Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գտնվող Օրսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևի խոսքով՝ գործարանի վերականգնման համար կարող է պահանջվել մինչև վեց ամիս։
«Իրավիճակը բարդ է։ Հարվածի հետևանքով վնասվել է առանցքային ենթակառուցվածքը, որի վերականգնումն այս պահին հնարավոր չէ։ Սարքավորումները ներմուծված են, և պատժամիջոցների պայմաններում վերանորոգման ժամկետները կարող են ձգվել մինչև վեց ամիս։ Գործարանը ամբողջությամբ կանգնեցված է»,– հայտարարել է Սոլնցևը։
Նրա խոսքով՝ գործարանի աշխատանքի դադարեցման պայմաններում մարզը ստիպված կլինի վառելիք ներմուծել այլ շրջաններից։ Արդեն սկսվել է վառելիքի մատակարարման լոգիստիկայի վերակազմակերպումը։
Մարզում գործող 287 բենզալցակայաններից մոտ 80%-ը շարունակում է աշխատել, սակայն վառելիքի մատակարարման հետ կապված իրավիճակը մնում է բարդ։ Առաջնահերթությունը տրվում է հատուկ նշանակության և ծառայողական տրանսպորտին։
Նահանգապետը նշել է, որ իշխանությունները պատրաստվում են նույնիսկ ամենավատ սցենարին։ Միաժամանակ բենզալցակայաններում հերթերի և երթևեկության կառավարման հարցում ներգրավված են կամավորներ և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։
Վառելիքի շուկայի վրա ճնշումը մեծանում է
Օրսկի ՆՎԳ-ի կանգը տեղի է ունենում Ռուսաստանի նավթավերամշակման և վառելիքի շուկայի համար բարդ ժամանակահատվածում։ Նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ վերջին հարձակումների և չնախատեսված վերանորոգումների ֆոնին մի շարք շրջաններում կրկին սահմանափակվում է բենզինի վաճառքը։
Վերջին օրերին անօդաչու սարքերի հարձակումներ են գրանցվել նաև Սալավատի արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում է Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատը»։
Դրոնների հարվածների են ենթարկվել նաև Նիժնեկամսկի արդյունաբերական օբյեկտները։ Քաղաքը Ռուսաստանի նավթավերամշակման կարևորագույն կենտրոններից է։ Այստեղ են գտնվում «ՏԱՆԵԿՕ»-ն, «ՏԱԻՖ-ՆԿ»-ն և «Նիժնեկամսկնեֆտեխիմ» խոշոր նավթաքիմիական ձեռնարկությունը։
Միևնույն ժամանակ, «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով Kpler-ի վերլուծությունը, գրում է, որ օգոստոսին Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալը կարող է նվազել մինչև օրական 4 մլն բարել։
Եթե կանխատեսումն իրականանա, օգոստոսյան ցուցանիշը մոտ 5%-ով ցածր կլինի հուլիսի մակարդակից, երբ վերամշակումը կազմել էր մոտ 4,2 մլն բարել օրական։ Այն նաև մոտ 2,5%-ով ցածր կլինի հունիսյան ցուցանիշից՝ 4,1 մլն բարել օրական, որն արդեն վերջին տարիների նվազագույն մակարդակներից էր։
Այսպիսով, նավթավերամշակման մի շարք խոշոր օբյեկտների աշխատանքի խափանումները կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի վրա՝ մեծացնելով տարածաշրջանների միջև վառելիքի վերաբաշխման և այլ վայրերից մատակարարումների անհրաժեշտությունը։