Կարծում եմ՝ թքած ունենալու մասին չպետք է երբևէ խոսի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ․ Արամ Վարդևանյան

Ես կարծում եմ՝ թքած ունենալու մասին չպետք է երբևէ խոսի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ․ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Մենք այս վերջին 8 տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերն ենք տեսել, մենք հազարավոր զոհեր ենք տեսել։ Ի դեպ, երբ նշված բառակապակցությունն օգտագործում եք, դուք գիտակցում եք, չէ՞, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն, օրինակ, մեր զոհված հերոսների դիակները, մասունքները սառնարանում գետնին գցված․․․ Եկեք այդ բառակապակցությունն այս նիստերի դահլիճից հեռու պահեք»,- ասաց նա։

Իսկ եթե իշխանական պատգամավորները խոսում են Սամվել Կարապետյանի մասին, ապա․ «Իմ կարծիքով՝ Սամվել Կարապետյանի կենսագրությունը նրա մասին է, թե ոնց կարող է մարդը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարն օգտագործել ի բարօրություն Հայաստանի»։

Այսօր ավելի վաղ ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանն իր ելույթը վերնագրել էր «Թքած ունենալու նուրբ արվեստը» և հիշատակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին․ «Նա ժամանակին հայտարարել էր․ «Ես թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ՝ նկատի ունենալով իշխանություններին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *