Ի՞նչ գաղտնի բան ունեիք քննարկելու, որ լրագրողներին չթողեցիք ներս մտնել

Անցած շաբաթ մենք հաղորդագրություն էինք ստացել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, որ «նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկում են օգոստոսյան խորհրդակցությունները»: Եւ լրատվամիջոցներին հրավիրում էին առաջին հանդիպմանը՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 11:30-ին, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետում (հասցե՝ Ալեք Մանուկյան 13): Խորհրդակցությունը վարելու էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Մենք երկար տարիներ լուսաբանել ենք, ներկա ենք գտնվել հանրակրթության ոլորտի օգոստոսյան խորհրդակցություններին, իսկ այս տարվա խորհրդակցությունն առավել հետաքրքիր էր նրանով, որ այս սեպտեմբերի 1-ին մեծ թվով դպրոցներ են փակվում՝ օպտիմալացման անվան տակ, ինչպես նաեւ դպրոցները մարզպետարանների ենթակայությունից անցնում են նախարարության ենթակայության տակ, որոշ դպրոցական դասագրքեր դեռ տպագրված չեն, մեծ թվով դպրոցներում տնօրեններ չկան, ուստի որոշել էինք լուսաբանել այս խորհրդակցությունը եւ առիթից օգտվելով մի քանի հարց ուղղել փոխնախարարին ու տնօրեններին։

Սակայն, պարզվեց, ԿԳՄՍՆ-ն «սխալմամբ» է տարածել այդ հաղորդագրությունը, սա խորհրդակցությունների առաջին մասն է, լուսաբանում թույլատրելու են միայն վերջում եւ խորհրդակցության վայր ժամանած լրագրողներին եւ օպերատորներին ուղղակի ներս չթողեցին մտնել։ Նախարարության խոսնակը ներողություն խնդրեց հաղորդագրություն տարածելու համար։

Սակայն հարցը սխալ հաղորդագրությունը չէ, այլ այն, թե ինչ գաղտնի թեմաներ ունեն քննարկելու այս ոլորտում, որ լրագրողների եւ հանրության ներկայությունն արգելված է։ Ինչո՞ւ մենք չենք կարող պարզապես ներկա գտնվել, լսել եւ հանրությանը ներկայացնել, թե կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն ինչ կրթական քաղաքականություն են պատրաստվում վարել 2026 թվականին, ի՞նչ խնդիրներ կա հանրակրթության ոլորտում եւ այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *