Էկվադորյան ձկնորսական նավերի երկու անձնակազմ պնդում են, որ մարտին իրենց նավակները Գալապագոսյան կղզիների շրջանում ենթարկվել են պայթուցիկներով փոքր դրոնների հարձակումների, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հարձակումներից հետո, ըստ ձկնորսների, իրենց ձերբակալել են համազգեստի վրա ամերիկյան դրոշներ ունեցող զինված մարդիկ և հանձնել Սալվադորի առափնյա պահպանությանը։ Թե ով է կանգնած հարձակումների հետևում, մինչև այժմ չի պարզվել։
«Մենք լսեցինք պայթյուն։ Այնքան ուժեղ հարված էր, որ ականջներս զնգացին։ Անմիջապես զգացի, թե ինչպես է արյունը հոսում վրայովս», — CNN-ին պատմել է նավերից մեկի նավապետ Էռնան Ֆլորեսը։
Ձկնորսների վկայությամբ, երկու միջադեպերն էլ զարգացել են գրեթե նույն սցենարով։ Հարձակումից մի քանի օր առաջ անձնակազմերը ծովում նկատել էին անհայտ կապույտ նավ և դրոններ, որոնք պահվում էին հեռավորության վրա և, ենթադրաբար, հետևում էին իրենց։ Մարտի 17-ին հարձակման է ենթարկվել La Negra Francisca Duarte II կատերը, իսկ մարտի 26-ին՝ Don Maca-ն։
Ձկնորսներն անօդաչու սարքերը նկարագրում են որպես համեմատաբար փոքր սարքեր՝ մոտավորապես բարձի չափ, չորս ռոտորով և կենտրոնում խողովակով։ Ենթադրաբար, դրա միջոցով է նետվել պայթուցիկը։ La Negra Francisca-ի անձնակազմի վկայությամբ, դրոններից մեկը բախվել է նավին և պայթել վառելիքի բաքերի հատվածում։ Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, իսկ ձկնորսներից մեկը ստացել է ոտքի ծանր վնասվածք։
Երկրորդ հարձակման ժամանակ պայթյունը ձկնորս Խայմե Ռուբեն Սերվանտես Մասիասին շպրտել է վառելիքի բաքի վրա։ «Մարդիկ գոռում էին․ «Դրոն, դրոն, դրոն»։ Ես արագ վեր կացա, որ նայեմ, ու տեսա, որ դրոնը հարձակվում է մեզ վրա՝ ռումբ նետելով», — պատմել է նա։
Անձնակազմի մեկ այլ անդամ հայտնել է պայթյունների հետևանքով լսողության վնասման մասին, ևս մեկը ստացել է աչքի վնասվածք և գրեթե ամբողջությամբ կորցրել տեսողությունը։
Ձկնորսները նաև պատմել են, որ հարձակումներից հետո երկնքում նկատել են մեկ այլ թռչող սարք, որն, ըստ նրանց, հետևում էր տեղի ունեցողին։ Անձնակազմի անդամներից մեկն այն նկարագրել է որպես երկար թևերով փոքր ինքնաթիռ։ Թռիչքների տվյալներն իսկապես մատնանշում են, որ այդ շրջանում եղել է մի ինքնաթիռ, որը գրանցված է մի ընկերության անունով, որի հասցեն կապված է ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող UPS խանութի հաճախակի օգտագործվող փոստարկղի հետ։ Այս տեղեկություններն ավելի վաղ հրապարակել էր The New York Times թերթը, իսկ CNN-ը հաստատել է դրանք։
Այն բանից հետո, երբ նավերը լուրջ վնասներ են ստացել, անձնակազմերը տեղափոխվել են փոքր օժանդակ նավակներ և ուղևորվել մոտակայքում գտնվող կապույտ նավի կողմը՝ հույս ունենալով օգնություն ստանալ։ Սակայն, ըստ ձկնորսների, նավի վրա գտնվող զինված տղամարդիկ սկզբում նրանց վրա հրացաններ են ուղղել, ապա թույլ տվել բարձրանալ նավ։
Ձկնորսները պնդում են, որ դրանից հետո իրենց կապել են և գլխներին պարկեր են հագցրել։ Նրանց նկարագրությամբ, տղամարդիկ բարձրահասակ էին, սպիտակամորթ, խոսում էին անգլերեն, կրում էին շագանակագույն քողարկիչ համազգեստ, իսկ նրանցից ոմանց թևքերին ամերիկյան դրոշի շևրոններ կային։ Նավի վրա, որն անձնակազմերից մեկի փաստաբանն անվանել է «նավ-ուրվական», կային կոնտեյներներ, կռունկ և փոքր մոտորանավակ։
Յուրաքանչյուր միջադեպից մի քանի ժամ անց ձկնորսներին հանձնել են Սալվադորի առափնյա պահպանության անձնակազմին։ Տուժածների վկայությամբ, զինված մարդիկ սալվադորցի զինվորականներին ասել են, որ իրենց առաջ կանգնածները նավաբեկությունից տուժածներ են։ Հետագայում ձկնորսներին տեղափոխել են Սալվադոր, որտեղ նրանց տեղավորել են միգրացիոն կենտրոններում և հիվանդանոցներում, իսկ մի քանի օր անց վերադարձրել Էկվադոր։
Այս շաբաթ ամերիկյան The Washington Post թերթը հայտնել էր, որ հարձակումները կարող էին լինել ԿՀՎ-ի գաղտնի գործողության մաս։ Միևնույն ժամանակ, պարբերականը չի ներկայացրել ապացույցներ, որոնք թույլ կտային վստահորեն հաստատել այս վարկածը։ CNN-ը նույնպես չի կարողացել հաստատել ամերիկյան հետախուզության առնչությունը։ ԿՀՎ-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել։
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը նախկինում ընդունել էր հարվածներ հասցնելու փաստը այն նավերին, որոնք ԱՄՆ իշխանությունները կապում են թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, սակայն La Negra Francisca Duarte II-ը և Don Maca-ն պաշտոնապես ճանաչված հարձակումների թվում նշված չեն։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքում է իր առնչությունը այս երկու նավերի վրա հարձակումներին։
Իրենք՝ ձկնորսները, կտրականապես հերքում են թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապը։ Նրանք նշել են, որ Էկվադորում իրենք պատասխանատվության չեն ենթարկվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Ֆլորեսը նաև հայտարարել է, որ հարձակումից քիչ առաջ էկվադորյան պարեկային նավը ստուգել էր La Negra Francisca-ն և նավի վրա որևէ անօրինական բան չէր հայտնաբերել։
Անհայտ է մնում նաև էկվադորյան ևս մեկ ձկնորսական նավի՝ Fiorella-ի ճակատագիրը, որը հունվարի 20-ին անհետացել է անձնակազմի ութ անդամների հետ միասին։ Էկվադորի մարդու իրավունքների հանձնաժողովի փաստաբանի կարծիքով, այդ նավը նույնպես կարող էր ենթարկված լինել հարձակման։ Երկու ձկնորս, որոնք այն լքել էին ձուկ որոնելու նպատակով, ավելի ուշ վերադարձել են նավի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն որևէ հետք չեն հայտնաբերել։
Էկվադորի իշխանությունները դեռևս չեն բացահայտել տեղի ունեցածի մանրամասները։ Մինչ այդ տուժած ձկնորսները խոսում են լուրջ ֆիզիկական, հոգեբանական և ֆինանսական հետևանքների մասին։ Ոմանք վախենում են վերադառնալ ծով։
«Հոգեբանորեն մենք տրավմայի մեջ ենք», — ասել է ձկնորսներից մեկը։