Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարգապահական վարույթ է սկսել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում երկրի դեսպան Բրունո Ֆուշեի նկատմամբ՝ նրա պաշտոնական նստավայրում վարքագծի մասին հաղորդումներից հետո, որը կարող էր անվտանգության սպառնալիք ստեղծել, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հետաքննության առիթ են դարձել ֆրանսիական Le Canard enchaîné շաբաթաթերթի հրապարակումները։ Պարբերականի տվյալներով՝ 2024 թվականի հունվարից մինչև 2026 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում 65-ամյա դիվանագետը Բանգիում գտնվող իր նստավայր է բերել շուրջ 30 կին՝ 20-30 տարեկան։ Նրանցից մի քանիսը այնտեղ մնացել են գիշերելու։
Հաղորդվում է, որ հաճախակի այցերը մտահոգություն են առաջացրել աշխատակիցների շրջանում և գնահատվել որպես անվտանգության կանոնների հնարավոր խախտում։ Պարբերականի տվյալներով՝ Ֆուշեն ընդունել է, որ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել երկու երիտասարդ կանանց հետ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում հաստատել են ծառայողական հետաքննության անցկացումը։ Գերատեսչության տվյալներով՝ ստուգումն անմիջապես Բանգիում անցկացվել է 2026 թվականին, իսկ դրա արդյունքները ստանալուց հետո արտգործնախարարը հանձնարարել է դեսպանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսել։ Գործընթացը շարունակվում է։
Դեսպանատանը տեսչական ստուգումը տեղի է ունեցել ապրիլին։ Ինչպես պնդում է Le Canard enchaîné-ն, որը ծանոթացել է դրա հաշվետվությանը, դեսպանը նստավայրում ամսական ընդունել է մոտ 15 այցելուի։ Բացի դրանից, նա, իբր, կարգադրել է թույլատրել երիտասարդ կանանցից մեկինիր բացակայության ընթացքում մնալ նստավայրում։
Բրունո Ֆուշեն ֆրանսիացի աստիճանակարգային փուլով անցած փորձառու դիվանագետ է։ Նա Ֆրանսիայի դեսպանն է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում 2023 թվականից։ Ավելի վաղ նա Ֆրանսիան ներկայացրել է Լիբանանում, Իրանում և Չադում։
Դիվանագետի շուրջ սկանդալը բռնկվել է այն պահին, երբ Փարիզը փորձում է վերականգնել հարաբերությունները Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հետ, որոնք վերջին տարիներին զգալիորեն վատթարացել էին։ Միաժամանակ երկրում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը։
Ռուսաստանը պահպանում է զգալի ներկայություն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, մասնավորապես՝ նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված ռուսական ուժերի միջոցով։ Նրանք մասնակցում են երկրի նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի անվտանգության ապահովմանը։ Ֆրանսիական իշխանությունները ռուսական կողմին բազմիցս մեղադրել են աֆրիկյան մի շարք պետություններում հակաֆրանսիական տրամադրություններ տարածելու մեջ։
Մարտին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Բանգի կատարած այցի ընթացքում հայտարարել էր Ֆրանսիայի և Կենտրոնաֆրիկյան Հանրապետության միջև հարաբերությունների «լիակատար վերականգնման» մասին։