BBC հեռուստաալիքը փորձում է հասնել նրան, որ Թրամփի երեխաներն ու փեսան կանչվեն դատարան՝ 10 միլիարդ դոլարի հայցի շրջանակում

Բրիտանական BBC հեռուստաալիքը փորձում է հասնել նրան, որ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամները կանչվեն ցուցմունք տալու և փաստաթղթեր ներկայացնելու համար՝ ԱՄՆ նախագահի՝ բրիտանական հեռարձակող կորպորացիայի դեմ 10 միլիարդ դոլարի հայցով դատական վարույթի շրջանակում, հաղորդում է BBC News-ը։

Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ BBC-ի իրավաբանները մայիսին փորձել են ծանուցագրեր հանձնել Թրամփի ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, նրա դստերը՝ Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին։

Թրամփը հայց է ներկայացրել BBC-ի դեմ Panorama հաղորդման թողարկման պատճառով, որում մոնտաժվել էին նրա խոսքի երկու տարբեր հատվածներ, որոնք նա արտաբերել էր 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգություններից առաջ։ BBC-ն ավելի վաղ ներողություն էր խնդրել մոնտաժի համար, սակայն մերժել էր մեղադրանքները, թե տեղի ունեցածը հիմք է զրպարտության վերաբերյալ հայցի համար։

BBC-ի իրավաբանները պնդում են, որ նախագահի հարազատները կարող են ունենալ նրա մտադրությունների մասին «անձնական տեղեկություններ»՝ խոսքի պատրաստման և արտասանման ընթացքում, ուստի նրանց ցուցմունքներն ու փաստաթղթերը կարևոր են գործի համար։

Դատական միջնորդության մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփ կրտսերն ու Իվանկա Թրամփը ներկա են եղել հոր խոսքի պատրաստմանն ու դրանում փոփոխություններ կատարելուն, իսկ Քուշները նրա համար պատրաստել է հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր բռնության կիրառումը։ Այս տեղեկությունները նախկինում հիշատակվել էին ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի անցկացրած հետաքննության նյութերում։

BBC-ն խնդրում է դատարանին թույլատրել Թրամփի հարազատներին ծանուցագրերը հանձնել էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, քանի որ փաստաթղթերը անձամբ հանձնելու փորձերն անհաջող են եղել։

Մասնավորապես, BBC-ի իրավաբանական թիմի ներկայացուցիչը փորձել է ծանուցագրերը փոխանցել Իվանկա Թրամփին և Ջարեդ Քուշներին նրանց Ֆլորիդայում գտնվող տան մոտ, սակայն նրան չեն թողել անցնել ոստիկանական հսկիչ կետով։ Ավելի ուշ Գաղտնի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը չի կարող ընդունել փաստաթղթերը։

Դոնալդ Թրամփ կրտսերին ծանուցագիր հանձնելու փորձ է արվել Նյու Յորքի Trump Tower-ում։ BBC-ի ներկայացուցչին հայտնել են, որ աշխատակիցը, որը սովորաբար ընդունում է նման փաստաթղթեր, հնարավոր է՝ ճաշի էր գնացել։ Երկու օր անց կրկնակի փորձի ժամանակ նրան ասել են, որ այդ օրը իրավաբանական բաժինը չի աշխատում։

Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը Ֆլորիդայում հայց է ներկայացրել BBC-ի և նրա ստորաբաժանումների՝ BBC Studios Productions-ի ու BBC Studios Distribution-ի դեմ։ Նա մեղադրել է կորպորացիային իր 2021 թվականի հունվարի 6-ի խոսքի «կանխամտածված, չարամիտ և մոլորեցնող խմբագրման» մեջ։

BBC-ն ընդունել է մոնտաժի ժամանակ թույլ տրված սխալը՝ հայտարարելով, որ այն ստեղծել էր սխալ տպավորություն, թե իբր Թրամփն ուղղակիորեն կոչ էր անում բռնության։ Միաժամանակ կորպորացիան պնդում է, որ այդ դրվագը չի համապատասխանում զրպարտության իրավական չափանիշներին, իսկ ծրագիրն ինքնին չի տարածվել BBC-ի ամերիկյան հարթակներում։

Անցյալ ամիս Թրամփի փաստաբաններն ընդունել են ապացույցների բացակայությունը, որ Panorama-ի թողարկումը հասանելի է եղել ԱՄՆ-ում BritBox-ի, BBC.com-ի, BBC Select-ի կամ ամերիկյան հեռարձակողների միջոցով, ինչպես սկզբում պնդվում էր։

Թրամփը նաև համաձայնել է հայցից հանել BBC Studios-ի առևտրային ստորաբաժանումը այն բանից հետո, երբ կորպորացիան հայտարարել է, որ այն չի մասնակցել վիճահարույց թողարկման ստեղծման և արտադրության աշխատանքներին։

Դատարանը նախկինում թույլ էր տվել Թրամփին հետաձգել BBC-ին ֆինանսական փաստաթղթերի փոխանցումը։ Բրիտանական կորպորացիան դրանք պահանջել էր՝ կապված նախագահի այն պնդման հետ, որ թողարկումը վնասել է նրա գործարար համբավին և շահերին։ Թրամփի իրավաբանները հայտարարել են, որ այդ փաստաթղթերի բացահայտումը կարող է նրան պատճառել «անուղղելի վնաս»։

Եթե գործը հասնի դատավարության, դրա քննությունը նախատեսված է 2027 թվականի փետրվարին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *