Գլենդեյլում ձերբակալվել է հայերի խումբ՝ փոստի գողության և ուրիշների տվյալներով վարկային քարտեր ձևակերպելու կասկածանքով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում ոստիկանությունը բացահայտել է հայերից կազմված մի խմբի գործունեությունը, որը կասկածվում է փոստի գողության, անձնական տվյալների հափշտակության և խարդախության մեջ, հաղորդում են քաղաքի իշխանությունները։

Քաղաքի հինգ բնակիչ ձերբակալվել է Գլենդեյլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնի անցկացրած հետաքննության արդյունքներով։

Հետաքննությունը սկսվել է այն մասին հաղորդումներից հետո, որ անհայտ անձինք բացում էին Արևմտյան Կոլորադո-սթրիթի 500-րդ թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի փոստարկղերը և վերցնում այլ բնակիչներին պատկանող նամակագրությունը։

Հետաքննության ընթացքում հետախույզները պարզել են մի քանի կասկածյալի ինքնությունը և կապել նրանց այդ շենքի կոնկրետ բնակարանների հետ։ Ոստիկանության տվյալներով, նրանք օգտագործում էին այլ մարդկանց անձնական տվյալները՝ ապօրինի կերպով վարկային քարտեր ձևակերպելու համար, որոնք հետո առաքվում էին նույն բնակելի համալիրի բնակարաններ։

Քննությունը նաև պարզել է, որ կասկածյալները միջամտել են փոստարկղերի կառուցվածքին․ նրանք վնասում էին փականի անցքերը և դրանք փոխարինում, այսպես կոչված, «մույլաժներով», ինչը հնարավորություն էր տալիս չարտոնված մուտք ստանալ բնակիչների նամակագրությանը։

Օգոստոսի 13-ին հետախույզները մի շարք խուզարկություններ են իրականացրել բնակելի համալիրում։ Արդյունքում ձերբակալվել է հինգ կասկածյալ, որոնք բոլորը, ոստիկանության տվյալներով, Գլենդեյլի բնակիչներ են և ունեն հայկական անուններ՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյան, 27-ամյա Ռոբերտ Պողոսյան, 35-ամյա Վահան Քալաշյան, 26-ամյա Արմեն Հարությունյան և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյան։

Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է այլ մարդկանց պատկանող անձնական տվյալների զգալի քանակ, բանկային քարտերի վրա տվյալներ վերագրանցելու սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ խարդախ սխեմայի ամբողջական ծավալը պարզելու և այլ հնարավոր տուժածներին հայտնաբերելու համար, որոնց անձնական տվյալները կարող էին օգտագործվել կեղծ վարկային քարտեր ձևակերպելու կամ այլ հանցագործություններ կատարելու նպատակով։

Գործը կփոխանցվի Լոս Անջելես շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *