Շվեյցարիայում ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալն աճել է մինչև 10,4 մլրդ դոլար

Շվեյցարիայում ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալը 2026 թվականի հունիսի դրությամբ աճել է մինչև 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկ ($10,4 մլրդ)՝ նախորդ տարվա 7,4 մլրդ ֆրանկի դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Շվեյցարիայի Էկոնոմիկայի հարցերով պետական քարտուղարության (SECO) պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիան Մայենֆիշը։

«2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Շվեյցարիայում սառեցված են 8,5 մլրդ շվեյցարական ֆրանկի ֆինանսական ակտիվներ», — հայտարարել է նա՝ պատասխանելով գործակալության հարցմանը։

Ֆինանսական միջոցներից բացի, պատժամիջոցային սահմանափակումների տակ շարունակում են մնալ 14 անշարժ գույքի օբյեկտներ, ինչպես նաև սպորտային և շքեղ ավտոմեքենաներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական գործիքներ, որոնք պատկանում են այն անձանց և կազմակերպություններին, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։

Շվեյցարիայում սառեցված են նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները։ Դրանց ծավալը 2026 թվականի հունիսի դրությամբ կազմել է 6,8 մլրդ շվեյցարական ֆրանկ ($8,3 մլրդ)՝ մեկ տարի առաջվա 7,2 մլրդ ֆրանկի դիմաց։

Մայենֆիշը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Շվեյցարիան կարող է մասնակցել Euroclear-ից ռուսաստանյան սառեցված ակտիվները ԵՄ նոր դեպոզիտարիա փոխանցելու նախաձեռնության քննարկմանը՝ դրանք հետագայում Ուկրաինայի շահերից բխող նպատակներով օգտագործելու համար։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Շվեյցարիան ուշադիր հետևում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների շուրջ միջազգային քննարկումներին։

SECO-ի ներկայացուցչի վկայությամբ, Բեռնի համար չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային մակարդակով համաձայնեցված մոտեցումները համապատասխանեն օրենքի գերակայության և միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաև ապահովեն ֆինանսական կայունությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *