Կիրականացվի ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում

Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ, որոնց շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հնարավորություն կընձեռվի՝ առցանց համակարգով (GPS տեղորոշում) անմիջապես տեղեկանալու ընտանեկան բռնության դեպքերով արձանագրված խախտումների մասին և անհապաղ արձագանքելու դրանց: Այդ նպատակով գործադիրի որոշմամբ առաջարկվում է տրամադրել 304 668,0 հազար դրամ՝ թվով 120 հատ ձեռնաշղթաների հավաքածու (էլեկտրոնային հսկողության միջոցներ) գնման առարկայի ձեռքբերման նպատակով:

Արդյունքում հնարավորություն կընձեռվի՝ առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարը, առավել արդյունավետ լուծելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները: Արդյունքում՝ հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների անվտանգությունը, վերահսկել ընտանեկան բռնություն գործադրած անձանց և պաշտպանել բռնության ենթարկվածներին։

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։

2026 թվականի մայիսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

  • 79․38գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

  • 129 բջջային հեռախոս,

  • 185 բջջային հեռախոսի պարագա,

  • 5 wi-fi սարք,

  • 22 կտրող-ծակող առարկա,

  • 78,55լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
     Ուղերձում, մասնավորապես, ասված է.
     «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
     Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։
     Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։ Մաղթում եմ Ձեզ շարունակական առողջություն, բարեկեցություն, ինչպես նաև առաջընթաց և բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։
     Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Սամո, հիմա քո համար ընտրակաշառք բաժանած տասովշիկների ընտանիքներին ի՞նչ պատասխան ես տալու. Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր  Վահագն Ալեքսանյանը գրել է․

Սամո, հիմա քո համար ընտրակաշառք բաժանած տասովշիկների ընտանիքներին ի՞նչ պատասխան ես տալու, որ իրանց տղերքը ձեր երեսից տարիներով արևը ճաղերի հետևից են տեսնելու։

Ամերիկացիներին կոչ են արել շտապ լքել Իրաքը․ ինչ է կատարվում

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրաքում գտնվող ամերիկացի քաղաքացիներին մնալ չափազանց զգոն և լքել երկիրը՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում վերջին իրադարձությունների պատճառով կարող են տեղի ունենալ տեղաշարժի խափանումներ կամ օդային տարածքի հանկարծակի փակումներ՝ առանց նախնական ծանուցման։

Դեսպանատունը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ առաքելությունը շարունակում է գործել՝ չնայած որոշ անձնակազմի պարտադիր տարհանմանը, սակայն քաղաքացիներին հիշեցրել է, որ Իրաքը շարունակում է մնալ 4-րդ (ամենաբարձր) մակարդակի՝ «Չճանապարհորդել» նախազգուշացման տակ։

Մարտական վնասվածքներից հետո ոչ պիտանի ճանաչված զինծառայողներիը կարող են դիմել պայմանագրային ծառայության համար

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Ֆեյսբուք եւ գործ. արձագանք երեք խմբերի

Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել–չվերցնելը: Տեղեկություններ կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են վերցնելուն, հատկապես եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնում է խորհրդարան։ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում ի՞նչ տրամադրություններ են, հարցրեցինք դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանին։

«Հասարակության մի մասին հուզող՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, բնականաբար, «Հայաստան» դաշինքում էլ է քննարկվում։ Խորհրդակցում ենք նաեւ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ։ Վերջնական արդյունքներից, «Բարգավաճ Հայաստանի» անցնել- չանցնելուց հետո, քաղաքական որոշումը կկայացվի` վստահ եղեք»,- խոստացավ Վարդանյանը: «Այն, ինչ ասում եմ, իմ անձնական կարծիքն է»։

Մանդատներից հրաժարվելու կոչ անողներին նա երեք խմբի է բաժանում։ «Առաջին խմբում մեր իսկական աջակիցներն են` խայտառակ ընտրություններից ինչ-որ տեղ հուսահատված, կտրուկ, էմոցիոնալ քայլ անելու ազնիվ կողմնակիցները։ Ամբողջովին հասկանում եմ նրանց։

Երկրորդ խումբը շեմը չհաղթահարածներն ու նրանց բացահայտ-թաքուն շահառուներն են՝ եթե երկու կամ երեք ուժերը խաղից դուրս գան, իրենք, իբրեւ թե, ինքնադրսեւորվելու, կայանալու, մեր տեղը գրավելու շանս կունենան։ Սին հույսեր:

Երրորդ խումբը նրանք են, ովքեր ամիսներ շարունակ ճղում էին իրենց, թե «Հայաստան» դաշինքը ութ տոկոսը չի հավաքելու, շեմը չի հաղթահարելու: Սրանց կասեմ՝ համարեք, որ ճիշտը դուք էիք` չենք անցել: Ձեզ ինչ, թե մենք ինչ կորոշենք: Ֆեյսբուք բերաններդ փակեք, լռեք, պապանձվեք, լալկվեք:

Մենք հաշվետու ենք առաջին խմբին եւ մեզ ու իրական ընդդիմադիրներին ընտրողներին։ Իմ անձնական տեսակետը պարզ է. չհամակերպվել, պայքարել, իրականում չընտրված Նիկոլին ու ՔՊ–ին հեռացնել։ Այսինքն՝ աշխատել»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում․ «Արմենպրես»

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում. «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 2 թեկնածուներ՝ Սասուն Բադոյանը և Վահե Եղիազարյանը։

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի՝ Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Արթուր Աբրահամյանի, Վահե Թավաքալյանի, Վահե Եղիազարյանի, Աշոտ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Մելոնին կոչ է արել ԵՄ-ի համար մեկ միասնական միջնորդ ընտրել․ Corriere della Sera

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է անում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում Եվրոպայի համար ընտրել մեկ միասնական ներկայացուցիչ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է «Corriere della Sera» թերթը։

«Եվրոպական միությունը պետք է պատրաստ լինի այս երկխոսությունը գլխավորելու համար. լոկ կողմնակի դիտորդ լինելը կամ ուրիշներին հարմարվելը սխալ կլիներ։ Բայց դրա համար մենք պետք է հստակեցնենք, թե ով է բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնելու եվրոպական շահերը», — Պատգամավորների պալատում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մելոնին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընտրել հեղինակավոր մի անձի, ով կունենա «ԵՄ անդամ բոլոր երկրների վստահությունն ու մանդատը՝ Եվրոպայի տեսակետն առաջ տանելու համար»։

«Եվրոպայի համար մենք պետք է Մոսկվայի հետ փոխգործակցության ուղիների շուրջ ընդհանուր ու գործնական քննարկում սկսենք. ես շարունակում եմ բարձրացնել այս հարցի կարևորությունը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ցանկացած լուրջ սցենարում տարբեր պայմաններ անմիջականորեն կախված են Եվրոպայից, վերաբերում են Եվրոպային ու ազդում նրա վրա, և հենց Եվրոպան պետք է վարի այդ բանակցությունները», — նշել է վարչապետը։

Նա կոչ է արել «մեր դաշնակիցների հետ համատեղ աշխատանքով նպաստել խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

Մելոնին հավելել է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միասնականությունը, ինչպես նաև սերտացնել նրանց միջև համակարգումը։ Նա ընդգծել է, որ սա հեշտ առաջադրանք չէ, բայցևայնպես՝ կենսականորեն անհրաժեշտ է։

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր նկատմամբ ՀՀ ժողովրդի վստահությունը. ԱՄՀ գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը։ Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական հանձնառության մեջ՝ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։ Ձեր առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։

Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»: