Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրի համար հնարավոր «ապագայի անձնագիր» է անվանել Ամազոնի ափերի մոտ նավթի հայտնաբերումը՝ ընդգծելով, որ Բրազիլիան մտադիր չէ հրաժարվել իր բնական պաշարների շահագործումից, հայտնում է BBC News-ը։
Հայտնագործությունն արել է պետական Petrobras նավթային ընկերությունը՝ Ամազոնի ափերից մոտ 175 կմ հեռավորության վրա՝ ծովում։ Հանքավայրի ճշգրիտ պաշարները դեռ հայտնի չեն, ինչպես նաև դրա առևտրային շահութաբերությունը։ Նավթը հայտնաբերվել է մոտ 2,9 կմ խորության վրա։
Լուլան հայտարարել է, որ հանքավայրի շահագործումը կապված է ազգային ինքնիշխանության հարցի հետ և մերժել է այլ երկրների կողմից հնարավոր ճնշումը։
«Սա նշանակում է ազգային ինքնիշխանություն։ Ցանկացած երկիր, որն ունի այսպիսի որակի նավթ, թույլ չի տա որևէ մեկին միջամտել իր գործերին», — ասել է Բրազիլիայի նախագահը։
Միաժամանակ Լուլան ընդգծել է, որ նավթի նոր պաշարների հայտնաբերումը չի նշանակում, թե Բրազիլիան հրաժարվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարից։ Նրա խոսքով՝ հանածո վառելիքի արդյունահանությունից ստացվող եկամուտները կարող են օգտագործվել երկրի՝ վերականգնվող աղբյուրների վրա հիմնված էներգետիկային անցումը ֆինանսավորելու համար։
«Ես չեմ հրաժարվում հանածո վառելիքները մեր առօրյայից հեռացնելու պայքարից»,— հայտարարել է Լուլան՝ հավելելով, որ Բրազիլիան կշարունակի զարգացնել կենսավառելիքը և վերականգնվող էներգետիկան։
Petrobras-ը Բրազիլիայի էկվատորիալ ծայրամասի շրջանում հետախուզական հորատումը սկսել է 2025 թվականի հոկտեմբերին։ Ընկերության ղեկավար Մագդա Շամբրիարը հայտարարել է, որ հայտնաբերումը հաստատել է այս տարածաշրջանի նավթային ներուժի հետ կապված Petrobras-ի սպասումների արդարացվածությունը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է շարունակել Բրազիլիայի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու նպատակով իրականացվող աշխատանքը։
Հետախուզական հորատման թույլտվությունը շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունների կտրուկ քննադատությանն է արժանացել։ Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր վթարը և նավթի արտահոսքը վնաս կհասցնեն տարածաշրջանի կենսաբազմազանությամբ ամենահարուստ շրջաններից մեկին։ Բնապահպանների կարծիքով՝ աղտոտումը կարող է սպառնալ ոչ միայն մոտակայքում գտնվող խութերին, այլև ափամերձ ճահճոտ տարածքներին (ուր նավթը կարող են տեղափոխել ծովային հոսանքները)։
Լուլայի որոշումն առանձնակի քննադատության է արժանացել նաև COP30 կլիմայական համաժողովից քիչ առաջ, որը Բրազիլիան ընդունել էր անցյալ տարի։ Սակայն նախագահը հայտարարել է, որ որոշում կայացնելիս առաջնորդվել է առաջին հերթին երկրի շահերով։
Նավթային հատվածի սպասվող զարգացումն արդեն ազդում է մոտակա բնակավայրերի վրա։ Ամապա նահանգի Օյապոկի քաղաքում իշխանությունները նշում են մարդկանց հոսք, որոնք իրենց հույսը դնում են նոր աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ի հայտ գալու վրա։
Այս հայտնագործությունը հատկապես նշանակալի է դարձել Լուլայի համար՝ հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններից առաջ։ Նախագահը ստիպված է համադրել տնտեսական աճի հույս ունեցող տեղացիների սպասելիքներն ու նավթի հնարավոր արդյունահանման հետևանքների վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները։