Մարմարը, որը տեսել է առաջին Օլիմպիադաները․ Աթենքում առաջին անգամ 130 տարվա ընթացքում մաքրում են լեգենդար Պանաթենայական ստադիոնը

Աթենքի հանրահայտ մարմարե Պանաթենայական ստադիոնը, որը հյուրընկալել է ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին մասնակիցներին, ավելի քան մեկ դար անց առաջին անգամ ենթարկվում է լայնածավալ համակարգված մաքրման, հաղորդում է Associated Press-ը։

Ստադիոնը, որը Հունաստանում հայտնի է «Կալիմարմարո»՝ «գեղեցիկ մարմար» անունով, ամբողջությամբ կառուցված է սպիտակ մարմարից, որը կիրառվել է նաև աթենական Ակրոպոլիսի շինարարության ժամանակ։ Այդ պատճառով մասնագետները աշխատանքներն իրականացնում են առանձնահատուկ զգուշությամբ՝ փորձելով չվնասել մակերեսը։

Աշխատողները ստադիոնի 47 զառիթափ շարքերը մաքրում են նուրբ ցողիչների օգնությամբ, որոնք խիստ վերահսկվող ցածր ճնշմամբ մաքուր ջուր են մատակարարում։ Հոսող ջուրն անմիջապես հավաքվում է հատուկ սարքավորումներով։

Ինչպես նշել է ավագ վերականգնող Դիմիտրիս Սելեմիսը, մասնագետների խնդիրը ամբողջ ստադիոնը կատարյալ սպիտակ դարձնելը չէ, այլ կուտակված կեղտի և օրգանական նստվածքների առաջին շերտերի հեռացումը, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ տեսնել հուշարձանի իրական վիճակը։

Առանձին խնդիր է մաստակը, որը ժամանակի ընթացքում սևացել է և մարմարի վրա նկատելի բծեր թողել։ Այն հեռացնելու համար օգտագործում են գոլորշի։ Աղտոտման այլ աղբյուրների թվում մասնագետները նշում են բարձրակրունկ կոշիկների հետքերը և թափված զովացուցիչ ըմպելիքները։

Ստադիոնը վերականգնվել է 1896 թվականի առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի համար և այսօր մնում է օլիմպիական շարժման գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Հենց այստեղից է ճանապարհվում օլիմպիական կրակը, այդ թվում՝ 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Խաղերից առաջ։

Այս վայրի պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Օլիմպիադաները։ Այստեղ՝ բնական իջվածքում, անցկացվել են Հին Հունաստանի մարզական մրցումներ, իսկ ավելի ուշ՝ հռոմեական դարաշրջանի հանդիսություններ։ Դարավոր անտեսումից հետո ստադիոնը վերածնվել է XIX դարում։

Ժամանակակից արենայի գոյության ընթացքում այստեղ անցկացվել են ոչ միայն մարզական միջոցառումներ, այլև ռոք աստղերի համերգներ, բռնցքամարտի մենամարտեր, նորաձևության ցուցադրություններ և պետական արարողություններ։

Մաքրումից բացի, Պանաթենայական ստադիոնը ստանում է նաև նոր վազքուղի, արդիականացված լուսավորություն և թարմացված ենթակառուցվածք։ Աշխատանքները կշարունակվեն մինչև 2026 թվականի վերջը, սակայն այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ստադիոնի կոր հատվածի վրա, որը պետք է կարգի բերվի մինչև սեպտեմբերի 10-ին նախատեսված օլիմպիական կրակի փոխանցման հաջորդ արարողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *