Թրամփի իրավական վահանը. Սպիտակ տունը պատրաստվում է դիմակայել դեմոկրատների հետաքննություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապես պատրաստում է իրավական պաշտպանություն Կոնգրեսի հնարավոր հետաքննությունների դեմ՝ այն դեպքում, եթե միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները վերականգնեն վերահսկողությունը խորհրդարանի պալատների նկատմամբ, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Սպիտակ տունը ձգտում է հասնել գործադիր արտոնության ընդլայնված մեկնությանլ և վիճարկում է նախագահական փաստաթղթերը պահպանելու պարտավորությունը։

ԱՄՆ արդարադատության նախարարության հուշագրում և դատական փաստաթղթերում վարչակազմը պնդում է, որ Թրամփն իրավունք ունի գաղտնի պահել ոչ միայն իր զրույցները Սպիտակ տան աշխատակիցների, այլև շփումները խորհրդականների և պետական պաշտոններ չզբաղեցնող այլ անձանց հետ։ Ավելին, Սպիտակ տունը բացահայտումից պաշտպանված է համարում նույնիսկ այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են նախագահի առանցքային քաղաքական նախաձեռնությունների մշակմանը։

Վարչակազմը նաև հայտարարում է, որ կարող է չպահպանել Ուոթերգեյթի սկանդալից հետո ընդունված օրենքը, որը Սպիտակ տանը պարտավորեցնում է պահպանել նախագահական փաստաթղթերը և նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո դրանք փոխանցել Ազգային արխիվների վարչություն։

Այս մոտեցումը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ իր երկրորդ ժամկետում Թրամփն ակտիվորեն հենվում է գործարարների, մասնավոր իրավաբանների և վաղեմի ծանոթների վրա, որոնք պետական պաշտոններ չեն զբաղեցնում։ Դեմոկրատներն արդեն հետաքննում են վարչակազմի կապերը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) հետ, կրիպտոարժութային ոլորտի հետ Թրամփի հարաբերությունների ազդեցությունը պետական քաղաքականության վրա և նախագահի ընտանիքի բիզնես շահերի ու իշխանությունների որոշումների միջև հնարավոր կապը։

«Երբեք նախկինում գործադիր իշխանության, հատկապես Սպիտակ տան, և մասնավոր հատվածի փոխգործակցությունն այսքան լայնածավալ չի եղել», — հայտարարել է Crowell & Moring իրավաբանական ընկերության Կոնգրեսի հետաքննությունների պրակտիկայի ղեկավար Ջեյմի Բերը։

Վարչակազմի նոր դիրքորոշման առաջին փորձություններից մեկը կարող է դառնալ Բորիս Էպշտեյնի գործը, որը Թրամփի իրավական խորհրդականն է և չի աշխատում կառավարությունում։ Արդարադատության նախարարությունը փորձում է արգելափակել նրան ուղարկված դատական ծանուցագիրը, որը ներկայացվել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի հայցի շրջանակում՝ իրավաբանական ընկերությունների վրա վարչակազմի ճնշման դեմ։

Սենատում դեմոկրատները՝ սենատոր Ադամ Շիֆի գլխավորությամբ, Սպիտակ տնից պահանջել են հայտնել, թե էլ որ խորհրդականներին (որոնք պետական ծառայողներ չեն) է վարչակազմը համարում գործադիր արտոնությամբ պաշտպանված։ Նրանց կարծիքով՝ այն չի կարող ծառայել որպես «անսահմանափակ վահան» մասնավոր անձանց և ոչ պաշտոնական խորհրդականների համար՝ թույլ տալով խուսափել խորհրդարանական վերահսկողությունից։

Կոնգրեսի հետաքննություններում մասնագիտացած իրավաբանները վարչակազմի իրավական դիրքորոշումը համարում են չափազանց վիճահարույց։ Սակայն նույնիսկ եթե դատարաններն ի վերջո դրան չաջակցեն, դատական գործընթացները ձգձգելու հնարավորությունն ինքնին կարող է Թրամփի համար արդյունավետ գործիք դառնալ։ Նման վեճերի քննությունը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ՝ մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարի 20-ը։

Առանձին վեճը վերաբերում է Նախագահական փաստաթղթերի մասին օրենքին։ Ապրիլին արդարադատության նախարարության իրավական խորհրդականի գրասենյակը եզրակացրել էր, որ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը և չպետք է տարածվի Թրամփի վրա։ Վարչակազմը նաև փոխել է փաստաթղթերի պահպանման կանոնները՝ աշխատակիցներին ավելի լայն հնարավորություն տալով ջնջել մեսենջերներում որոշ հաղորդագրություններ։ Դաշնային դատավորը չի համաձայնել այս դիրքորոշման հետ։

Այժմ գործը քննում է դաշնային վերաքննիչ դատարանը, որը հոկտեմբերին պետք է լսումներ անցկացնի դատավոր Ջոն Բեյթսի որոշման վերաբերյալ, որը նախկինում մերժել էր վարչակազմի պնդումները օրենքի հակասահմանադրական լինելու մասին։

Դեմոկրատները մտավախություն ունեն, որ փաստաթղթերի պարտադիր պահպանությունից հրաժարվելը թույլ կտա ոչնչացնել նամակագրությունը և այլ նյութեր, որոնք ապագայում Կոնգրեսը կարող էր օգտագործել հետաքննությունների համար։ Վարչակազմի քննադատների կարծիքով՝ առանց այդպիսի գրառումների զգալիորեն ավելի դժվար կլինի պարզել, թե Սպիտակ տանը որոշումներն ինչպես են ընդունվել։

Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարության դիրքորոշման հակառակորդները նախազգուշացնում են, որ հետևանքները կարող են շատ ավելի հեռուն գնալ, քան ներկա վեճերը։ Եթե դատարանները համաձայնեն վարչակազմի այն պնդմանը, որ Նախագահական փաստաթղթերի մասին օրենքը հակասահմանադրական է, դա կարող է էապես սահմանափակել Կոնգրեսի՝ Սպիտակ տան գործունեությունը վերահսկելու և ԱՄՆ նախագահի որոշումները հետաքննելու հնարավորությունները։

Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հատվածում «Նուհբա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի և «ՀԱՄԱՍ»-ի դիպուկահարի սպանության մասին։

«Ուրբաթ օրը IDF-ն սպանել է ահաբեկիչներ Հանի Աբդալ-Հայ Ֆախրի Մազումին՝ «Նուհբա» խմբավորման հրամանատարին, և Հասան Զիդան Հասան Դեյրային՝ «Համաս»-ի ռազմական թևի դիպուկահարին», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ավելացվել է, որ զինյալները ներգրավված են եղել «Համաս»-ին զենք մատակարարելու գործում։

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 29-ին ժամը 18:30- 00:00-ն կդադարեցվի ք.Եղվարդ, Արարատյան, Առափնյա, Երև…

Մանհեթենում մի տղամարդ ինքնահրկիզման ակտ է կատարել Google-ի գրասենյակի նախասրահում

63-ամյա մի տղամարդ ուրբաթ ինքնահրկիզվել է Մանհեթենի այն շենքի նախասրահում, որտեղ տեղակայված են Google-ի Նյու Յորքի գրասենյակները, հայտնել է NBC News-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ առայժմ չի պարզել տեղի ունեցածի շարժառիթը։

Իրավապահների տվյալներով՝ բրուքլինցի Ջոն Բաչը տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում մտել է Հադսոն-սթրիթ 315 հասցեում գտնվող շենքի նախասրահ և ինքնահրկիզվել։ Տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ կա այրվածքների բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այլ մարդիկ չեն տուժել։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել գույքը դիտավորությամբ վնասելու, հրկիզման և շրջապատողների անվտանգության համար վտանգ ստեղծելու մեջ։

Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչու է Բաչը դիմել այդ քայլին և արդյոք նա մտադրություն ուներ թիրախավորել հենց Google-ը։ Ընկերությունից հայտնել են, որ առկա տվյալների համաձայն՝ տղամարդը, հավանաբար, փորձել է մուտք գործել շենքի մեկ այլ վարձակալի տարածք, ոչ թե Google-ի գրասենյակներ։

«Մենք սերտ կապի մեջ ենք տեղի իշխանությունների հետ և շնորհակալ ենք արտակարգ ծառայությունների աշխատակիցներին», — նշվել է ընկերության հայտարարության մեջ։

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ։ Սա իշխանության վախի դրսևորումն է։ Եթե տ…

Գերմանիա են ժամանել «Թալիբան»-ի ներկայացուցիչներ՝ Աֆղանստան նոր արտաքսումների նախապատրաստման համար

«Թալիբան» շարժման իշխանությունները ժամանակավորապես լրացուցիչ աշխատակիցներ են ուղարկել Գերմանիա՝ գերմանական կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք կոչված են ապահովելու հարյուրավոր աֆղանստանցի քաղաքացիների արտաքսումը հայրենիք, հաղորդել է dpa-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ աֆղանստանցիների վերադարձի համար անհրաժեշտ է ձևակերպել փաստաթղթեր, որոնք ճանաչում են Աֆղանստանի փաստացի իշխանությունների ներկայացուցիչները։ Արտաքսումների թիվն ավելացնելու ծրագրերի հետ կապված՝ Գերմանիան պետք է նաև ապահովի անհրաժեշտ տեխնիկական պայմանները։

«Որպեսզի հնարավորինս արագ ստեղծվեն այդ պայմանները, երկիր է ժամանել տեխնիկական աջակցության խումբ՝ կարճ ժամկետով», — հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում։

Ներկա օրենսդրական շրջանի ընթացքում Գերմանիան անցած տարվա մարտի սկզբից Աֆղանստան է արտաքսել 228 տղամարդու, որոնց մեծ մասը դատապարտված էր իրավախախտումների համար։ Այդպիսի վերջին չվերթը երեքշաբթի Լայպցիգից մեկնել է Քաբուլ։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ, որոնք պարտավոր էին լքել Գերմանիան։

Արտաքսումներին աջակցելու նպատակով գերմանական իշխանություններն ավելի վաղ թույլ էին տվել ժամանակավորապես Գերմանիայում Աֆղանստանի դիվանագիտական ներկայացուցչություններ գործուղել «Թալիբան»-ի կողմից նշանակված առանձին դիվանագետների։ Դրանից առաջ այդ առաքելությունները ներկայացնում էին Աֆղանստանի նախկին կառավարության կողմից նշանակված դիվանագետները։

Հունիսի սկզբին ծրագրված զանգվածային արտաքսումը չեղարկվել էր, քանի որ թալիբները հրաժարվել էին համագործակցել գերմանական իշխանությունների հետ։ Շարժման ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, որ, իրենց կարծիքով, Գերմանիայի ԱԳՆ աշխատակիցները բավարար պատրաստակամություն չեն ցուցաբերել երկխոսության հարցում։

«Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ համագործակցելու Բեռլինի որոշումը քննադատության է ենթարկվում, այդ թվում՝ գերմանական «կանաչների» կողմից։ Կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ Գերմանիան զիջումներ է անում շարժմանը՝ արտաքսումները կազմակերպելու համար, թեև պաշտոնապես չի ճանաչում նրա կառավարությունը։ Չճանաչման գլխավոր պատճառներից մեկը մնում են մարդու իրավունքների խախտումները, հատկապես կանանց և աղջիկների իրավունքների սահմանափակումները։

Գերմանիայի կանցլերը պատրաստվում է Ռուսաստանին մեղադրել Լայպցիգում դրոնի գրոհի փորձի մեջ և նոր պատժամիջոցներ սահմանել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է պաշտոնապես Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Լայպցիգ/Հալլե օդանավակայանի շրջանում դրոնի գրոհի փորձի համար և հայտարարել «լայնածավալ» պատժամիջոցների սահմանման մասին, հաղորդել են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ երեք գերմանացի պաշտոնյաների։

Նրանց տվյալներով՝ Բեռլինը դիտարկում է ուղիղ միջոցներ ռուսական կազմակերպությունների դեմ։ Զուգահեռաբար Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում նաև Եվրամիությունը։ Գերմանական միջոցների մասին հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին՝ Իռլանդիայում ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման հետ միաժամանակ։ Ընդ որում, Մերցը կարող է հայտարարությամբ հանդես գալ նաև ավելի վաղ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Լայպցիգի միջադեպից հետո Բեռլինի համար արդեն բավարար չէ առանձին ռուս դիվանագետների արտաքսումը կամ Բեռլինում Ռուսաստանի տան փակումը։ Հնարավոր պատասխան քայլերի թվում դիտարկվում են պատժամիջոցային ճնշման ուժեղացումը և Ուկրաինա սպառազինությունների մատակարարումների հետագա ընդլայնումը։ Կոնկրետ միջոցները դեռ չեն բացահայտվում։

Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Գերմանիան մտադիր է պատասխանատվությունը դնել անմիջապես ռուսական իշխանությունների, թե՞ առանձին անձանց վրա։ Աղբյուրները նաև նախազգուշացրել են, որ Բեռլինը պատրաստվում է Մոսկվայի հնարավոր պատասխան քայլերին։

Գրոհի փորձը տեղի է ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ երկրների միջև լարվածության աճի, ինչպես նաև Եվրոպայում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք արևմտյան պաշտոնյաները կապում են այսպես կոչված հիբրիդային պատերազմի հետ։ Երեքշաբթի Մերցը հայտարարել էր, որ Լայպցիգում տեղի ունեցածը վկայում է «միանգամայն իրական սպառնալիքների» առկայության մասին, և խոստացել, որ հիբրիդային գրոհների կազմակերպիչները «դրա համար կվճարեն»։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Ռուսաստանի հնարավոր մեղադրման մասին հարցին, հայտարարել է, որ կանցլերի գրասենյակը չի զբաղվում շահարկումներով։ Նրա խոսքով՝ Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը կձևավորվի հետաքննության արդյունքների գնահատումից հետո։

Գերմանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ պայթուցիկներով լիցքավորված անօդաչու սարքը կարող էր նախատեսված լինել ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռի դեմ հարձակման համար, որը նաև օգտագործվում է ռազմական տեխնիկայի փոխադրման նպատակով։ The Wall Street Journal-ը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության գնահատականներին, գրել էր միջադեպի և Ռուսաստանի միջև ուղիղ կապի մասին։ Մոսկվան հերքում է իր առնչությունը։

Գերմանական երկու աղբյուրներ Մոսկվայի նկատմամբ Բեռլինի ենթադրյալ շրջադարձն անվանել են «Zeitenwende 2.0»՝ զուգահեռ անցկացնելով նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի՝ 2022 թվականին հայտարարած պատմական փոփոխության հետ Գերմանիայի պաշտպանական քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։

Ինչպես նշվել է, կառավարության դիրքորոշման փոփոխության վրա ազդել է նաև Բեռլինի մերձակայքում՝ Մյուգելզեե լճից ոչ հեռու անտառում, զենքի թաքստոցի հայտնաբերումը։ Գերմանական հատուկ ծառայություններն այնտեղ հայտնաբերել են երկու կիսաավտոմատ զենք և մեծ քանակությամբ զինամթերք։ Դաշնային դատախազությունը գործը քննում է պետությանը սպառնացող ծանր հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով։ Իշխանությունները թաքստոցի և Ռուսաստանի միջև ուղիղ կապ դեռևս չեն պարզել։

Միևնույն ժամանակ, նոր միջադեպեր են տեղի ունեցել նաև ՆԱՏՕ այլ երկրներում։ Ռումինիայում զինվորականները վնասազերծել են պայթուցիկներով լցված ծովային անօդաչու սարք Սև ծովում, Neptun Deep գազային նախագծից ոչ հեռու, ընդ որում, երկրի նախագահ Նիկուշոր Դանը տեղի ունեցածի համար ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին։ Սլովակիայում ոստիկանությունը կանխել է անօդաչու սարքերի արտադրության ձեռնարկությունում ենթադրյալ հրկիզումը, Էստոնիայի իշխանությունները հետաքննում են Ռուսաստանի հնարավոր առնչությունը պաշտպանական կապալառուի օբյեկտում տեղի ունեցած հրկիզմանը։ Իտալիայում և Բուլղարիայում զինամթերքի արտադրության ձեռնարկություններում տեղի ունեցած պայթյունները նույնպես հետաքննվում են, սակայն ռուսական դիվերսիայի ապացույցներ առայժմ չկան։

Միաժամանակ, Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր լայնածավալ փաթեթ։ Այն նախատեսվում է քննարկել ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը Իռլանդիայում, սեպտեմբերի 1–2-ին։ Դիվանագետների խոսքով՝ ներկայում պատժամիջոցային ցուցակներում ներառելու համար դիտարկվում է մոտ 1 600 դիրք՝ մոտ 800 ֆիզիկական անձ և 800 ռուսական ընկերություն։ Սպասվում է, որ փաթեթը կարող է ընդունվել հոկտեմբերի կեսերին։

Բացի այդ, ԵՄ-ը կրկին քննարկում է սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Սակայն այս հարցը համարվում է ավելի երկարաժամկետ և պահանջում է Բելգիայի համաձայնությունը, որտեղ, Euroclear դեպոզիտարիայում, գտնվում է սառեցված ռուսական պահուստների ամենամեծ մասը։
Եվրոպացի դիվանագետներից մեկը ԵՄ ներկայիս ռազմավարությունը բնութագրել է որպես Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների բոլոր հնարավոր ռեժիմները» կիրառելու ձգտում։

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու


Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն։ Նրանց հանձնվել է բողոքի նոտա՝ Սեւ ծովում թուրքական առեւտրային նավերի հետ կապված պատահարի…

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը տեսանյութ է հրապարակել: