Մենք կցանկանայինք, որ Հորմուզի նեղուցով անցումը լինի ազատ և առանց որևէ վճարի․ Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար և գործնական կլինի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա համաշխարհային նավագնացության և առևտրի վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի հուշագրով գործող 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է այսօր՝ օգոստոսի 17-ին։ Պակիստանի կառավարության աղբյուրներն օգոստոսի 12-ին հայտարարել են, որ Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդներին տեղեկացրել են հրադադարի ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնության մասին։ Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական տվյալների, գրել է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրադադարի հասնելու ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Թերթը գրում է, որ Թեհրանի կողմից հակահարված տալու պատրաստակամությունը վկայում է «խոր անվստահության մասին, որը, հավանաբար, կխանգարի երկու կողմերին հասնել կայուն համաձայնության՝ հակամարտությունն արագորեն ավարտելու համար»: