Հռոմեական դարաշրջանի առնվազն 129 մարդու ընդհանուր գերեզման են հայտնաբերել Վիեննայի ծայրամասում գտնվող ֆուտբոլային դաշտի տակ, հայտնում է Live Science-ը։
Մնացորդների նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ զոհվածների մեծ մասը 18-ից 35 տարեկան երիտասարդ տղամարդիկ էին, իսկ առնվազն երկու երրորդի մոտ մահից կարճ ժամանակ առաջ ստացած ծանր վնասվածքների նշաններ են հայտնաբերվել։
Խազենլայտենգասսեի շրջանում գտնվող գերեզմանը հայտնաբերվել է 2024 թվականին և թվագրվում է մեր թվարկության I–II դարերով։ Հնագույն ժամանակներում այս տարածքը մտնում էր Վինդոբոնայի կազմի մեջ՝ Դանուբի վրա գտնվող կարևոր հռոմեական ռազմական ճամբարի, որը պաշտպանում էր կայսրության սահմանները գերմանական ցեղերից։
Հնագետները կարծում են, որ զոհվածները, հավանաբար, դարձել են զանգվածային բռնության զոհ՝ հնարավոր է՝ ճակատամարտի կամ ռազմական արշավի ընթացքում։ Միևնույն ժամանակ, դեռևս անհայտ է, թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մարտը։ Պատմական և հնագիտական աղբյուրները չեն վկայում Խազենլայտենգասսեի շրջանում այս ժամանակահատվածում տեղի ունեցած ճակատամարտի մասին։
Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է վնասվածքների բնույթը։ Ոսկորների վրա հայտնաբերվել են սառը զենքի հարվածների հետքեր, այդ թվում՝ սրերով և դաշույններով, ինչպես նաև բութ հարվածների հետքեր՝ հիմնականում գանգի հատվածում։ Միաժամանակ, նետվող զենքի հարվածների հետքերը հիմնականում կենտրոնացած են կոնքի և աճուկի շրջանում։

Novetus հնագիտական ընկերության բիոհնագետ Շերիդան Սթրենգի կարծիքով, ամենահավանականն այն է, որ հարձակվողները, գտնվելով գետնի վրա, օգտագործել են նիզակներ և ձիուց հարձակման ժամանակ թիրախավորել են հակառակորդի մարմնի անպաշտպան հատվածները։ Մի դեպքում նիզակի ծայրը պահպանվել էր անմիջապես զոհվածի կոնքոսկրում։
«Այս վնասվածքները հասցրած մարդիկ թիրախավորում էին մարմնի զգայուն հատվածները», — նշել է Սթրենգը։
Ուփսալայի համալսարանի կենսաբանական մարդաբան Պատրիկ Ռենդոլֆ-Քիննիի կարծիքով, վնասվածքների բնույթը կարող է վկայել ինչպես զրահի կողմից մարմնի ստորին հատվածի անբավարար պաշտպանվածության, այնպես էլ այն մասին, որ հարձակվողները լավ գիտեին անատոմիան և դիտավորությամբ հասցնում էին հարվածներ, որոնք կարող էին շարքից հանել հակառակորդին։
Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր էին զոհվածները։ Հետազոտողները չեն բացառում, որ նրանց թվում կարող էին լինել հռոմեական զինծառայողներ, գերմանական ցեղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարկոմաններ, կամ հակամարտության երկու կողմերի մասնակիցներ։
25 կմախքի ԴՆԹ-ի նախնական վերլուծությունը հաստատել է, որ դրանք բոլորը պատկանել են տղամարդկանց։ Միաժամանակ, գենետիկական տվյալները ցույց են տալիս զոհվածների տարբեր ծագում․ նրանց թվում եղել են մարդիկ, որոնց նախնիները ծագել են Ապենինյան թերակղզուց, մայրցամաքային Եվրոպայից, ինչպես նաև առնվազն երեքը՝ Արևելյան Միջերկրականից և Լևանտից։
Հետազոտությունը դեռ չի գրախոսվել։ Դրա արդյունքները ներկայացվել են օգոստոսի 6-ին Պալեոպաթոլոգիայի եվրոպական ասոցիացիայի 25-րդ համաժողովում։ Գիտնականները նախատեսում են շարունակել մնացորդների ուսումնասիրությունը, այդ թվում՝ պարզել զոհվածների սննդակարգի, առողջական վիճակի և հիվանդությունների առանձնահատկությունները։