Նիկոլենց ձիով քայլը – Հրապարակ

Նոր սահմանադրության նախագծի տեքստը, ըստ պաշտոնյաների, պետք է հրապարակվեր այս տարվա մարտին: Այնուհետեւ ժամկետը երկարաձգվեց մինչեւ տարեվերջ, ինչը պայմանավորված էր հասարակության արձագանքի անորոշության առումով վախով, քանի որ դժվար էր ընկալելը, թե ինչպիսի բնույթ կկրի այն: Նախագիծը կհրապարակվի այն ժամանակ, երբ Նիկոլը վստահ լինի, որ ԱԺ-ում «մարդագողությունը» հաջողություն է ունենալու, որովհետեւ հրապարակումից հետո անորոշ երկար ժամանակ հարցը բաց պահելը բացասաբար է ազդելու դրսում իր հեղինակության վրա, ինչը, բնականաբար, իրեն ձեռք չի տալիս: Հետաձգումն էլ վկայում է այն մասին, որ իրավապահները դեռեւս չեն կարողացել գտնել «մարդագողության» համար հարմար մի քանի հոգու:

Մի փոքր շեղվեմ թեմայից: Չգիտեի, որ «սրիկայաբար» բառը խորհրդարանում բարեվարքության այն ծայրահեղ խախտումն էր, որը կարող է հանգեցնել Էդգար Ղազարյանի կողմից մանդատ վայր դնելու հարց քննարկելուն: Փաստորեն, այսօր մենք ապրում ենք գերբարեկրթության ժամանակաշրջանում, բայց դրա առումով մինչեւ այս պահը տեղյակ չենք եղել: Բայց ինձ զարմացնում է ոչ թե Նիկոլենց, այլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի արձագանքը: Հարց է ծագում, թե 9-րդ գումարման ԱԺ-ն իսկապե՞ս միտք ունի վերածվելու բարեվարքության բաստիոնի: Ու, որքան էլ զարմանալի հնչի, դրան հավատո՞ւմ է արդյոք Նարեկ Կարապետյանը, որը, ինչպես երեւաց, որոշել է համապատասխան վերաբերմունք ցույց տալ «սրիկայաբար» բառի արտասանմանը: Այլապես ինքը կպատասխաներ, որ ոչ մի խնդիր չի տեսնում դրանում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նույն Ռուբինյանի եւ այլ ՔՊ-ականների օգտագործած բառամթերքը:

Իսկ հիմա ասեմ այն, հանուն ինչի կատարվեց այս շեղումը սահմանադրության նախագծի թեմայից: Հեռու լինելով դավադրապաշտությունից՝ չեմ կարող չենթադրել, որ այդ հարցում առկա է մի քանի քայլանի կոմբինացիա: Բնականաբար, մշակված Նիկոլենց կամ հենց անձամբ Նիկոլի կողմից: Որովհետեւ ողջ քարոզարշավը քաղաքական կոռեկտությունից կիլոմետրերով հեռու անցկացրած Նիկոլը միանգամից չէր կարող վերափոխվեր 180 աստիճանով, հատկապես որ չկարողացավ հասնել իր գերնպատակին՝ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունենալուն: Ուրեմն չէր կարող լինել նաեւ որեւէ հիմք, որպեսզի փողոցային բառապաշարը վերափոխվեր քաղաքակրթականի: Ասվածը նշանակում է, որ որոշում է ընդունվել ինչ-ինչ նպատակով ԱԺ-ում ձեւավորել կեղծ բարեվարքության մթնոլորտ: Մնում է հարցը, թե ինչ նպատակով:

Ահա, այստեղ էլ օգնության է գալու թեմայից մի փոքր շեղվելը: Այդ կեղծ մթնոլորտը պետք է լիներ այն պատրանքային իրականությունը, որը պետք է պարուրեր Նարեկ Կարապետյանին: Այս մի քանի ամիսը բավարար էր, որպեսզի գիտակցեի, թե ինչպիսի բարեկիրթ ու փափուկ բնավորության տեր անձ է նա: Չխաբվենք թեկնածուների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ նրա, այսպես կոչված, տղամարդկային ելույթին: Վստահ եմ, որ մի քանի րոպե այդպես խոսելու համար նա պարապել է բավական երկար ժամանակ: Ես դա բացասական առումով չեմ ասում, ընդամենը արձանագրում եմ այդ անձի խառնվածքը: Եվ այդպիսի ղեկավարի պարագայում Նիկոլենց կողմից պետք է օգտագործվեր Էդգար Ղազարյանի բարձրաձայնած «սրիկայաբար» բառը, ինչը հանգեցնելու է եթե ոչ մանդատի կորստի, ապա առնվազն խմբակցության ներսում տհաճ խոսակցության, ինչն արդեն ճեղք է դառնալու ընդհանրապես ընդդիմության մեջ եւ ինչը վաղ թե ուշ կարող է մեծանալ, ավելի ճիշտ՝ Նիկոլն ամեն ինչ անելու է, որպեսզի այն մեծանա: Իսկ դրանից հետո մի քանի հոգի խմբակցությունից դուրս հանելը կլինի արդեն տեխնիկայի հարց, ինչին հիանալի տիրապետում է Նիկոլը՝ ձեռքում ունենալով անհրաժեշտ բոլոր լծակները:

Կարող է հարց առաջանալ հոդվածի վերնագրի առումով, թե Նիկոլը որտեղից իմանար, որ Էդգար Ղազարյանի առումով կարող էր ծագել նման խնդիր: Նիկոլը, իհարկե, չէր իմանում՝ ինքը ո՛չ Նոստրադամուս (1503-1566) էր, ո՛չ Էդգար Քեյսի (1877-1945) եւ ո՛չ էլ Վանգա (1911-1996) եւ ո՛չ էլ մեկ այլ պայծառատես: Նա պրակտիկ քաղաքական գործիչ է ու, ըստ այդմ, Էդգարին մղեց իրենից դուրս գալուն: Մղեց 2024-ին հայ սակրավորի վերաբերյալ՝ համատեքստից դուրս հանած նրա արտահայտության շուրջ պատմություն սարքելով: Եվ կարթը գործեց, եւ ոչ միայն Էդգարի, այլեւ դրանից առաջ Նարեկ Կարապետյանի առումով, որն Էդգար Ղազարյանի վրա հարձակման ընթացքում ոչ թե պաշտպանեց իր ղեկավարած խմբակցության անդամին, այլ խոստացավ քննարկել հարցը: Այնինչ, ընդամենը պետք է պատասխաներ, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ու կպատասխանի ճշտելուց հետո:

ՀԳ. Անկեղծ ասած, ես էլ էի մոռացել, թե ինչի մասին է խոսքը, քանի որ իշխանության կողմից Էդգար Ղազարյանին մեղսագրվող խոսքի բովանդակությունը բացարձակ հարիր չէ նրա էությանը: Դիմեցի ԱԲ-ին, ու պարզվեց իշխանական մեղադրանքի մանիպուլյացիոն մեխանիզմը: Մի խոսքով, Էդգարին «փչացնելու» (ներողություն եմ խնդրում նրանից այդ բառն օգտագործելու համար) ձիով քայլը կատարեց իր դերը: Թե ինչով կավարտվի այդ պատմությունը՝ դժվարանում եմ պատկերացնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *