Իսպանացի սահմանապահներն ու արհմիությունները երկրի իշխանություններին դեռևս հուլիսի 29–30-ի ողբերգական իրադարձություններից մի քանի շաբաթ առաջ նախազգուշացրել էին Սեուտա միգրանտների հնարավոր զանգվածային հոսքի մասին, սակայն Մադրիդը բավարար միջոցներ չէր ձեռնարկել։ Այդ մասին Reuters-ին հայտնել են սահմանապահ ծառայությունների և արհմիությունների ներկայացուցիչները։
Նրանց վկայությամբ, իսպանական դատարանի որոշումից հետո, որը փոխել էր Սեուտա ժամանող միգրանտների անհապաղ վերադարձի կանոնները, ծովով իսպանական անկլավ հասնելու փորձ անող մարդկանց թիվը սկսել էր աճել։ Սահմանապահները նաև նշել էին սոցիալական ցանցերի ազդեցությունը, որտեղ տարածվում էին Սեուտա հաջողությամբ ներթափանցելու տեսանյութեր։
Հունիսի 29-ին հրապարակված դատական որոշման համաձայն, միգրանտներին կարելի էր անմիջապես հետ ուղարկել միայն այն դեպքում, եթե նրանք հատել էին ֆիզիկական արգելապատնեշը։ Սա նշանակում էր, որ կանոնը չէր վերաբերում այն մարդկանց, որոնք անկլավ էին հասնում լողալով։
AUGC Միավորված քաղաքացիական գվարդիայի ասոցիացիայի արհմիությունը հուլիսի 10-ին նախազգուշացրել էր իշխանություններին, որ դատական որոշումը ստեղծել է «իրավական սողանցք», որն անհրաժեշտ է փակել հստակ արձանագրություններով։ Արհմիությունը կոչ էր արել սահմանապահ ծառայությունների աշխատակիցներին տրամադրել կոնկրետ հրահանգներ՝ մինչև ծովում ֆիզիկական արգելապատնեշի տեղադրումը։
Ոստիկանության մեկ այլ արհմիություն՝ SUP-ը, երեք օր անց հայտարարել էր, որ հանցավոր խմբավորումները վերլուծում են օրենսդրական փոփոխությունները և հարմարեցնում տեղափոխման երթուղիներն ու մեթոդները, երբ միգրանտների վերադարձի ընթացակարգերը դառնում են ավելի բարդ։ Կազմակերպությունը պահանջել էր ավելացնել աշխատակիցների թվաքանակը և մշակել «համաձայնեցված և արդյունավետ» միգրացիոն քաղաքականություն։
Հուլիսի 23-ին Սեուտայի ոստիկանապետին ուղղված նամակում արհմիությունը նաև հայտնել էր «ծովով շարունակական ժամանումների» մասին, որոնք լրացուցիչ ծանրաբեռնում են աշխատակիցներին։ Կազմակերպությունը կոչ էր արել ստեղծել միգրանտների ընդունման ժամանակավոր կենտրոն։
«Մենք հասկանում էինք, որ դատարանի որոշումը բերելու է ժամանողների թվի աճի։ Դատարանի որոշումը, հանցավոր խմբավորումները և սոցիալական ցանցերը դարձել էին պայթյունավտանգ համադրություն», — Reuters-ին հայտարարել է Սեուտայում AUGC քաղաքացիական գվարդիայի արհմիության ներկայացուցիչ Ռաշիդ Սբիհին։
Միգրանտների զանգվածային հոսքը տեղի է ունեցել հուլիսի 29–30-ին։ Իսպանական իշխանությունների տվյալներով, զոհվել է 80 մարդ։ Եվս 14 մարմին հայտնաբերվել է Մարոկկոյի տարածքում, ինչի հետևանքով հաստատված զոհերի թիվը հասել է 94-ի։ Իրավապաշտպանները կարծում են, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ որոշ մարդիկ մինչև այժմ համարվում են անհետ կորած։
Իսպանիայի կառավարությունում մերժել են անգործության մեղադրանքները։ ՆԳՆ ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ իշխանությունները դատական որոշումից հետո ուսումնասիրել են արձագանքման տարբեր տարբերակներ, իսկ հուլիսի 30-ի զանգվածային ժամանումից հետո որոշել են տեղադրել լողացող արգելապատնեշ։ Ըստ ներկայացուցչի, այն ներդրվել է համապատասխան որոշման ընդունումից ընդամենը 48 ժամ անց։
Իսպանական իշխանություններն ավելի վաղ ողբերգական իրադարձությունները կապում էին դատական որոշման վերաբերյալ ապատեղեկատվության հետ, որը տարածում էին հանցավոր խմբավորումները։ Սակայն Reuters-ի ուսումնասիրած սահմանապահ արհմիությունների դիմումները վկայում են, որ պետական կառույցները հնարավոր կտրուկ աճի մասին նախազգուշացումներ ստացել էին դեռևս մինչև զանգվածային հոսքը։