Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի ղեկավարած հետազոտողների միջազգային թիմը ներկայացրել է Global Canopy Atlas-ը՝ անտառների, նոսր անտառների և սավաննաների բարձր ճշգրտության եռաչափ քարտեզների աշխարհում ամենամեծ միասնական հավաքածուն։ Ատլասը թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել ցամաքային էկոհամակարգերի կառուցվածքը, գնահատել անտառներում ածխածնի պաշարները, հետևել կենսաբազմազանության վիճակին և պլանավորել բնական տարածքների վերականգնումը։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Ecology and Evolution ամսագրում։ Հնգամյա նախագծին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 գիտական հաստատությունների մասնագետներ։ Նրանք միավորել են անտառային լանդշաֆտների հազարավոր օդային լազերային նկարահանումներ, որոնք իրականացվել են LiDAR տեխնոլոգիայի միջոցով։

LiDAR-ը լազերային իմպուլսներ է օգտագործում բուսականության և երկրի մակերևույթի մանրամասն եռաչափ քարտեզներ ստեղծելու համար։ Ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրված սքաներները թույլ են տալիս ուսումնասիրել ընդարձակ տարածքներ և չափել անտառի սաղարթածածկի՝ ծառերի սաղարթների վերին հարկի բարձրությունը, որն անտառի համար յուրատեսակ տանիք է ծառայում։

Հետազոտության ղեկավարներից մեկի՝ Բրիստոլի համալսարանի անտառների էկոլոգիայի և գլոբալ փոփոխությունների պրոֆեսոր Թոմազո Ջուկերայի խոսքով՝ մինչ այժմ գիտնականները չունեին տվյալների միասնական գլոբալ համակարգ, որը թույլ կտար համեմատել աշխարհի տարբեր տարածաշրջանների անտառների բարդ եռաչափ կառուցվածքը։

Ատլասը միավորում է գրեթե 3 500 օդային լազերային նկարահանում, որոնք ընդգրկում են ավելի քան 5,5 մլն հեկտար տարածք 56 երկրում և 224 էկոլոգիական տարածաշրջանում։ Ներկայացված են ամենատարբեր լանդշաֆտներ՝ խիտ արևադարձային անձրևային անտառներից մինչև չորային նոսր անտառներ։

Ուսումնասիրված տարածքի գրեթե 20 տոկոսը հետազոտվել է բազմիցս։ Սա հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում հետևել բուսականության փոփոխություններին, այդ թվում՝ բնական խաթարումների և մարդու գործունեության հետևանքներին։

Բոլոր քարտեզները ստեղծվել և մշակվել են միասնական մեթոդաբանությամբ, ինչը թույլ է տալիս ուղղակիորեն համեմատել տարբեր տարածաշրջանների տվյալները։ Բացի անտառի սաղարթածածկի բարձրությունից, դրանք պարունակում են նաև տեղեկություններ տեղանքի ռելիեֆի մասին։

Ատլասի հետ աշխատելու համար գործարկվել են նաև հատուկ կայք և տվյալների արխիվ, որոնք ստեղծվել են Եվրոպական տիեզերական գործակալության և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի մասնակցությամբ։ Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս պարզել, թե որտեղ և երբ են իրականացվել նկարահանումները, և ովքեր են դրանք կատարել։

Հետազոտողներն ակնկալում են, որ այս ռեսուրսը կօգնի էկոլոգներին ուսումնասիրել էկոհամակարգերի կառուցվածքի փոփոխություններն ու դրանց ազդեցությունը կենսաբազմազանության վրա։ Բնապահպանական կազմակերպությունները կկարողանան հետևել արժեքավոր կենսավայրերի վիճակին և գնահատել անտառների վերականգնման արդյունքները, իսկ կլիմայագետները՝ կատարելագործել անտառային էկոհամակարգերում ածխածնի պաշարների և դրանց փոփոխությունների գնահատումները։

Ատլասը կօգտագործվի նաև անտառների դիտարկման արբանյակային համակարգերի չափաբերման և ստուգման համար։ Եվրոպական տիեզերական գործակալության BIOMASS առաքելության ղեկավար Կլաուս Սցիպալի խոսքով՝ այս տվյալները հատկապես կարևոր կլինեն անտառներում ածխածնի համաշխարհային պաշարների գնահատման արբանյակային մեթոդների զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *