Չինական CCTV Video News Agency (CCTV+) տեղեկատվական գործակալության ղեկավարությունը օգոստոսի 13-ին Պեկինում հանդիպել է հայկական NEWS.am պարբերականի պատվիրակությանը, որը գլխավորել է գլխավոր խմբագրի տեղակալ Նարինե Հովհաննիսյանը։ Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր (MOU), որն ուղղված է երկկողմ համագործակցության խորացմանը։
Global South Media Partners («Գլոբալ Հարավի մեդիա գործընկերներ») նախաձեռնության շրջանակում NEWS.am-ը և CCTV+-ը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ կոնտենտի փոխանակում, անձնակազմի վերապատրաստում և տեխնոլոգիական աջակցություն։
Նշենք, որ CCTV Video News Agency-ն (CCTV+) Չինաստանի առաջատար տեսալրատվական գործակալությունն է, որը սկսել է գործել 2010 թվականի դեկտեմբերին։ Գործակալությունը միջազգային մակարդակի լրատվական արտադրանք և ծառայություններ է մատուցում գլոբալ մեդիա կազմակերպություններին՝ կոնտենտի տարածման սեփական առցանց համակարգի միջոցով, ինչպես նաև մասնագիտական լրատվական կոնտենտի համաշխարհային առաջատար դիստրիբյուտորների հետ համագործակցությամբ։ CCTV+-ի հաճախորդների թվում են ավելի քան 1 800 հեռուստաալիք և 1 000 թվային մեդիա հարթակ՝ ավելի քան 130 երկրներում և տարածաշրջաններում։ Գործակալությունը պատկանում է պետական China Central Television հեռուստացանցին և հեռարձակում է վեց լեզվով աշխարհի ավելի քան 70 երկրներում՝ լուսաբանելով քաղաքականությունը, ֆինանսները, հասարակությունը, գիտությունը և կյանքի այլ ոլորտներ ինչպես Չինաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։