ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան


ԵՄ-ն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի երկրի զեկույցում անդրադարձել է Հայաստանին, մատնանշել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի խնդիրները, անելիքներն ու ձեռքբերումները։

ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանը 2025-ին շարունակել է առաջընթաց գրանցել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի բարեփոխումների ուղղությամբ։ Դրականից ԵՄ-ն առանձնացնում է դատավորների եւ դատախազների բարեվարքության կանոնավոր ստուգումների ներդրումը, նաեւ՝ արդարադատության համակարգի թվայնացումը։ Որ դատական համակարգը պետք է շարունակաբար բարեփոխվի՝ Հայաստանի իշխանություններն էլ են հայտարարել։ 

Զեկույցում նշվում է 2025-ին Արբիտրաժի եւ հաշտարարության կենտրոնի ստեղծումը։ ԵՄ-ն մատնանշում է նաեւ խնդիրներ, մասնավորապես՝ դատական անկախության, ոստիկանության հաշվետվողականության, նախնական կալանքի կիրառման եւ համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունման հարցերում։ Հիմք են ընդունվել քաղհասարակությունից հնչած մտահոգությունները, որ ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ պնդումների քննությունն արդյունավետ չէ, դատական համակարգը լիարժեք անկախ չէ, իսկ քրեական վարույթներում նախնական կալանքները մեծաթիվ են։

Առանձին նշվում է նաեւ հանրային մասնակցության դեմ դատական հայցերի խնդիրը, երբ դատական գործերը կարող են սահմանափակել լրագրողների, իրավապաշտպանների կամ ակտիվիստների գործունեությունը։ ԵՄ-ի բարձրաձայնած հարցերին զուգահեռ՝ Հայաստանի ՆԳՆ-ն նշում է․ Մեջբերում․ «Հաշվետվողականության մեխանիզմները գործում են։ Միայն առաջին եռամսյակում իրականացվել է 532 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում կիրառվել է 90 կարգապահական տույժ, որից 80-ը՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ»։

ԵՄ-ն անդրադառնում է նաեւ հավասարության եւ խտրականության դեմ պայքարին՝  առաջընթացը բավարար չհամարելով։

Զեկույցի մեկ այլ բաժին սոցիալական քաղաքականությունն է։ Դրական է գնահատվել հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այսինքն՝ զեկույցը գնահատում է 2025-ի աշխատանքը, իսկ համակարգն արդեն գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրա ընդլայնման աշխատանքները շարունակվում են․ վարչապետի մոտ քննարկվել են եկող հունվարի 1-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու սցենարները։

«2027-ին հնարավոր է կիրառվի հետևյալ մեխանիզմը անհրաժեշտ 10 800 դրամ ծախսից 4 400 դրամը սուբսիդավորի կառավարությունը, 2000 դրամը վճարեն աշխատողները՝ այն գումարի չափովորը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ըվճարում էին Զինապահ հիմնադրամինիսկ մնացած 4 400 դրամը վճարեն գործատուները»։

ԵՄ-ի գնահատմամբ՝ ավելի քան 100 հազար արցախահայերի ինտեգրումը շարունակվում է, սակայն դեռ կան բնակարանի, զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հասանելիության խնդիրներ։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ շարունակել են արցախահայերի բնակապահովման, զբաղվածության եւ սոցաջակցության ծրագրերը։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան․ «Բնակապահովման ծրագիրը, ամսական աջակցությունները՝ 30 հազարները եւ 40 պլյուս 10 հազարները, երկարատեւ վարձակալության ծրագիրը, որը հուլիսի 1-ից սկսելու ենք այն փոքրաթիվ ընտանիքների համար, որոնք դժվարություն են ունենալու սերտիֆիկատով տուն գնելու, ինքնազբաղվածության ծրագիրը՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար փոքրիկ բիզնեսներ հիմնելու…»

ԵՄ-ն դրական է գնահատում նաեւ հակակոռուպցիոն համակարգը՝ միջազգային չափանիշներին, այդ թվում՝ GRECO-ի չափանիշներին համապատասխանեցնելու քայլերը։ Ըստ գնահատման՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը ավելի արդյունավետ կդառնա, եթե հիմնվի կոնկրետ ռիսկերի գնահատման վրա հատկապես պետական գնումների ոլորտում։

Զեկույցի քաղաքական բաժնում առանձնանում է նաեւ 2026-ի ընտրությունների թեման։ ԵՄ-ն որպես խնդիրներ է դիտարկել ապատեղեկատվությունը, տեղեկատվական մանիպուլյացիան եւ արտաքին միջամտության ռիսկերը։

armradio


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *