Dialectica.am-ը գրում է. «Շաբաթվա սկզբին տևական քննարկումներից հետո հրապարակվեց Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը, որը հասարակական և քաղաքական ամենատարբեր շրջանակների կողմից ստացել է ալիևյան որակումը: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են՝ չեն ապահովելու պակասող ձայները և թույլ չեն տալու, որ հանրաքվեն կայանա։
Կառավարող ուժը, սակայն, չի հանձնվում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ, Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, պնդել է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ է քվեարկելու հանրաքվեի անցկացմանը։
Փաշինյանի հարցազրույցի անոնսի հրապարակումից հետո խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ ու ներկայացուցիչներ ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ նշելով, որ մերժում են սահմանադրական փոփոխությունների՝ իրենց բնորոշմամբ «ալիևյան» կամ «արտաքին պարտադրանքով» օրակարգը և կողմ չեն քվեարկելու այն հանրաքվեի դնելու հարցին։
Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Դավիթ Ղազինյանը, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, պնդել է, որ «Ալիևյան սահմանադրությունը» հանրաքվեի դնելու հարցը մերժվելու է։ Ղազինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սա «արժեհամակարգի և բարոյականության հարց է»․
Խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը ևս նշել է, որ ոչ մի դեպքում կողմ չի քվեարկելու նախագծին։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն էլ վստահեցրել է, որ հավատարիմ է մնալու այն սկզբունքներին ու արժեքներին, որոնցով առաջնորդվում է «Ուժեղ Հայաստան»-ը։ «Հստակ հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին»,- շեշտել է պատգամավորը՝ վստահեցնելով, որ իրենց ուժի սկզբունքները սակարկման ենթակա չեն։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ավչյանը և Հասմիկ Ենգոյանը նույնպես հրապարակավ ընդգծել են, որ որպես Ազգային ժողովի պատգամավորներ որևէ պարագայում կողմ չեն քվեարկելու նախագիծը հանրաքվեի դնելու հարցին, ապա հավելել՝ մերժելու են այն։ Ընդդիմադիր երկու պատգամավորներն էլ վստահություն են հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ այլ պատգամավոր ևս կողմ չի քվեարկելու այս նախագծին։ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներ Իրինա Յոլյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Արեգա Հովսեփյանը, Վրույր Այվազյանը, Շիրազ Մանուկյանը, Վաղինակ Վարդանովը ևս հայտնել են, որ դեմ են քվեարկելու այս նախագծին՝ այն որակելով ալիևյան։
Խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանն իր գրառման մեջ դիմել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և նրա առաջնորդած ուժի օգտին քվեարկած 345 հազար քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ իրեն հասած մանդատը ծառայելու է իր բնորոշմամբ «Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից» Հայաստանն ազատելու նպատակին։
Թեմային անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ իր հրապարակման մեջ ընդգծելով, որ «արտաքին պարտադրանքով «սահմանադրական» օրակարգն անընդունելի է»։ Վարդևանյանը շաբաթվա ընթացքում քանիցս անդրադարձել է թեմային՝ ընդգծելով, որ արտաքին պարտադրանքով Սահմանադրության ընդունումն անընդունելի է, իսկ «5-րդ ալիքին» կիրակնօրյա հաղորդման ընթացքում հստակ վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն իրենից ու իր գործընկերներից 6 ձայն չի ստանալու։
Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ամենամեծ ուժը չի պատրաստվում աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացին։