
Երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանին` կառավարության նիստ լինի, դրան հաջորդած բրիֆինգ, թե որևէ այլ առիթ, ամեն անգամ հիշում եմ «Всё хорошо, прекрасная маркиза» Ուտյոսովի հայտնի երգը (ի դեպ, սա ֆրանսիական երգի թարգմանություն է):
Փաշինյանը ծառայի դերում է, մեր ժողովուրդը` մարքիզայի: Երգի մեջ, եթե հիշում եք, ծառան մարքիզային փորձում է ներկայացնել, որ ամեն ինչ հրաշալի է, հետո ի՞նչ որ ձին է սատկել, ձիանոցն ու տունն են հրդեհվել, ամուսինը սնանկացրել է իրեն ու ինքնասպան եղել, այդ փոքրիկ «տհաճ անակնկալներից» բացի` ամեն ինչ հրաշալի է:
Մեր «երգում» ժողովրդի «ծառան» ամեն օր մեզ ասում է` ոչինչ, որ հազարներով զոհեր ու վիրավորներ ենք տվել, Արցախն ենք հանձնել, թշնամու զորքը մեր տարածքում դիրքավորվել է, թշնամուն առանց մի կրակոցի ամբողջական շրջաններ ու միջպետական ճանապարհ ենք նվիրել, գյուղերի միջով պատ ենք շարել, վարելահողերը հանձնել, ականազերծել անվտանգության գոտին ու զիջել թշնամուն, իսկ հիմա արդեն ադրբեջանցի չափագրողներն անարգել մտնում են մեր երկիր ու սահման են գծում, էլեկտրական սյուների տեղորոշում անում, որ մեր ատոմակայանը փակեն ու ստիպեն իրենցից հոսանք գնել:
Ոչինչ, որ Ալիևը մեզ ստիպում է Սահմանադրություն փոխել, Անկախության հռչակագրից հրաժարվել ու պարբերաբար հայտարարում է, որ չկա Հայաստան, այլ կա «Արևմտյան Ադրբեջան»…
Всё хорошо, прекрасная маркиза, ոչինչ, որ քննարկվում է Տիգրանաշենը և Հայաստանից նոր կտորներ ագրեսորին հանձնելու հարցը, և մեր «խաղաղասեր» հարևանն ուզում է դեպի Վրաստան գնացող մեր միջպետական ճանապարհն էլ զավթել (իսկ սրանք ոչ թե դիմադրում են, այլ ահռելի գումարներ են հատկացրել ու շտապ -շտապ շրջանցող ճանապարհ են կառուցում):
Մյուս ոլորտներում էլ` всё хорошо, прекрасная маркиза, հետո ի՞նչ, որ Հայաստանից արդեն քանի ամիս է գյուղմթերք, ծաղիկ, ձուկ չի արտահանվում Ռուսաստան և լիքը մարդ կոցրել է եկամտի միակ աղբյուրը: Իսկ այլ շուկաներ հայկական ապրանքների համար բացելը դժվար գործ է և այս իշխանության խելքի բանը չի:
Հետո ի՞նչ, որ շուտով կարող է ԵԱՏՄ շուկան լրիվ փակվի մեզ համար, կամ թռիչքները` Ռուսաստանից Հայաստան չեղարկվեն, կամ` գազի գինը թանկանա, կամ` հայերին դեպորտ անեն:
Հետո ի՞նչ, որ Ծառուկյանի բիզնեսները խլելուց հետո ոչ մի ներդնող այլևս Հայաստան ոտք չի դնի: Իսկ եթե Ռուսաստանի հետ ավելի լարվեցին հարաբերությունները` զբոսաշրջիկների հոսքն էլ խիստ կնվազի:
Հետո ի՞նչ, որ բուհ դիմողների քանակը 8 տարում 2 անգամ կրճատվել է, ծնելիությունն ընկել է, երեխաների նկատմամբ սեռական և այլ բռնության դեպքերն ու թմրամոլությունն աճել է, բանակում խաղաղ պայմաններում ինքնասպանություններն են շատացել…
Էս բոլորը մանրուքներ են, прекрасная маркиза, ամեն ինչ հրաշալի է, քանի դեռ…ինքը նստած է այդ աթոռին, վայելում ու տնօրինում է բյուջեն, որը մեր բոլորիս հարկերից է ձևավորվում, քանի դեռ բացարձակ կամայականորեն մարդ է նշանակում ու ազատում, ճակատագրեր տնօրինում, արտոնություններ բաշխում…անգամ «արդարադատությունն» ինքն է իրականացնում…
Չէ որ ոչ ձեռքը բռնող կա, ոչ որևէ կառույցից պատժվելու վախ ունի (անգամ Աստծու դատաստանից), ոչ հասարակական վերաբերմունքից է զգուշանում, ոչ մարդկային տարրական ամոթ ու պարկեշտություն ունի, ոչ հայրենիքի համար ցավ ու ափսոսանք է զգում…