Սաակաշվիլի. Իշխող «Վրացական երազանքը» պատրաստվում է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը և Վրաստանի չեզոքությանը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն աշնանն իբր մի շարք քայլեր է նախապատրաստում, որոնք կարող են հանգեցնել երկրի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխության. հայտնում է Грузия Online-ը:

Ըստ նրա, խոսքը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագրերի ստորագրման, Աբխազական երկաթուղու բացման և Վրաստանի չեզոքության հռչակման մասին է:

Այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ում՝ հայտարարելով, որ համապատասխան տեղեկությունը ստացել է երկրի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից:

Երկրի նախկին նախագահի պնդմամբ, Մոսկվան «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիից ավելի կոնկրետ քայլեր է պահանջում, քանի որ, ինչպես կարծում է Սաակաշվիլին, միայն հայտարարությունները, ընդդիմադիրների ձերբակալությունները և Արևմուտքի քննադատությունը ռուսաստանյան կողմին այլևս բավարար չեն:

«Ըստ նոր տեղեկության, որը հենց նոր ստացել եմ և ցանկանում եմ ձեզ ներկայացնել, սեփական կապիտուլյացիոն քաղաքականությամբ փակուղի մտած Իվանիշվիլին առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում նախապատրաստվում է հետևյալ քայլերին՝ Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և հակաարևմտյան պակտի ստեղծում, Աբխազիայի ու Ցխինվալիի խամաճիկային իշխանությունների հետ ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրում և, համապատասխանաբար, դրանց ճանաչում որպես սուբյեկտներ, Աբխազական երկաթուղու բացում, Վրաստանի չեզոքության հռչակում: Այս ամենը նախատեսվում է իրականացնել մի քանի ամսվա ընթացքում»,- գրել է Սաակաշվիլին:

Ընդ որում, նախկին նախագահն իր պնդումների վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել և չի հստակեցրել տեղեկության աղբյուրները:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ գալիք աշունն, իր կարծիքով, Վրաստանի համար կդառնա «ճշմարտության պահ»։ Նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել միավորվել և հանդես գալ գործող իշխանությունների քաղաքականության դեմ:

«Այս աշունը վրացիների համար ճշմարտության պահ կդառնա. կա՛մ մենք բոլորս հենց հիմա կհամախմբվենք, կսկսենք գործել և կապացուցենք, որ արժանի ենք ազատության, կա՛մ կվերանանք որպես ազգ: Սա վճռորոշ պահ է նաև «երազանքի» համար. նրանք այս ամենը ծրագրում են ոչ միայն ռուսաստանցիների թելադրանքով, այլև այն պատճառով, որ հույս ունեն․ եթե վրացիները սա էլ կուլ տան, ապա Իվանիշվիլիի ժառանգական դիկտատուրային առաջիկա տասնամյակներում այլևս ոչինչ չի սպառնա»,- հայտարարել է նա:

Նախկին նախագահը միևնույն ժամանակ քննադատել է վրացական ընդդիմությանը՝ հայտարարելով, որ դրա գործողությունները հանգեցրել են հասարակության մի մասի հիասթափությանը: Ըստ նրա, շատ քաղաքացիներ կարծում են, որ Իվանիշվիլիին դիմակայելն անհնար է:

«Այսօր ելակետային տվյալները հետևյալն են. այո՛, վրացիների 80%-ը ատում է «երազանքին» և ռուսներին, բայց միևնույն ժամանակ մեծամասնությունը կարծում է, որ Իվանիշվիլիից ազատվելն անհնար է: Ընդդիմությունն իր խաղերով հասել է նրան, որ ժողովուրդն իրեն լիովին ծախված է համարում: Մարդիկ նաև կարծում են, որ Իվանիշվիլիին կարող եմ հաղթել ես, սակայն նաև մտածում են, որ Վրաստանի տարածք ինձ ոչ ոք ազատ թույլ չի տա մտնել»,- գրել է Սաակաշվիլին:

Նա կոչ է արել կողմնակիցներին չհրաժարվել պայքարից և օգտագործել առաջիկա ամիսները հնարավոր քաղաքական իրադարձություններին նախապատրաստվելու համար:

«Այդ ամենն այդպես է, բայց դա մեզ իրավունք չի տալիս կանգ առնել և հուսահատվել: Հիմա ոչ թե հուսահատության, այլ վճռորոշ աշնանը նախապատրաստվելու ժամանակն է»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *