Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իոսիֆ Ալիբեգաշվիլիին նշանակել է Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի նոր պետական լիազոր՝ նահանգապետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Կոբախիձեն արդեն աշխատանքային հանդիպում է ունեցել նոր նահանգապետի հետ, որին մասնակցել է նաև փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն։ Ըստ Грузия Online-ի, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ և պլանավորված ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը։
Մինչև այս նշանակումը Ալիբեգաշվիլին զբաղեցնում էր Քվեմո-Քարթլիի փոխնահանգապետի պաշտոնը։
Կադրային որոշումը կայացվել է Սամցխե-Ջավախեթիի նախորդ նահանգապետ Զաալ Գելաշվիլիի մահից հետո։ Նա մահացել էր անցյալ շաբաթ 57 տարեկանում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Կոբախիձեն նշանակել էր Մցխեթա-Մթիանեթիի նոր նահանգապետ։ Այդ պաշտոնը ստանձնել է Լևան Զաուտաշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր տարածաշրջանային զարգացման փոխնախարարի պաշտոնը։
Նոր նշանակումները տեղի են ունենում Վրաստանի կառավարության պլանավորած տարածաշրջանային կառավարման համակարգի լայնածավալ բարեփոխումների ֆոնին։ Բարեփոխումների շրջանակում իշխանությունները մտադիր են լուծարել Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը և դրա փոխարեն ստեղծել տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետնախարարի աշխատակազմ։
Սպասվում է, որ նոր կառույցը կղեկավարի Մամուկա Մդինարաձեն։ Վերջին մեկ տարում նա զբաղեցրել է իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետնախարարի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնները։