց սպասարկուները:
     Մտավոր հատուկ ու բացառիկ ունակություններով օժտվածների համար ևս մեկ անգամ անդրադառնում եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղ գտած հանցագործությունների շարանին:
     ա. Հայտարարված տենդերով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգման աշխատանքները ԿԳՄՍ նախարարությունը վստահել է մի կազմակերպության, որը ոչ միայն համանման հուշարձանների վերականգման փորձ ու որակյալ մասնագետ-շինարարներ չի ունեցել, այլև վերջին տարիներին մի քանի խնդրահարույց շինարարական աշխատանքներ է իրականացրել: Լուրջ կոռուպցիոն ռիսկեր արձանագրվեցին նաև շինարարական աշխատանքների իրականացման նախահաշիվներում:
     բ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են ջարդուփշուր անել ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է և դա քրեորեն պատժելի արարք է: Այս մասին բացեիբաց հայտարարեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը՝ Երևանի ավագանու անդամների ու մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ: Նիստի ժամանակ արձանագրվեց, որ փաստացի դա հայտարարություն էր հանցագործության մասին:
     գ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, ՀՑԹԻ տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այդ ուղղությամբ մեծ ճիգեր գործադրեցին ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը: Այս խայտառակ միջադեպի կապակցությամբ լռություն պահպանեցին ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանն ու Ռայմոնդ Գևորգյանը:
     Լավագույն ապացույցն առ այն, որ հանրային բողոքի արդյունքում կասեցվել է հուշարձանի մյուս մասերի հոշոտումն ու ավերումը կլինի նաև այն, որ մյուս մույթերի դեպքում չեն կիրառվելու նույն վայրագ մեթոդները: Ասել կուզի, հենց այդ միջամտության ու բողոքի արդյունքում վերանայվել է հուշարձանի վերականգման նախագիծը և անհարկի ուռճացված նախահաշիվը:
     Իսկ շաբաթ օրվա բեմադրությունն ընդամենը հանցագործությունների այս շղթան կոծկելու դրվագ էր, որն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի է:
     Միամիտ չենք և ոչ էլ հույս ենք փայփայում, որ Նիկոլին ու Ժաննային օրենքի սահմաններում կենթարկեն պատասխանատվության: Չի հետաքննվի նաև նախագծի այն խայտառակ կետը, ըստ որի նախատեսվում էր մեկ քարի ապամոնտաժման ու վերատեղադրման համար վճարել 1300 ԱՄՆ դոլար: Նախագծով ապամոնտաժման ենթակա էին ավելի քան 100 սալաքարեր: Հաշվեցի՞ք: Հիմա հասկացա՞ք հուշահամալիրը այդպիսի «ջանասիրությամբ» ու «սրտացավությամբ» վերականգնելու իրական շարժառիթները:
     Հուշահամալիրի տարածքում 2003-2004 և 2013-2014 թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատանքներ և ուղիղ եթերով պնդելը, թե իբր վերջին 60 տարիների ընթացքում ոչ մի նման բան տեղի չի ունեցել, առնվազն անբարոյականություն է: Եթե Նիկոլ Փաշինյանի պարագայում ստախոսությունն ու խաբեբայությունը նորմա է ու բնական իրավիճակ, ապա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեպքում նման ստախոսություն տարածելու գնահատականները թողնում եմ ձեզ: Նշեմ միայն, սա այն նույն նախարարն է, ով տողերիս հեղինակի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով:
     Սա էլ ի գիտություն՝ Նիկոլի կողմից ստորացված ու մարգինալացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ինչպես նաև աշխատավարձ ու պետական դրամաշնորհներ ստացող պատմաբան-հուշարձանագետներին:
     Առաջարկում եմ այս գրառումը ներառել ՔՊ նախընտրական թղթապանակում՝ որպես կարևոր փաստաթղթային համալրում»: