Լիբանանի նախագահը երկրի հարավի վրա իսրայելական հարվածները բանակցությունների վերաբերյալ «հստակ ազդանշան» է անվանել

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրի հարավի վրա իսրայելական հարվածները «հստակ ազդանշան» են Բեյրութի և Թել Ավիվի միջև բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների հաջորդ փուլի նախօրեին, որը պետք է անցկացվի սեպտեմբերի սկզբին Հռոմում։

Աունը դատապարտել է Լիբանանի հարավի վրա շարունակվող իսրայելական հարձակումները և դրանք անվանել ձեռք բերված շրջանակային համաձայնության ու միջազգային իրավունքի խախտում, որը նախատեսում է խաղաղ բնակչության պաշտպանություն։ Ըստ նախագահի, հարվածների ամենածանր հետևանքներից մեկը Անսար գյուղում մի ամբողջ ընտանիքի զոհվելն է եղել։

«Շարունակվող խախտումները (…) բանակցային գործընթացի վերաբերյալ հստակ ազդանշան են», — ասվում է Լիբանանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Լիբանանի իշխանությունների տվյալներով, շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Նրանցից յոթը, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել են Անսարից ոչ հեռու գտնվող տան վրա հասցված հարվածի հետևանքով, ևս երկու մարդ սպանվել է Դեյր-էզ-Զահրանիում։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» ենթակառուցվածքային օբյեկտներին Ալի-Թահերի և Անսարի շրջաններում՝ ի պատասխան իսրայելցի զինծառայողների դեմ գործողությունների։

Լիբանանի և Իսրայելի միջև արդեն տեղի է ունեցել բանակցությունների յոթ փուլ։ Վերջինը կայացել է օգոստոսի սկզբին Հռոմում։ Կողմերը քննարկել են հրադադարը, տների քանդումը, սահմանային հարցերը, գերիների վերադարձը և իսրայելական զորքերի փուլային դուրսբերման համար փորձնական գոտիների ստեղծումը։

Աունը հայտնել է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել սահմանի և գերիների հարցերում, սակայն հրադադարի և փորձնական գոտիների վերաբերյալ հիմնական տարաձայնությունները պահպանվում են։

Հունիսի վերջին ԱՄՆ միջնորդությամբ կնքված շրջանակային համաձայնությունը նախատեսում է իսրայելական ուժերի փուլային դուրսբերում Լիբանանի տարածքից՝ դրա դիմաց հարավում լիբանանյան բանակի տեղակայմամբ և զինված խմբավորումների, առաջին հերթին «Հեզբոլլահի», զինաթափմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *