ՋԿ ղեկավար կազմը Տավուշում ուսումնասիրել է ջրային ենթակառուցվածքների վիճակը և առկա խնդիրները


Հայաստան


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այցով գտնվել են Տավուշի մարզում։

Այցի մեկնարկին Ջրային կոմիտեի ղեկավար կազմն այցելել է Տավուշի մարզպետարան, որտեղ նրանց ընդունել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, այդ թվում՝ ոլորտին և մարզին վերաբերող՝ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականները։

Այնուհետև ՋԿ ղեկավար կազմը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ միասին մասնակցել է սահմանապահ Ազատամուտ գյուղում շուրջօրյա խմելու ջուր մատակարարող պոմպակայանի բացման արարողությանը։ Տավուշի մարզի շուրջ 3,450 բնակիչ ունեցող Ազատամուտ գյուղում վերջին տասնամյակներում խմելու ջրի մատակարարումն իրականացվել է օրական ընդամենը 3-4 ժամ։ Խնդրի լուծման նպատակով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, ինչից հետո կատարվել են հորատման և շուրջ վեց ամիս տևած շինարարական աշխատանքներ։

Աշխատանքների արդյունքում տեղադրվել է նոր պոմպ և կառուցվել շուրջ 600 գծամետր նոր ջրագիծ, ինչի շնորհիվ բնակավայրի բնակիչների համար ապահովվել է խմելու ջրի շուրջօրյա և հուսալի մատակարարում։

Մարզային այցի շրջանակում Ջրային կոմիտեի ղեկավար կազմը «Տավուշ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) տնօրեն Ռոման Ահարոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի ջրային ենթակառուցվածքների և ջրամբարների տարածքներում։ Ղալամքարյանը և Դաղբաշյանն այցելել են Հախումի, Տավուշի և Այգեձորի ջրամբարներ, տեղում ուսումնասիրել դրանց ջրային պաշարների վիճակը, լցվածության մակարդակը, տեխնիկական վիճակն ու առկա խնդիրները, ինչպես նաև քննարկել նորոգման և վերականգնման ենթակա հատվածների աշխատանքների կազմակերպման հարցերը։ 

Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ ջրամբարների անվտանգությունը գտնվում է կառույցի և ողջ կառավարության ուշադրության կենտրոնում, և որ առաջիկա ժամանակահատվածում կմեկնարկի Այգեձորի ջրամբարի անվտանգային խնդիրների հասցեագրմանն ուղղված ծրագիր։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *