ԱՄՆ-ը արտաքսել է բրիտանացի քաղաքական մեկնաբան և Թրամփի նախկին աջակից Մայլո Յանոպուլոսին

ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիա է արտաքսել բրիտանացի քաղաքական մեկնաբան և բլոգեր Մայլո Յանոպուլոսին, որը նախկինում ակտիվորեն աջակցել էր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, փոխանցել է NBC News-ը։

Յանոպուլոսին ուրբաթ ձերբակալել են ԱՄՆ Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի անվան միջազգային օդանավակայանում։ Գերատեսչության տվյալներով՝ նա չի ներկայացել հուլիսին նշանակված ներգաղթային լսմանը։

Հուլիսի 22-ին ներգաղթի հարցերով դատավորը կայացրել է նրա արտաքսման վերաբերյալ վերջնական որոշումը, որից հետո Յանոպուլոսն արտաքսվել է Մեծ Բրիտանիա։

Վերջին շրջանում ԱՄՆ օդանավակայաններում ներգաղթի գործերով ձերբակալություններն ավելի հաճախակի են դարձել։

Թրամփի մերձավոր շրջապատի հետ խզումից հետո Յանոպուլոսը շարունակել է համագործակցել MAGA շարժման այլ աջակիցների և կոնսպիրոլոգների, այդ թվում՝ երաժիշտ Յեի հետ, որը նախկինում հայտնի էր որպես Քանյե Ուեսթ։

Յեն, որը վերջին տարիներին բազմիցս քննադատության է ենթարկվել հակասեմական հայտարարությունների պատճառով, ուրբաթ երեկոյան ելույթ է ունեցել Նոր Օռլեանի Caesars Superdome-ում։

Հայտնի չէ, թե արդյոք Յանոպուլոսը քաղաքում էր գտնվել համերգի հետ կապված։

Դուբայի առևտուրը Հնդկաստանի հետ հասել է ռեկորդային $61 մլրդ-ի

Դուբայի և Հնդկաստանի միջև ոչ նավթային առևտրի ծավալը 2025-ին հասել է ռեկորդային $60.6 մլրդ-ի՝ մեկ տարում աճելով 15%-ով։ Միաժամանակ Դուբայի Առևտրի պալատի ակտիվ անդամ…

Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստում է պետական հաստատությունների, ձեռնարկությունների և կրիտիկական ենթակառուցվածքի աշխատանքի նոր կանոններ երկարատև օդային տագնապների ժամանակ, փոխանցել է «РБК-Украина»-ն։

Բացի այդ, իշխանությունները մտադիր են վերանայել մոտեցումները պարետային ժամի նկատմամբ։

Ինչպես հայտնել է կառավարության ղեկավարը Telegram-ում, համապատասխան զեկույցը նա ներկայացրել է Ուկրաինայի նախագահին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ են ռուսական հարձակումների նոր մարտավարության պատճառով, որը, մասնավորապես, վերաբերում է Կիևին և այլ խոշոր քաղաքների։

Գերագույն գլխավոր հրամանատարի, ներքին գործերի նախարարի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների, Կիևի քաղաքապետի, նախագահի գրասենյակի և ԱԱԽ մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցությունից հետո իշխանությունները սկսել են մշակել կոնկրետ առաջարկներ՝ նոր պայմաններին քաղաքների աշխատանքը հարմարեցնելու համար։

Կորեցկին նշել է, որ երկարատև օդային տագնապներն ազդում են ոչ միայն բնակչության անվտանգության, այլև ձեռնարկությունների աշխատանքի, լոգիստիկայի, տրանսպորտի, դպրոցների, մանկապարտեզների և այլ օբյեկտների վրա։

«Թշնամին փորձում է կաթվածահար անել տնտեսական ակտիվությունը մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում, ուստի մեր մոտեցումներն ու արձագանքման ալգորիթմները նույնպես պետք է փոխվեն», — հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ իշխանությունները դիտարկում են ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքի նոր ալգորիթմներ սպառնալիքի տարբեր մակարդակների դեպքում, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի, մետրոյի և ենթակառուցվածքի այլ օբյեկտների կազմակերպումը։ Այս փոփոխությունների նպատակը նա անվանել է մարդկանց անվտանգության բարձրացումը՝ քաղաքներում և համայնքներում բնականոն կյանքի հնարավորության պահպանմամբ։

«Առանձին նաև նախատեսում ենք վերանայել պարետային ժամի նկատմամբ մոտեցումները և ապահովել քաղաքացիական անձանց համար օդային սպառնալիքների մասին ավելի օպերատիվ տեղեկատվության հասանելիությունը՝ առանց անվտանգության համար լրացուցիչ ռիսկերի», — հայտնել է Կորեցկին։

Անհրաժեշտ առաջարկները, նրա խոսքով, նախատեսվում է պատրաստել հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո դրանք ներկայացնել հանրությանը և անցնել իրականացմանը։

Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ արտահերթ նիստում նախարարների կաբինետը մտադիր է պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել Բուչայի շրջանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածներին աջակցելու և փոխհատուցումներ տրամադրելու համար։ Խոսքը Միլա գյուղի մասին է, որտեղ պահեստներին հասցված ռուսական հարվածը լայնածավալ հրդեհ և դետոնացիա է առաջացրել։

Ուկրաինական իշխանությունների հայտարարությունները հնչել են Կիևի և մարզի վրա ռուսական զանգվածային հարձակումների շարքի ֆոնին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ օգոստոսի 27-ից անօդաչու սարքերի կիրառմամբ հարձակումները գրեթե չեն դադարում։ Այդ օրը Կիևում օդային տագնապ է հայտարարվել 13 անգամ, ինչը դարձել է ռեկորդային ցուցանիշ լայնածավալ հակամարտության սկզբից ի վեր։

Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտնել է, որ ռուսական մարտավարությունն ուղղված է Կիևի մարզում մշտապես օդային տագնապներ սադրելուն, ինչպես նաև ուկրաինական ՀՕՊ համակարգը և բնակչությանը հյուծելուն։

Չինաստանը Ճապոնիային կոչ է արել արագացնել Չինաստանում թողնված քիմիական զենքի ոչնչացումը

Չինաստանը Ճապոնիային կոչ է արել արագացնել քիմիական զենքի ոչնչացումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացի զինվորականները թողել էին Չինաստանի տարածքում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդել է Սինհուա-ն։

Հայտարարության առիթ է դարձել Յոկոհամայում ճապոնական քաղաքացիական խմբի կազմակերպած ցուցահանդեսը։ Ցուցանմուշները պատմում են պատերազմի տարիներին ճապոնացի զինվորականների կողմից թունավոր նյութերի արտադրության և կիրառման, ինչպես նաև Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների դեմ իրականացված քիմիական պատերազմի մասին։

Ավանդական ճեպազրույցի ժամանակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնացի միլիտարիստները մեծ ծավալներով մշակում և կիրառում էին քիմիական զենք Չինաստանում և ասիական այլ երկրներում, ինչը, նրա խոսքով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր։

Չինական կողմի տվյալներով՝ Չինաստանում արձանագրվել է ճապոնական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ավելի քան 2 000 դեպք, որոնց հետևանքով տուժել են ավելի քան 200 հազար զինծառայող և խաղաղ բնակիչ։

Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո քիմիական ռազմամթերքի զգալի քանակություն թողնվել է չինական տարածքում։ Ինչպես պնդում է Պեկինը, դրանք արդեն դարձել են ավելի քան 2 000 զոհի պատճառ և մինչ օրս լուրջ սպառնալիք են ներկայացնում բնակչության և շրջակա միջավայրի համար։

Լին Ցզյանը հայտարարել է, որ ճապոնական կառավարությունը բավարար ռեսուրսներ չի հատկացնում և բավարար անկեղծություն չի ցուցաբերում Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Նրա խոսքով՝ թողնված քիմիական զենքի ոչնչացման գործընթացը լրջորեն հետ է մնում ժամանակացույցից։

«Չինական կողմը վճռականորեն կոչ է անում Ճապոնիայի կառավարությանը կատարել համապատասխան կոնվենցիայով նախատեսված իր պարտականությունները, ականջալուր լինել իր երկրում և տուժած հարևան պետություններում ողջախոհ մարդկանց արդար կոչերին, համակողմանիորեն և բարեխղճորեն կատարել միջազգային կոնվենցիայի և երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի պահանջները՝ ոչնչացման գործընթացն արագացնելու համար», — ասել է չինացի դիվանագետը։

«Վտանգավոր կերպով թողնված քիմիական զենքի վերացումը ճապոնական կառավարության անշեղ պատմական պատասխանատվությունն է և նրա պատշաճ պարտավորությունը միջազգային իրավունքին համապատասխան», — եզրափակել է Լին Ցզյանը։

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը


Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գիշերը գլուխը բարձին դնելիս ևս մեկ անգամ վերհիշե’ք, որ այս մարդն է լուծո…

Ֆրանսիան իրեն համարում է Միացյալ Նահանգների «ազատ» դաշնակից

Ֆրանսիան իրեն համարում է Միացյալ Նահանգների «ազատ» դաշնակից և մասնակցում է ռազմական գործողություններին, երբ դա համապատասխանում է իր շահերին: Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։

«Պարզվում է, որ Ֆրանսիան ազատ դաշնակից է։ Դաշնակից երկիր, բայց ոչ (ԱՄՆ-ին հետևող)։ Սա նորություն չէ», – ասել է Լեկորնուն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ֆրանսիային ուղղված քննադատության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին, որը կապված էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը միանալուց հրաժարվելու հետ։

Լեկորնյուի խոսքով, ֆրանսիական վարչակազմը Վաշինգտոնի հետ հարաբերություններում պահպանում է կայուն քաղաքական գիծ։ Նա որպես օրինակ բերել է Փարիզի նմանատիպ հրաժարումը 2000-ականների սկզբին Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմին մասնակցելուց։

«Ոչ ոք, նայելով այս դարի սկզբին Իրաքի պատերազմին և այնտեղ իրականացված ռազմական գործողություններին, չի կարող զարմանալ, որ Ֆրանսիան մնում է ինքնավար և ինքնիշխան՝ թե՛ իրավիճակի գնահատման, թե՛ իր շահերի պաշտպանության, թե՛ փոխգործակցության մեթոդների հարցում։ Սակայն դա չի խանգարում նրան անհրաժեշտության դեպքում միանալ կոալիցիային և մասնակցել ռազմական գործողություններին։ Այդպես էր, օրինակ, առաջին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ», – հայտարարել է վարչապետը։

Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Հորդանան գետի Արևմտյան ափի Քուսրա և Ջալուդ պաղեստինյան գյուղերում տեղի ունեցած բռնությունը՝ դատապարտելով իսրայելցի վերաբնակների «բռնության հանցավոր ակտերը», հայտնել է The Times of Israel-ը։

Նեթանյահուն իր հայտարարության մեջ հարձակվողներին անվանել է «խուլիգանների կույտ», որոնք, նրա խոսքով, «ահռելի անարդարություն են պատճառում օրինապահ վերաբնակերին, խանգարում են ՑԱԽԱԼ-ին կատարել իր խնդիրները և վնաս են հասցնում Իսրայելի միջազգային հեղինակությանը»։

Վարչապետի խոսքով՝ անվտանգության ուժերն օպերատիվ կերպով արձագանքել են տեղի ունեցածին, առգրավել երեք ավտոմեքենա և կարճ ժամանակում դադարեցրել անկարգությունները։ Միաժամանակ, Նեթանյահուն չի հայտնել, թե արդյոք հարձակումների մասնակիցները ձերբակալվել են։

Ավելի վաղ տասնյակ արմատական իսրայելցի վերաբնակներ հարձակվել էին Քուսրայի վրա։ Նրանք գրավել էին մի պաղեստինյան տուն, որտեղ գտնվում էր ընտանիք, որից հետո դեպքի վայր էին ժամանել զինծառայողներ՝ հարձակվողներին դուրս մղելու համար։ Անհասկանալի է՝ դրանից հետո վերաբնակները մնացել են տա՞նը, թե՞ հենց գյուղում։

2025 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն պնդում էր, որ բռնությանը մասնակցում է մոտ 70 երիտասարդ, ընդ որում, նրա խոսքով, նրանք Արևմտյան ափի բնակիչներ չեն։ Հուլիսին նա այդ թիվը բարձրացրել էր մինչև 150 մարդ՝ նրանց անվանելով «անչափահաս իրավախախտներ», որոնք, ինչպես պնդում էր Իսրայելի վարչապետը, բերվել էին Արևմտյան ափ։

Սակայն տեղի ակտիվիստները հայտարարում են, որ հարձակումների հետևում կանգնած են իսրայելցիներ, որոնք Արևմտյան ափում հիմնել են անօրինական բնակավայրեր և ֆորպոստեր։ Նրանց խոսքով՝ վերջին երեք տարում նման ֆորպոստերի թիվը կտրուկ աճել է, Նեթանյահուի կառավարությունը նրանց տրամադրում է զգալի ֆինանսավորում և պաշտպանություն։ Քննադատները կարծում են, որ այդ բնակավայրերն օգտագործվում են որպես պաղեստինցիներին իրենց հողերից դուրս մղելու գործիք։

Իսրայելի իշխանությունները քննադատության են ենթարկվում նաև պաղեստինցիների վրա հարձակումների մասնակիցներին հազվադեպ ձերբակալելու համար։ Էլ ավելի հազվադեպ են նման գործերն ավարտվում մեղադրանք առաջադրելով և մեղադրական դատավճիռներով։

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ


Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա քաղաքացու, որոնք Ռուսաստանում գտնվել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ։ Բոլոր ձերբակալվա…

Իրանի խորհրդարանի նախագահը մահմեդական երկրներին միասնության և արտաքին միջամտությունից հրաժարվելու կոչ է արել

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ մահմեդականների միասնությունը թույլ է տվել հաջողությամբ դիմակայել ագրեսիային, իսկ տարածաշրջանի անվտանգությունը, հիմնված արտաքին ուժերի միջամտության վրա, իր բնույթով մնում է անկայուն, հաղորդել է Mehr-ը։

Իսլամական միասնության շաբաթվա կապակցությամբ արված ուղերձում Ղալիբաֆը նշել է, որ Իրանում շիաների և սուննիների միջև համերաշխությունը ազգային ուժի, անվտանգության և զարգացման հիմնական աղբյուրներից մեկն է։

Նրա խոսքով՝ դա բազմիցս հաստատվել է Իրանին պարտադրված հակամարտությունների ընթացքում տարբեր էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների համատեղ դիմադրությամբ։

Խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին՝ իրանական բանակցային խմբի ղեկավարը նշել է, որ Մերձավոր Արևելքի պետություններն ավելի ու ավելի են համոզվում, որ օտարերկրյա տերություններն ի վիճակի չեն և չեն ձգտում ապահովել երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգություն։

Ղալիբաֆը հարևան մահմեդական երկրներին կոչ է արել հենվել սեփական հնարավորությունների և համերաշխության, համագործակցության սկզբունքների վրա՝ արտաքին ուժերի հետ համաձայնությունների և հյուծիչ մրցակցության փոխարեն։

Նրա խոսքով՝ նոր տարածաշրջանային միավորումների ձևավորումը վկայում է օտարերկրյա տերություններից կախվածությունից հրաժարվելու և անվտանգության ինքնուրույն ապահովմանն անցնելու մահմեդական երկրների աճող ձգտման մասին։

Ղալիբաֆն ընդգծել է, որ իսլամական համերաշխության ամրապնդման գործնական արդյունքն է դարձել «մեծամիտ օտարերկրյա տերությունների» նահանջն իրենց ռազմավարական ծրագրերից։

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից


Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գլխավոր մարզչի որոշմամբ «Էսպանյոլի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։ euro-football.ru-ի հաղորդմամբ,…