Չինաստանում Volkswagen-ի դիլերները սկսել են պատվերներ ընդունել նոր միջին չափերի ID.Era 5S սեդանի համար։ Մոդելը ստեղծվել է SAIC-Volkswagen համատեղ ձեռնարկության շրջանակում և համալրված է բենզինա-էլեկտրական ուժային համակարգով՝ արտաքին ցանցից մարտկոցը լիցքավորելու հնարավորությամբ։
ID.Era 5S-ի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար կազմում են 4836, 1880 և 1505 մմ, անիվային բազան՝ 2766 մմ, հայտնում է Drom.ru-ն։
Ուժային համակարգը բաղկացած է 1,5 լիտրանոց մթնոլորտային բենզինային ներքին այրման շարժիչից, էլեկտրաշարժիչով DHT փոխանցումատուփից և 19,1 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցից։ Համակարգի ընդհանուր հզորությունը չի ճշտվում, սակայն նշվում է, որ ներքին այրման շարժիչը զարգացնում է 107 ձիաուժ, իսկ էլեկտրաշարժիչը՝ 174 ձիաուժ։ Մաքուր էլեկտրաքարշակով մեքենան կարող է անցնել մինչև 160 կմ, իսկ վառելիքի միջին ծախսը կազմում է 4,2 լ/100 կմ։
Չինաստանում Volkswagen ID.Era 5S-ի գինը սկսվում է 115 900 յուանից։ Մեքենաների առաքումները գնորդներին կմեկնարկեն օգոստոսի 21-ից։