NYT․ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան փորձում են թույլ չտալ, որ Թրամփն ու Պուտինը Ուկրաինայի հարցով գործարք կնքեն առանց Եվրոպայի մասնակցության

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան փորձում են Ուկրաինայի հարցով բանակցությունների միասնական եվրոպական ձևաչափ ձևավորել՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Եվրոպային դուրս թողնել Ռուսաստանի հետ ապագա պայմանավորվածություններից, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով, Փարիզն ու Բեռլինն արդեն գլխավորել են միասնական եվրոպական դիրքորոշման մշակման աշխատանքը։ Լոնդոնը քննարկումներին մասնակցում է ավելի զգուշավոր, քանի որ մտավախություն ունի Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարդացման վերաբերյալ։

Եվրոպական երկրները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կայանան, դրանցում, ամենայն հավանականությամբ, առանցքային դեր կխաղա ԱՄՆ-ն։ Միաժամանակ եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ համաձայնությունն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց մեծ նշանակություն ունեն Եվրոպայի անվտանգության համար, որպեսզի դրանք ամբողջությամբ հանձնվեն միայն Վաշինգտոնին։

Եվրոպական երկրների գլխավոր խնդիրը բանակցություններին մասնակցություն ապահովելն է և թույլ չտալը, որ ռուս-ամերիկյան գործարք կնքվի առանց Եվրոպայի շահերը հաշվի առնելու։ Միաժամանակ Բրյուսելում ընդգծում են, որ տարբեր դիվանագիտական նախաձեռնությունները չպետք է մրցեն միմյանց հետ։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք հայտնի են որպես E3, իրենց դիտարկում են որպես Ուկրաինայի աջակցությանը միտված եվրոպական բանակցային խմբի կորիզ։ Այս երեք երկրները նաև «ցանկացողների կոալիցիայի» հիմնական մասնակիցներն են, որը զբաղվում է Կիևի համար ապագա ռազմական և պաշտպանական երաշխիքների տարբերակների մշակմամբ։

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյաները անհրաժեշտ են համարում քննարկմանը ներգրավել Լեհաստանին, Իտալիային և Հյուսիսային Եվրոպայի երկրներին, իսկ Եվրամիությունը պետք է տեղեկացված լինի և հետագայում անմիջականորեն ներգրավվի գործընթացում։ Որոշ պետություններ, առաջին հերթին Բալթյան երկրներն ու Հունգարիան, լիովին չեն վստահում Ֆրանսիային և Գերմանիային համաեվրոպական շահերը ներկայացնելու հարցում։

Եվրոպական երկրները նաև մտահոգված են Մոսկվայի՝ լուրջ բանակցությունների պատրաստակամության նշանների բացակայությամբ։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել առնվազն Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու վրա։

Եվրոպացի առաջնորդների՝ Մոսկվայի հետ ինքնուրույն կապեր հաստատելու փորձերը առայժմ տեսանելի արդյունքներ չեն տվել։ Հունիսին Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որը համակարգում է ուկրաինական ուղղությունը։ Զուգահեռաբար Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փորձում էր ռուսաստանյան ներկայացուցիչների հետ բացել առանձին դիվանագիտական ալիք։

Սակայն ռուսաստանյան կողմը քննադատաբար է արձագանքել այս նախաձեռնություններին։ Գալուզինը հայտարարել է, որ երեք եվրոպական երկրները «մղում են Ուկրաինային՝ շարունակելու պատերազմը Ռուսաստանի դեմ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, հայտարարել է, որ «երբ բանակցությունները սկսվեն, եվրոպացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան գործում են Ուկրաինայի ուղղակի խնդրանքով։ Ըստ նրա, երեք երկրների համագործակցությունը տրամաբանական է, քանի որ դրանք խոշոր եվրոպական պետություններ են և զգալի ներդրում ունեն Կիևի ռազմական աջակցության գործում։

«Մենք կորոշենք, թե ով կներկայացնի Եվրամիությունը, երբ սկսվեն բանակցությունները», — ասել է Մերցը։

Եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Մոսկվայի հետ հաղորդակցության սեփական ուղիղ ալիքի բացակայությունը կարող է թուլացնել Եվրոպայի դիրքերը։ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդը նման ալիքների բացակայությունը 2022 թվականին հակամարտության սկսվելուց հետո անվանել է «գրեթե հանցավոր պարտականությունների չկատարում»։

Միաժամանակ գերմանացի անվտանգության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոթգենը կարծում է, որ Մոսկվան առայժմ շահագրգռված է Արևմուտքը պառակտելու մեջ և ձգտում է Եվրոպայի հետ փոխգործակցել Վաշինգտոնի միջոցով։

Եվրոպացի դիվանագետները նաև չեն ցանկանում, որ կրկնվի ամերիկյան 28 կետից բաղկացած կարգավորման ծրագրի հետ կապված իրավիճակը, որը Վաշինգտոնն ու Մոսկվան 2025 թվականին քննարկում էին առանց եվրոպական երկրների լիարժեք մասնակցության։ Գերմանացի նախկին դիվանագետ Հանս-Դիտեր Լուկասը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է կրկին հայտնվի «իրադարձությունների հետևում»։

«Եվրոպացիներն ունեն հաղթաթղթեր, բայց մենք պետք է դրանք խելամտորեն խաղարկենք», — ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *