Զբոսաշրջիկները գիշերում են լեռներում՝ վիրուսային փքաբլիթների համար․ սոցցանցերը Դոլոմիտները վերածում են նոր մագնիսի

Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։

Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։

Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։

Շուտով դեպի լեռնային ապաստարան տանող նեղ արահետը լցվել է մարդկանցով։ Հսկայական հերթերի լուսանկարները լայնորեն տարածվել են համացանցում և, զբոսաշրջիկներին վանելու փոխարեն, էլ ավելի շատ մարդկանց են գրավել, ովքեր ցանկացել են կրկնել սոցցանցերում տեսածը։

«Մենք եկել ենք միմիայն սրա համար», — իտալական Rai News հեռուստաալիքին պատմել է այցելուներից մեկը։ Մեկ այլ զբոսաշրջիկ խոստովանել է, որ krapfen-ների մասին իմացել է Instagram-ի հրապարակումից, որն ուղեկցվում էր «դրախտային երաժշտությամբ»։

Լեռնային ապաստարանի աշխատակիցը, ով ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ այստեղ այդ փքաբլիթները թխում են արդեն շուրջ 30 տարի, սակայն նախկինում նման իրարանցում երբեք չէր եղել։ Նրա խոսքով՝ ներկայիս քաոսը ստեղծել են բլոգերները։ «Մեզ դա դուր չի գալիս», — նշել է նա։

Իտալիայի լեռնային համայնքները միավորող կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ խնդիրը շատ ավելի լայն է, քան մեկ թխվածքի ժողովրդականությունը։ Նրանց համոզմամբ՝ սոցիալական ցանցերի ալգորիթմները զբոսաշրջիկների հսկայական հոսքեր են ուղղում դեպի առանձին տեսարժան վայրեր՝ առաջացնում տեղային «գերզբոսաշրջություն» և վնաս հասցնում լեռնային էկոհամակարգին։

«Լեռները խաղահրապարակ չեն», — հայտարարել է Իտալիայի լեռնային համայնքների ազգային միության նախագահ Մարկո Բուսոնեն։

Իտալական ալպիական ակումբի Վենետոյի մասնաճյուղի ղեկավար Ֆրանչեսկո Աբրուսկատոն նշել է, որ միայն լուսանկարների ու թրենդային հրապարակումների վրա հիմնված տուրիզմը փոխում է լեռներ այցելելու բուն մշակույթը։ Նրա խոսքով՝ ընդամենը հինգ-վեց տարի առաջ Դոլոմիտներում որոշակի վայրերում և կոնկրետ ժամերի մարդկանց նման կուտակումներ չեն եղել։

Այժմ որոշ հայտնի վայրեր այնքան են գերբեռնված սելֆի անող զբոսաշրջիկներով, որ այցելուներն այլևս չեն կարողանում լիարժեք վայելել բնությունը, կարծում է Աբրուսկատոն։

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև իտալական Ռոկարազո լեռնային քաղաքում 2025 թվականի հունվարին։ Այն ժամանակ TikTok-ի բլոգերներից մեկի հրապարակումներից հետո մեկօրյա հանգստի մեկնող զբոսաշրջիկների հսկայական հոսք էր առաջացել տեղի լեռնադահուկային առողջարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *