Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մերձակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մերձակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 38-ի, հաղորդում է AFP-ն։

Եվս 13 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնել է Ինդոնեզիայի Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ղեկավար Սուհարյանտոն։

Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու նպատակով։ Ըստ Սուհարյանտոյի, մի քանի շենքերում մարդիկ դեռևս արգելափակված են մնում։ Գործողությանը մասնակցելու համար իշխանությունները նախապատրաստում են երկու ուղղաթիռ և ինքնաթիռ։

7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆլորեսի հյուսիսային ափերի մոտ։ Դրա հետևանքով վնասվել են տասնյակ տներ և այլ շենքեր։ Մոտ 2 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը։

Փրկարարական աշխատանքները բարդանում են սողանքների պատճառով, որոնք փակել են ճանապարհները։ Շրջանում շարունակվում են հետցնցումները, որոնցից ամենաուժեղը հասել է 6,1 մագնիտուդի։

Էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Նագեկեո շրջանի բնակիչները երկրաշարժից հետո նկատել են ծովի նահանջը և ցունամիի սպառնալիքի պատճառով շտապ սկսել են բարձրանալ բարձունքներ։ Ավելի ուշ ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է, սակայն իշխանությունները մարդկանց կոչ են արել չվերադառնալ վնասված շենքեր՝ նոր ցնցումների վտանգի պատճառով։

Հազարավոր մարդիկ շարունակում էին մնալ դրսում։ Բնակիչները տարհանվում էին ոտքով, մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով, ոմանք էլ հեռանում էին պիկապների թափքերում։

«Ես երբեք այսպիսի ուժգին երկրաշարժ չէի զգացել։ Թվում էր, թե մենք բատուտի վրա ենք՝ շատ սարսափելի էր», — AFP-ին պատմել է համալսարանի 37-ամյա դասախոս Յուլիան Ջուիտա Էկալիան։ Նրա վկայությամբ, ցնցումների ժամանակ տանը ընկնում էին հեռուստացույցը, սպասքը և այլ իրեր։

Եվրահանձնաժողովը Ինդոնեզիային առաջարկել է օգնություն՝ Copernicus արբանյակային դիտարկման համակարգի միջոցով՝ որոնողափրկարարական գործողությանն աջակցելու համար։

Ինդոնեզիան պարբերաբար բախվում է երկրաշարժերի՝ Խաղաղօվկիանոսյան «կրակե օղակում» գտնվելու պատճառով. սա բարձր սեյսմիկ ակտիվության գոտի է, որը ձգվում է Ճապոնիայից Հարավարևելյան Ասիայով և այնուհետև Խաղաղ օվկիանոսով։

1992 թվականին Ֆլորեսում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որը ցունամի է առաջացրել և խլել մոտ 2,5 հազար մարդու կյանք։ 2004 թվականին Սումատրայի ափերի մոտ 9,1 մագնիտուդով երկրաշարժը ավերիչ ցունամի է հրահրել, որի հետևանքով տարածաշրջանում զոհվել է մոտ 220 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 170 հազարը Ինդոնեզիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *