ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը զգուշացրել է «Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրը ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Նա այս հայտարարությունն արել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Ալիևի, «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը չի հետաձգի այս հարցի լուծումը և նշել ՝ «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել, առաջին հերթին, հենց Հայաստանի համար»։ Ալիևը հերթական անգամ բարբաջել է, թե Մեծամորի ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»՝ վերահնչեցնելով Բաքվի և Անկարայի համապատասխան ցնդաբանական թեզերը։ «Եթե այս աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Հետևաբար, լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից», – հավելել է Ադրբեջանի նախագահը։

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին և այն հանգամանքին, որ հայ հանրությունը նման տեղեկությունները իմանում է ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ Ալիևի հայտարարություններից, ասում է. «Շատ վտանգավոր է, որ թվացյալ ժողովրդավարության և տեղեկատվական թափանցիկության պայմաններում մենք մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից։
Սա վտանգավոր է թե՛ քաղաքական առումով, թե՛ մեր հանրության դեմ մի քանի կետից, այդ թվում՝ Ադրբեջանից մղվող տեղեկատվական և հոգեբանական պայքարի տեսանկյունից։ Ալիևն առաջին անգամը չէ, որ հայտարարություն է անում Հայաստանի ատոմակայանի մասին, բայց երբեք ՀՀ-ի կողմից չի հնչում համապատասխան հայտարարություն, որ սա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի։

Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում, որքա՞ն բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու Նիկոլ Փաշինյանին նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում՝ հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե ՀՀ-ն էլ, ըստ իրենց, առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, ով պետք է լինի մեր եկեղեցու առաջնորդը, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Դրա հնարավորությունը Ադրբեջանի ղեկավարին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Իսկ առավել ուշագրավ դրվագն այն է, որ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։ Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք անում են Հայաստանի հետ․․․»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *