Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «էականորեն կրճատել» Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական զորավարժությունները՝ որպես պատճառ նշելով դրանց բարձր արժեքը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերությունները»։ Truth Social-ում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ զորավարժությունները ոչ միայն մեծ ծախսեր են պահանջում ԱՄՆ-ից, այլև, իր գնահատմամբ, «անտեղի և թշնամական ազդանշան» են ուղարկում։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ վերջերս Հարավային Կորեայի նախագահին առաջարկել է միանալ Վաշինգտոնի` Իրանի դեմ գործողություններին, սակայն Սեուլը հրաժարվել է առաջարկից։

«Ես վերջերս հարցրի Հարավային Կորեայի նախագահին, թե արդյոք նրանք կցանկանայի՞ն միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործընթացում։ Նրանք պատասխանեցին. «Ո՛չ, շնորհակալություն»»,- գրել է Թրամփը։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա համատեղ զորավարժությունների մեկնարկից առաջ։ Թրամփի խոսքով՝ դրանք ամբողջությամբ չեղարկելու համար արդեն «շատ ուշ է», սակայն հետագայում զորավարժությունների ծավալը կարող է զգալիորեն կրճատվել։

Սեուլում հայտարարել են, որ ուսումնասիրում են ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները։ Հարավային Կորեայի նախագահական վարչակազմը միաժամանակ հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել բովանդակային բանակցությունների վերսկսմանը։ Հյուսիսային Կորեան Թրամփի հայտարարությանը դեռ չի արձագանքել։

Ավելի վաղ՝ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ նախատեսված զորավարժությունները կանցկացվեն ըստ ժամանակացույցի։ Դրանց մեկնարկին նախորդել էին Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների նոր փորձարկումները։

Թրամփը նաև հրապարակել է 2019 թվականին Կիմ Չեն Ընի հետ արված լուսանկարը՝ նշելով, որ իրենք լավ ընկերներ են։

Ռազմական փորձագետները զգուշացնում են, որ զորավարժությունների ծավալի կրճատումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերի պատրաստվածության ու համակարգման վրա։

Հարավային Կորեայում ներկայում տեղակայված է շուրջ 28,500 ամերիկացի զինծառայող։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *