Իտալական ոստիկանությունը հայտնաբերել է ֆրանսիացի վարպետներ Պոլ Սեզանի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի և Անրի Մատիսի երեք նկարները, որոնք մարտին գողացվել էին Իտալիայի հյուսիսում գտնվող թանգարանից, հաղորդել է Reuters-ը։
Իտալիայի մշակութային ժառանգության պաշտպանության ստորաբաժանման կարաբիներների աշխատակիցներն արվեստի գործերը վերադարձրին այն բանի արդյունքում, ինչը ոստիկանությունը բնութագրել է որպես բարդ հետաքննություն։
Նկարները գողացվել էին Մամիանո դի Տրավերսետոլոյում՝ Պարմայի մերձակայքում գտնվող Մանյանի Ռոկկա հիմնադրամի թանգարանից (Fondazione Magnani Rocca) մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Արվեստի ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է 9 միլիոն եվրոն։
Հայտնաբերված գործերն են Սեզանի «Բաժակ և ափսե բալով» (Tasse et Plat de Cerises), Ռենուարի «Ձկներ» (Les Poissons) և Մատիսի «Օդալիսկը տերասում» (Odalisque sur la Terrasse) կտավները։
Ուրբաթ ոստիկանությունը հրապարակել է գողության տեսագրությունը, որում երևում են դիմակավորված երկու ավազակներ, որոնք պատուհանից ներս են մտնում, պատերից հանում երեք նկարները և անմիջապես լքում շենքը։ Ամբողջ գործողությունը տևել է մոտ երեք րոպե։
Մանյանի Ռոկկա հիմնադրամի թանգարանում պահվում է մասնավոր հավաքածու, որը հավաքել է հանգուցյալ երաժշտական քննադատ Լուիջի Մանյանին, և որը ներառում է Տիցիանի, Ֆրանսիսկո Գոյայի, Ջովանի Բատիստա Տյեպոլոյի, Կլոդ Մոնեի, Պիտեր Պաուլ Ռուբենսի և Ջորջո Մորանդիի աշխատանքները։