Չինաստանի Գույան քաղաքում ավարտվել է արտակարգ իրավիճակներում արբանյակային նավիգացիոն համակարգերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը նվիրված միջազգային երկշաբաթյա սեմինարը, որին մասնակցելու համար Չինաստան էին ժամանել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախձեռնությանը միացած 9 երկներից ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Եթովպիայի, Մոնղոլիայի, Ալժիրի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի և Մյանմարի ներկայացուցիչներ։
Հայկական պատվիրակության կազմում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ էին, ինչպես նաև NEWS.am-ի թղթակիցները: Սեմինարի շրջանկում տեսական դասընթացներից զատ, նրանք այցելել են Գույան և Շենժեն քաղաքների գիտատեխնոլոգիական կենտրոններ։ Այցերի ընթացքում նրանք ծանոթացել են Չինաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին, նորարարական տեխնոլոգիաներին և դրանց գործնական կիրառություններին։ Սեմինարի շրջանակում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել փոխանակելու մասնագիտական փորձը, քննարկելու իրենց երկրների փորձն ու մարտահրավերները և ձեռք բերելու նոր գործնական հմտություններ։
Դասընթացի ամփոփիչ միջոցառմանը մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների պատմությունն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված առաջընթացը։ Նրանք անդրադարձել են նաև սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքներին և այն հնարավորություններին, որոնք կարող են կիրառվել իրենց երկրներում։

Գույչժոուի գիտությունների ակադեմիայի միջազգային համագործակցության բաժնի տնօրեն Վան Յունի խոսքով՝ դասընթացը կարևոր քայլ է Չինաստանի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասնակից երկրների միջև գործնական համագործակցության խորացման ուղղությամբ։ «Այս դասընթացի ավարտը նոր ճանապարհի սկիզբն է։ Դուք վերադառնալու եք ձեր երկրներ՝ այստեղ ձեռք բերած նոր գիտելիքներով և փորձով։ Դուք սովորել եք, թե ինչպես կարելի է կիրառել BeiDou համակարգը, արբանյակային տվյալներն ու անօդաչու սարքերը արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև ինչպես օգտագործել արհեստական բանականությունը փրկարարական աշխատանքներում և արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացում»,– նշել է նա։ Վան Յունի խոսքով՝ ձեռք բերված գիտելիքները մասնակիցները կարող են կիրառել իրենց երկրներում՝ արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանքելու և աղետների հետևանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու համար։

Իր հերթին Գույչժոուի գիտությունների ակադեմիայի կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ Վան Թաոն ընդգծել է, որ աշխարհն այսօր բախվում է խորքային փոփոխությունների, իսկ աղետների ռիսկերի աճն ու կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող մարտահրավերները պահանջում են երկրների միջև ավելի սերտ համագործակցություն։ «Արտակարգ իրավիճակների կառավարման և փրկարարական կարողությունների զարգացումը դարձել է միջազգային օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Որպես պատասխանատու խոշոր երկիր՝ Չինաստանը հայտարարել է մարդկության համար ընդհանուր ապագայով համայնք կառուցելու իր հանձնառության մասին՝ ակտիվորեն խթանելով արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությունը»,– ասել է նա։

Վան Թաոյի խոսքով՝ սեմինարի նպատակն է խորացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասնակից երկրների միջև գործնական համագործակցությունը, աջակցել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրականացմանը և նպաստել համաշխարհային անվտանգության ոլորտում փորձի ու լուծումների փոխանակմանը։ Կազմակերպիչների խոսքով, դասընթացների ընթացքում ձեռք բերված կապերն ու փորձը կարող են հիմք դառնալ հետագա համատեղ ծրագրերի և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում տեխնոլոգիական համագործակցության համար։


Մերի Հակոբյան, Վազգեն Եթումյան